Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՈՉ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 12,2005 00:00

«Արդարություն»
դաշինքը այդպես էլ երեկ չկողմնորոշվեց Երեկ տեղի ունեցավ «Արդարություն» դաշինքի
հերթական նիստը, որն այդպես էլ մեկ վերջնական որոշում չկայացրեց, քանի որ դաշինքում
սահմանադրական փոփոխությունների հետ կապված բավականին խառնաշփոթ իրավիճակ է առաջացել:
Դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նիստից հետո պատասխանելով մեր հարցին՝ ասաց. «Դաշինքը
հավասարապես կարեւորում է թե օրինական իշխանության հաստատումը մեր երկրում, թե՝ համակարգային
բարեփոխումների իրականացումը»: Իսկ «Հանրապետության» համար այս պահին կարծես առավել
կարեւոր է դառնում միայն օրինական իշխանության հաստատումը: «Հանրապետություն» կուսակցության
քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը հայտարարեց, որ «Հանրապետություն» կուսակցության
դիրքորոշումը հստակ է՝ «Մենք չենք մասնակցելու սահմանադրական փոփոխությունների քննարկումներին,
իսկ դաշինքի նիստում մեկ անգամ եւս ապացուցվեց, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, քանի
որ բոլորը համակարծիք էին, որ նույնիսկ այս պարագայում, Վենետիկի հետ աշխատանքի ընթացքում
կոալիցիան դարձյալ Վենետիկ է ուղարկել մի փաստաթուղթ, որը ամենեւին չի համապատասխանում
դաշինքի ներկայացրած պահանջներին: Ես գտնում եմ, որ այս իշխանությունների հետ բացարձակապես
անիմաստ է նման կարգի փաստաթուղթ քննարկել, որովհետեւ ցանկացած օրենք այս իշխանությունները
ի վիճակի են եւ հոգեբանորեն պատրաստ են թուղթ դարձնել: Նրանք փորձում են եվրոպական
կառույցներին ցուցադրել քաղաքական համաձայնության դաշտ, մինչդեռ հասարակությունը
բոլորովին օտարված է այս գործընթացից, եւ եթե փորձեն էլ անցկացնել հանրաքվեն, համոզված
եմ, հնարավոր չի լինի 830 հազար ձայն հավաքել, եւ Սահմանադրությունը խորթ կլինի հասարակությանը»:
Սմբատ Այվազյանն ասաց, որ այս շաբաթվա ընթացքում «Հանրապետություն» կուսակցությունը
պատրաստվում է հանդես գալ առանձին հայտարարությամբ, որում հստակ կնշվի, որ այս իշխանություններն
անօրինական են, իսկ այդպիսի իշխանություններն իրավունք չունեն բարեփոխել երկրի մայր
օրենքը: Սմբատ Այվազյանը եւս հայտարարեց, որ բոյկոտի պահանջները մինչ այսօր չեն կատարվել
եւ անիմաստ է բոյկոտը դադարեցնելու մասին խոսելը. «Դաշինքում այդ հարցը նույնիսկ
չքննարկվեց, որովհետեւ մեր որեւէ պայման՝ կապված բոյկոտի հետ, չի կատարվել»: «Հանրապետություն»
կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Գեղամ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ,
իհարկե, որոշ հարցերի հետ կապված դաշինքում կա մոտեցումների տարբերություն եւ. «Այս
ընթացքում յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է իր որոշումները ներկայացնել հանրությանը»:
Ըստ Գեղամ Հարությունյանի, երկրում սահմանադրական կարգի վերականգնումը առաջին հերթին
պետք է տեղի ունենա ընտրությունների միջոցով. «Մենք հետեւյալ բանաձեւի կողմնակիցն
ենք՝ սկզբից ընտրություններ, համապատասխան նպաստավոր մթնոլորտի ձեւավորում, իրոք
ազատ, արդար ընտրություններ, օրինական իշխանություններ, եւ դրանից հետո՝ բարեփոխումներ:
Այսօր քաղաքական առումով, հրապարակի վրա մեկ հարց գոյություն ունի, որ ժողովրդավարացումն
անխուսափելի է, ոչ մեկը չի վիճում, բայց իշխանությունը փորձում է ասել, որ ինքն էլ
ունի ռեսուրս եւ խոսում է բարեփոխումների մասին: Մենք ասում ենք, որ իշխանությունը
չունի այդպիսի ռեսուրս եւ խոսում ենք հեղափոխության մասին: Այսինքն՝ մենք համաձայն
չենք իշխանության հետ ձեռք ձեռքի տված գնալ սահմանադրական փոփոխությունների եւ դա
ներկայացնել որպես բարեփոխումների ընթացք: Դա կնշանակի, որ այսօրվա ընդդիմությունը
վերածվում է կառուցողական ընդդիմության, մենք այդ դաշտում անելիք չունենք: Այս ընդդիմության
ոչ ծագումը, ոչ նրա քաղաքական տրամաբանությունը թույլ չեն տա, որ այն մտնի կառուցողական
ընդդիմության դաշտ: Դա ընկալելի եւ հասկանալի չի լինի նաեւ հասարակությանը»: Գեղամ
Հարությունյանի փոխանցմամբ, դաշինքի երեկվա նիստում «Հանրապետության» տրամաբանությանը
դաշինքի կուսակցությունները հիմնականում համաձայն են եղել. «Սա է պատճառը, որ մենք
տեսնում ենք եւս մեկ նիստի անհրաժեշտությունը»: Պարոն Հարությունյանը գտնում է, որ
վաղուց ժամանակն է այս իշխանությունների հետ հարաբերություններում դնել վերջակետ.
«Մենք այդ վերջակետը վաղուց ենք դրել, մնում է, որ մյուսներն էլ դա անեն»: ՀԺԿ քարտուղար
Գրիգոր Հարությունյանը ասաց, որ իրենք դաշինքի նիստում չեն էլ քննարկել բոյկոտը դադարեցնելու
հարցը, քանի որ իրենց կողմից առաջ քաշված այն պահանջները, որոնք բոյկոտի հիմք դարձան,
մինչ այժմ չեն կատարվել: Դաշինքի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել