Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան շուկայից՝ սլավոնական շուկա

Հուլիս 13,2005 00:00

Բելառուսում
հուլիսի 15-21-ը կանցկացվի «Սլավոնական շուկան Վիտեբսկում» 14–րդ արվեստի միջազգային
փառատոնը: Այս տարի Հայաստանը կներկայացնի երիտասարդ երգչուհի, Երեւանի պետկոնսերվատորիայի
երկրորդ կուրսի ուսանողուհի, «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության 2004-ի հայտնություն»
Անի Քրիստին: Կային ժամանակներ, երբ երիտասարդ արվեստագետներին ՀՀ մշակույթի
նախարարությունն ու կոմպոզիտորների միությունն էին ներկայացնում այս կամ այն միջազգային
մրցույթին: Նոր ժամանակներում հայ երաժիշտներն իրենք են իրենց «ծառը ջրում»: Ինտերնետից
տեղեկանում են միջազգային որեւէ մրցույթի պայմաններին, նախօրոք ուղարկում իրենց ձայնագրությունները
կամ տեսահոլովակները, հրավեր ստանալու դեպքում՝ սեփական միջոցներով մեկնում: Անկախության
տարիներին դեռ չի գրանցված միջազգային դասական երաժշտության մրցույթում Հայաստանը
ներկայացնող որեւէ երաժիշտ, որին հովանավորի, աջակցի, ներկայացնի հայաստանյան այս
կամ այն պրոդյուսերական կենտրոնը կամ անհատ պրոդյուսերները: Այլ է պատկերը «թեթեւ»
կոչվող էստրադային ժանրում: Օրինակ, «Կանտուս» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Զառա
Պետրոսյանի շնորհիվ Վիտեբսկի միջազգային փառատոնին էստրադային հայ կատարողները մասնակցում
են դեռեւս 2000 թվականից: Հիշեցնենք, որ այդ փառատոնում երգչուհի Վարդուհի Վարդանյանը
2000-ին արժանացավ 2-րդ մրցանակի, Լիանան 2002-ին ստացավ հատուկ մրցանակ: Այն, որ
միջազգային մրցույթներում անարդարություններ են լինում, քանիցս «Առավոտին» հայտնել
են իրենք՝ հայ մասնակիցները: Ըստ երեւույթին, Վիտեբսկի մրցույթն էլ բացառություն
չէ: Ասվածի վկայությունն է 2003-ին վիտեբսկյան մրցույթի մասնակից Միստր X-ի պրոդյուսեր
Եղիշե Պետրոսյանի խոսքը. «Երգչին չթողեցին մասնակցել ֆինալին, սակայն մեզ համար անսպասելի,
մրցանակների հանձնման արարողության ժամանակ նրան շնորհվեց դիպլոմ՝ բարձրակարգ կատարման
համար: Ի դեպ, այդ նույն դիպլոմը հանձնվում էր միայն հաղթողներին: Ըստ մեզ հասած
լուրերի, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն վրդովված էր, որ այսքան գումար է ծախսվում
մրցույթի կազմակերպման ու անցկացման համար, բայց ոչ մի տարի իր երկիրը հաղթող չի
ունեցել: Այդ տարի էլ բելառուս երկու երգիչներից մեկը ստացավ Գրան պրի, մյուսը՝ առաջին
մրցանակ»: Ըստ մեր տեղեկությունների, այս տարի թեեւ Անի Քրիստիին Վիտեբսկում
ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը: Ըստ Հանրային հեռուստառադիոխորհրդի
նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Անդրեասյանի. «Մենք հոգացել ենք միայն ճանապարհածախսը,
իսկ մնացած ծախսերը իր վրա է վերցրել բելառուսական կողմը: Ունենք մրցութային օրերի
ու գալա համերգի ուղիղ հեռարձակման պայմանագիր»: Որպես երգչուհի՝ Անիի մասին
հետաքրքրվեցինք կոմպոզիտոր, Երեւանի պետկոնսերվատորիայի ջազ-էստրադային ամբիոնի վարիչ,
պրոֆեսոր Երվանդ Երզնկյանից: Նրա հավաստմամբ, Անիին 13 տարեկանում ինքն է «հայտնաբերել»
մանկական մի մրցույթի ժամանակ. «Բնականաբար, նա այնպիսին չէր, ինչպիսին այսօր է:
Հենց այդ տարիքից Անիին վերցրի իմ նվագախումբ ու սկսեցի իմ մեթոդներով պարապել նրա
հետ: Այսօր էլ նա ուսանում է ճանաչված երգչուհի Ռաիսա Մկրտչյանի դասարանում: Հավատում
եմ, որ Ավստրիայի, Ամերիկայի, Բուլղարիայի, Ռուսաստանի, Իսրայելի եւ այլ երկրների
ներկայացուցիչներից մեր աղջիկը պետք է որ առանձնանա՝ լավ իմաստով»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել