Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ

Հուլիս 08,2005 00:00

«ԵՍ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆ ԵՄ» Հայտարարում է դաշնակահար, դիրիժոր, երաժշտության փիլիսոփայության դոկտոր Էռնեստ Հոյցլը: Առաջին անգամ Հայաստան ժամանած արվեստագետը այսօր կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Վերջին տարիներին մշակույթի ոլորտում մեզ մոտ եւ արտերկրում տարածում են գտել «երաժշտության դեսպան», «երգի դեսպան» արտահայտությունները: Ավելին, «Առավոտին» տված հարցազրույցում Ճապոնիայի նախկին վարչապետ Իիի ծոռնուհին՝ ջութակահարուհի Հիդեկո Ուդագավան էլ հայտարարեց, որ ինքը ցանկություն ունի դառնալու մշակույթի համաշխարհային դեսպան կամ մշակույթի միջազգային նախարար: Երբ զրույցի սկզբում վերն ասվածը ներկայացրինք Էռնեստ Հոյցլին, վերջինս ցույց տվեց փաստաթուղթ, որում ամրագրված էր իր՝ ավստրիական երաժշտության դեսպանը լինելու հանգամանքը: «Երաժշտությունը քաղաքականություն է, այն էլ հզոր քաղաքականություն: Ես ինձ մասամբ համարում եմ նաեւ քաղաքական գործիչ: Կարծում եմ՝ դրա իրավունքը լիովին ունեմ: Տարիներ շարունակ աշխարհի բեմերում տարբեր նվագախմբերի հետ ներկայացրել եմ միայն ավստրիացի կոմպոզիտորների երկեր: Եթե յուրաքանչյուր պետության «երաժշտության դեսպանը» նման առաքելություն ստանձնի, դրանից կշահի նախ տվյալ երկիրը, ապա հնարավորություն կընձեռվի համերգային հյուրախաղերի միջոցով աշխարհի ժողովուրդներին ծանոթանալ միմյանց արվեստին: Օրինակ, Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ ես ընտրել եմ երեք դարաշրջանների ավստրիացի մեծանուն կոմպոզիտոներ Մոցարտի, Բրամսի, Դյունզերի ստեղծագործությունները: Սակայն չեմ բացառում շփումը այլազգի կոմպոզիտորների եւ կատարողների հետ: Հենց սա էլ դեսպանի աշխատանքն է»,- ասաց Է. Հոյցլը: Մանրամասնելով երաժշտության դեսպանի աշխատանքն ընդհանրապես, նա ասաց. «Ինչպես այս կամ այն ապրանքը, նորարարությունը եւ այլն, չի կարող առանց պետական փաստաթղթի արտահանվել, այնպես էլ ազգին պատկանող երաժշտությունը միանշանակ պետք է հսկվի պետության կողմից: Այո, կոմպոզիտորի ստեղծագործությունը տվյալ պետության «ապրանքն» է եւ այն պետք է ունենա իր գինը: Իսկ այսօր աշխարհում կոմպոզիտորի կամ երաժիշտ կատարողի «գները» անհամեմատելի տարբեր են: Այստեղ է, որ կարեւորվում է երաժշտության դեսպանի աշխատանքը: Նա պետք է բանակցություններ վարի ու պետական մակարդակով լուծում տա դրան»: Մեր հետաքրքրությանը՝ ձեր ասածից հետեւում է, որ եթե Հայաստանում սիմֆոնիկ նվագախումբը հայ դիրիժորի ղեկավարությամբ կատարում է, օրինակ՝ Մոցարտի, Բրամսի երկերից, պետք է թույլտվությո՞ւն վերցնի Ավստրիայից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ: Այդ դեպքում դեսպանը կտեղեկանա, թե Հայաստանի որ նվագախումբն է կատարում եւ ինչ մակարդակով: Չեմ կարծում, որ երկրորդ, երրորդ կարգի նվագախմբերը պետք է իրենց թույլ տան կատարել մեծանուն կոմպոզիտորների բարձրարժեք ստեղծագործություններ: Սա արդեն, բառի իսկական իմաստով, դիվանագիտական շփումներ է պահանջում»: Հարցին, թե մեր Ֆիլհարմոնիկի կողմից ավստրիական դասական երաժշտության մեկնաբանությունը բավարարո՞ւմ է խստապահանջ դիրիժորին, Է. Հոյցլը պատասխանեց. «Թեպետ առաջին անգամ եմ Հայաստանում, բայց գիտեմ, որ եկել եմ երաժշտարվեստի ավանդույթներով հարուստ երկիր: Ծանոթ եմ ձեր Ֆիլհարմոնիկին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել