Լրահոս
Օրվա լրահոսը

Հետազոտվողների

Հուլիս 08,2005 00:00

Հետազոտվողների մեջ հղիներ չկայի՞ն Վերջերս Գյումրիի պոլիկլինիկաներում բուժհետազոտման ենթարկվեցին 15 տարեկան 1500 աղջիկներ: Գյումրիում տարածված խոսակցությունների համաձայն, նման նախաձեռնության պատճառը եղել է աշակերտներից մեկի հղիության փաստը: Իսկ թե որ դպրոցում է արձանագրվել դեպքը, գյումրեցիները չեն կոնկրետացնում՝ մատնանշելով միաժամանակ մի քանիսին: Իմիջիայլոց, արդեն երեք ամիս է՝ այդ «առ ու աբուռ կորցրած» աղջնակի մասին պատմությունը հանգիստ չի տալիս գյումրեցիներին: Նրանց հատկապես կասկածելի էր թվում համատարած բուժստուգումը. վաղուց դպրոցահասակների շրջանում նման նախաձեռնություն չէր եղել: Ասեկոսեներն ինչքանո՞վ են համապատասխանում իրականությանը. փորձեցինք ճշտել մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանից: Պաշտոնյայի ասելով՝ սա Գյումրիին հատուկ «բանահյուսական, մայթային խոսակցություններ են», որոնք միշտ էլ ավելի շուտ են տարածվում, ավելի շատ են արժեւորվում, քան պետական-պաշտոնական հաղորդագրությունները: Ռուբեն Խաչատրյանի պարզաբանմամբ՝ իրենց ստուգումները առողջապահության նախարարի թիվ 1343 հրամանի արդյունք են. հետազոտություններից պարզվել է, որ գյումրեցի 15 տարեկանների շրջանում ամենատարածվածը ստոմատոլոգիական հիվանդություններն են՝ բերանի խոռոչի, ատամի կարծր հյուսվածքների հիվանդությունները կազմել են մոտ 80 տոկոս: Ըստ մասնագետ պաշտոնյայի, տարածված այն կարծիքը, թե Շիրակի մարզի ջուրը ամենալավն է՝ չի համապատասխանում իրականությանը. «Ատամների առումով ամենավատն է, քանի որ ջուրը նորմալ չի ֆտորացվում»: Պրն Խաչատրյանի համար անսպասելի է եղել 15 տարեկանների մոտ գինեկոլոգիական հիվանդությունների ի հայտ գալը: Հետազոտված աղջիկներից 30 տոկոսի մոտ հայտնաբերվել են գինեկոլոգիական հիվանդություններ: Պարզվել է, որ Շիրակի մարզը մանկական գինեկոլոգի մեծ կարիք ունի: Ռուբեն Խաչատրյանի ասելով, սա պայմանավորված է ժողովրդի «ցածր մենթալիտետով», մինչեւ ամուսնանալը գինեկոլոգի դիմելուց խուսափելով: Հետազոտվածներից 20 տոկոսի մոտ նկատվել է աչքի պաթոլոգիա, որը, ըստ պաշտոնյայի, Շիրակի մարզի համար բնական է. «Սրանք այն երեխաներն են, որոնք դպրոց են հաճախել ոչ ճիշտ հիգիենիկ պայմաններում կառուցված դասասենյակներում, տնակային պայմաններում»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել