Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՑՔՈՎ

Հուլիս 13,2005 00:00

ԳՆԱՑՔՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԸ ՁԵՌՆՏՈՒ Է, ԲԱՅՑ՝ ԱՆՏԱՆԵԼԻ Գյուղացիները ստիպված են թեկուզ ճխլելով՝ բերքը հասցնել Գյումրի Այն, որ այս տարի բավականին առատ բերք էր ստացվելու, գյուղատնտեսության նախարարության մասնագետները հայտարարում էին դեռ ձմռանից: Տրամաբանական էր, որ գյուղացիները պետք է ունենային բերքի մթերման կամ իրացման խնդիր: Այս առիթով մեր մտահոգությանն ի պատասխան, օրերս նախարարության գյուղատնտեսության զարգացման վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը հավաստիացրեց, որ «մի շարք ձեռնարկատերերի հետ պայմանավորվածություններ կան, այս տարի գյուղացին այդ խնդիրները հաստատ չի ունենա, արտերկրում մեր քաղցրահամ մրգերի՝ դեղձի ու ծիրանի պահանջարկը մեծ է»: Իրականում այդ «ձեռնտու պայմանավորվածություններից» օգտվում են միայն մեծ հողամասեր ունեցողները, ովքեր տոննաներով բերքը միանգամից հանձնում են որեւէ գործարանատիրոջ: Մինչդեռ փոքր այգետերերի համար իրացման խնդիրն առ այսօր մնում է արդիական: Բանն այն է, որ մեծ քանակությամբ բերքի դեպքում դեռեւս հնարավոր է «տեղավորվել» մթերող ձեռնարկությունների առաջարկած ցածր գների մեջ: Սակայն գյուղացիների մեծամասնությունը կազմող քիչ բերք ունեցողների համար բացարձակապես ձեռնտու չեն այդ «մեծածախ» գները, որովհետեւ երբեմն ինքնարժեքից էլ ցածր են ստացվում: Որ մեծ այգիներ չունեցող գյուղացիների համար իրացման խնդիր կա, վկայում է նաեւ այն, որ Երեւանից Գյումրի մեկնող մարդատար գնացքը լինում է ծիրանի ու լոլիկի արկղերով ծայրաստիճան գերբեռնված: Այն անցնում է պտղատու այգիներով հարուստ Արմավիրով ու մասնավորապես՝ Դալարիկ գյուղով, որտեղից էլ սկսվում է գնացքի բեռնումը: Ուղեւորները պատմում են, որ ճարահատյալ գյուղացիները կոտրում են վագոնի պատուհանները, որ կարողանան բեռը մի կերպ տեղավորել վագոնում: Բեռնատարով Արմավիրից Գյումրի գնալը գյուղացիներին ձեռնտու չէ: Այն կարժենա մոտ 9-10 հազար դրամ, մինչդեռ գնացքի տոմսի արժեքն ընդամենը 480 դրամ է, որին գումարվում է նաեւ բեռների համար գանձվող գումարը: Բնական է, որ գնացքի պահանջարկը մեծ է, մանավանդ որ ապրանքը ոչ թե հասցնում են Գյումրիի շուկաներ, այլ հենց կայարանում հանձնում են վերավաճառողներին: Բայց մինչ այդ երանելի պահը՝ նրանք անցնում են դանթեական դժոխքի միջով՝ իրենց ստեղծած խառնաշփոթում անասելի տանջանքների ենթարկելով նաեւ սովորական ուղեւորներին: Նախ մարդատար վագոնով բեռ տեղափոխելն արդեն իսկ խոսում է ուղեւորի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին: Ուղեւորների պատմելով՝ «մինչ ուշքի կգաս՝ ստվարաթղթե արկղերով կամ պարկերով ծիրանն ու լոլիկը դնում են ծնկներիդ, կին, երեխա, ծերունիներ՝ իրար խառնված մրջյունի պես բեռ են տեղավորում, արկղերը դնում են որտեղ պատահի եւ ինչպես պատահի՝ աթոռների տակ, վրա, օդ չի լինում շնչելու»: Նման պայմաններում, իհարկե, անհնար է ողջ բեռը նորմալ տեղ հասցնել, ականատեսների խոսքերով՝ «մի կողմից դրանք մարդկանց ոտքերի տակ ճխլվում ու ջարդվում են, մյուս կողմից՝ աչքդ թարթես՝ գողանում են»: Հարց է առաջանում՝ ի՞նչ են անում այդ գողությունների ընթացքում վագոնավարներն ու հսկիչները: Պարզվում է՝ խորհրդային այդ «պաշտոնյաները» այլեւս գոյություն չունեն՝ գնացքի 3 վագոնները կառավարում է ընդամենը 1 գանձապահ, որը զբաղվում է միայն փող հավաքելով: Չկան վագոնավարներ, հավաքարարներ, հսկիչներ: «Բավական է որեւէ վագոնում նոր ուղեւոր հայտնվի, կասիրը կանգնում է գլխավերեւում ու փողը վերցնելուց հետո սուսուփուս հեռանում՝ առանց նկատելու վագոնում տիրող անտանելի մթնոլորտը: Նույնիսկ երեխաները պատուհանից կախվել էին, ոչ ոք չէր ասում՝ իջիր, վտանգավոր է, իսկ խորհրդային տարիներին գնացքը չէր շարժվում, եթե որեւէ մեկի գլուխը դուրս էր գալիս պատուհանից»,- Գյումրի մեկնելու ճանապարհին իր կրած տառապանքների մասին «Առավոտի» հետ կիսվեց ուղեւորներից մեկը՝ Սյուզաննա Փիլոսյանը: Վագոնավարի բացակայության մասին պարզաբանումներ ստանալու մեր խնդրանքին ի պատասխան, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեւորափոխադրումների սպասարկման բաժնի աշխատակցուհին ասաց. «Այո, վագոնավար չկա, հսկիչ է, բայց հսկիչը ո՞րն անի. ինքը առաջին վագոնում կանգնում է, հազիվ հասցնում է տոմսերին հետեւել: Բա էդ երեխեն, որ կախվում է, մեր չունի՞, թող մերը տիրություն անի»: Բացի հսկիչի բացակայությունը, գնացքները չունեն նաեւ հավաքարարներ: «Վագոնները խոլերայի բուն են. կեղտոտ ու ճենճոտ նստարաններ, գետնին ամենուրեք շիրա, էլ պատուհանների արանքներում հանգցրած էժանագին սիգարետներ, դարերով չմաքրված, կոտրած ապակիներ: Ես, օրինակ, կպել էի շիրայոտ աթոռին, չէի կարողանում պոկվել, որ իջնեի: Իսկ կասիրի մոտ «չես կարողանում, մի իջիր» հոգեբանությունն է»,- պատմեց բողոքող ուղեւորը: Ի դեպ, գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների այդ պնդումները, որ գյուղացին, իրոք, բերքի իրացման խնդիր չունի, սովորական ուղեւորների դժգոհություններին ի պատասխան՝ հերքել են գյուղացիները. «Ուրիշ ճար չունենք, ոչ մի տեղ չեն ընդունում, փչանում է: Ծիրանն ընդամենը 80-100 դրամով պիտի վաճառենք, հազիվ մեր ճամփի ծախսն ու օրվա հացի փողն անենք»: Միգուցե ավելի նպատակահարմար է վագոնների թիվն ավելացնել եւ առանձնացնել մարդատար ու բեռնատար վագոնները, որովհետեւ ճիշտ չի լինի ոչ գյուղացիներին զրկել իրենց օրվա հացի փողը վաստակելու հնարավորությունից, ոչ էլ ուղեւորներին՝ քաղաքակիրթ երթեւեկելու իրավունքից: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել