Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՏ

Հուլիս 16,2005 00:00

«ՎԱՏ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ» Ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը – Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները շարունակում «պինգ-պոնգ» խաղալ Վենետիկի հանձնաժողովի հետ եւ չեն ընդունում այս կառույցի առաջարկները: – Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կրում է ընթացիկ աշխատանքային բնույթ: Գործող Սահմանադրությունը, որ բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը, կյանքի, հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, բարեփոխումների կարիք է զգում եւ գիտեք, որ այն նաեւ ներառված է ԵԽԽՎ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ: Երկրի Հիմնական օրենքը մեկ օրում փոխել հնարավոր չէ, այն բարդ ու պատասխանատու գործընթաց է, որտեղ իրենց լուծումը պետք է ստանան բազմաթիվ սկզբունքային՝ իրավական կամ քաղաքական խնդիրներ: Սա նշանակում է կարծիքների համադրում եւ բախում, սա նշանակում է երկարատեւ լուրջ քննարկումներ երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին, ապա դրանք գերազանցապես ներառված են այն աշխատանքային նախագծի մեջ, որն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին: – Այն, ինչ հուլիսի 7-ին ուղարկվել է վենետիկցիներին՝ համապատասխանո՞ւմ է Սահմանադրությունը ժողովրդավարացնելու պահանջին: – Վենետիկի հանձնաժողով ուղարկված Սահմանադրության նախագիծը լուրջ լրամշակված փաստաթուղթ է: Ասել, որ ամբողջ աշխատանքն ավարտված է, ճիշտ չի լինի, քանի որ կան ճշգրտման ենթակա տարաբնույթ իրավական ու խմբագրական հիմնադրույթներ: Բայց որ ներկայացված նախագիծը էականորեն բարեփոխված է՝ փաստ է: Ես ցանկանում եմ անդրադառնալ հատկապես այն հիմնարար կետերին, որոնց վերաբերյալ հարցադրումներ էր արվել եւ ընդդիմության, եւ միջազգային հանրության կողմից: Առաջին առանցքային խնդիրը վերաբերում է իշխանության թեւերի տարանջատմանը, հակակշիռների եւ զսպումների արդյունավետ համակարգ ձեւակերպելուն: Ըստ նախագծի՝ ՀՀ նախագահը վարչապետ կարող է նշանակել միայն խորհրդարանական մեծամասնության վստահությունը վայելող անձի, ավելին՝ նախագահը այլեւս չի կարող ազատել վարչապետին կամ կառավարությանը՝ առանց Ազգային ժողովի համաձայնության: Սա բավականին կարեւոր բարեփոխում է, որով մեծանում է Ազգային ժողովի դերը եւ օրենսդիր իշխանությունը դառնում է էական հակակշիռ: Կարեւոր եմ համարում նաեւ դատական իշխանության ոլորտում կատարված բարեփոխումը, համաձայն որի՝ այսուհետեւ դատական իշխանությունը դառնում է գործադիր իշխանությունից անկախ. արդարադատության խորհուրդը ձեւավորվում է 13 անդամից, ինը ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովում, երկուսին նշանակում է Ազգային ժողովը, երկուսին՝ հանրապետության նախագահը: Արդարադատության խորհրդի նիստերը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի: Սրանք նույնպես կարեւոր բարեփոխումներ են: Երրորդ խումբը վերաբերում է տեղական ինքնակառավարմանը. Սահմանադրության նախագծում հստակ գրված է, որ Երեւանը համայնք է: Իսկ համայնքների ղեկավարները ընտրվում են: Այսինքն՝ սպառիչ լուծում է տրված քաղաքապետի ընտրովիության խնդրին: – Եթե ընդդիմությունը որոշի չմասնակցել փոփոխությունների գործընթացին, ինչպե՞ս եք համոզելու ԵԽ-ին, որ Հայաստանում կա քաղաքական համաձայնության մթնոլորտ, չէ՞ որ նաեւ դա է պահանջվում ՀՀ իշխանություններից: – Իմ գործառույթների մեջ չի մտնում որեւէ մեկին որեւէ բան համոզելը, առավել եւս՝ Եվրոպայի խորհրդին: Այն մասնագիտացված քաղաքական կազմակերպություն է եւ, վստահ եղեք, որ բավականաչափ տեղեկացված է թե՛ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, թե՛ յուրաքանչյուր քաղաքական ուժի դիրքորոշման մասին: Առանց մեզ էլ՝ իրենք իրենց տեսակետներն ունեն եւ դրանց հիման վրա էլ ձեւավորում են իրենց դիրքորոշումը: – Հնարավոր համարո՞ւմ եք, որ սահմանադրական հանրաքվեն դառնա իշխանափոխության սկիզբ: – Ես արդեն ասել եմ, որ ընդամենը մեկուկես տարի հետո Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են եւ անհրաժեշտություն չկա նոր իշխանափոխությունների: Սահմանադրական հանրաքվեի հաջողությամբ բոլորս պիտի շահագրգռված լինենք: Մենք պիտի ունենանք բարեփոխված սահմանադրություն, որը բխելու է մեր շահերից, միեւնույն ժամանակ՝ կատարենք Հայաստանի կարեւորագույն պարտավորություններից մեկը: Սահմանադրական փոփոխությունները նշանակում են դրական բարեփոխումներ նաեւ մեր օրենսդրության մեջ: Ի վերջո՝ չպետք է մոռանալ, որ վատ օրենքները լավ հնարավորություն են ստեղծում չարաշահումների եւ ապօրինությունների համար: Չեմ կարծում, որ սահմանադրական հանրաքվեն կարող է դառնալ իշխանափոխության սկիզբ, դրա հաջողության համար պետք է համակողմանի քարոզչություն լինի, որպեսզի հանրաքվեի արդյունքները համապատասխանեն ժողովրդի իրական ցանկություններին: Մենք չպետք է գնանք որեւէ ընտրական գործընթաց կեղծելու ճանապարհով, ճանապարհ, որը հիմք է ներքաղաքական ցնցումների համար: Հայաստանի ապագան ազատ ընտրություններն են, ոչ թե ճնշումները, ընտրողների կամքի կամայական չարաշահումները, որը նշանակում է ճանապարհ դեպի անցյալ եւ ոչ թե ապագա: Մի ճանապարհ, որի դեմ կպայքարենք ոչ միայն մենք եւ մեզ նման մտածող բազմաթիվ քաղաքական ուժեր, այլ նաեւ ողջ ժողովուրդն ու միջազգային հանրությունը: Ի վերջո՝ բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են ժողովրդավարական բարեփոխումներին՝ առաջացնում են անխուսափելի հեղափոխություններ, որովհետեւ աշխարհը զարգանում է դեպի առաջ եւ այս մրցակցային ու հարափոփոխ պայմաններում մեզանից պահանջվում է լինել առավել սթափ, հավասարակշռված եւ նախաձեռնող բարեփոխումների խորացման գործընթացում, որը միտված է լինելու մեր երկիրը տեսնելու քաղաքակիրթ եվրոպական ընտանիքում, որը նշանակում է ազատ, մրցունակ տնտեսություն, բաց, թափանցիկ եւ հանդուրժող հասարակություն: – ԶԼՄ-ներում արդեն շրջանառվում է ղարաբաղյան հարցի կարգավորման նոր տարբերակ, ըստ որի՝ վերադարձվում են ազատագրված հինգ շրջանները, 10 տարվա ընթացքում Ղարաբաղում անցկացվում է հանրաքվե եւ այլն: Ծանո՞թ եք այս տարբերակին: – Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ, ժամանակից շուտ հրապարակային դիրքորոշումներ արտահայտելը, մանավանդ ԱԺ նախագահի կողմից, տեղին չեմ համարում, որովհետեւ այն կարող է վնասել բանակցային գործընթացին: Բայց փաստ է, որ նկատելի է աշխուժությունը եւ կան դրական միտումներ խնդիրը կարգավորելու համար: Իմ կարծիքով՝ Հայաստանի համար կարեւոր է երկու հիմնական սկզբունք՝ նախ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության խնդիրը, եւ երկրորդը՝ հարցը պետք է լուծվի փոխադարձ զիջումներով: Ցանկացած փոխզիջում չպետք է լինի մեր ժողովրդի արժանապատվության եւ հազարավոր մարդկանց արյան գնով ձեռք բերված հաղթանակի հաշվին: Կարծում եմ՝ մենք պետք է հնարավորն անենք ռազմի դաշտում ձեռք բերած հաղթանակը դիվանագիտական հաջողությամբ ավարտելու համար: Մենք պետք է գիտակցենք, որ միակողմանի պահանջներ ներկայացնելով՝ խնդիրը լուծել հնարավոր չէ: Այն պետք է լուծվի երկու կողմերի համար ընդունելի մեխանիզմներով: Բացի այդ՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը ժամանակին հանդես են եկել համատեղ քաղաքական հայտարարությամբ, որի հիմնական թեզերն արդիական են մնում նաեւ այսօր: Ինչ վերաբերում է հինգ շրջաններին կամ հանրաքվեին, ժամանակից շուտ պետք չէ եզրակացություններ անել: Երբ կհստակեցվեն մոտեցումները՝ կտրվեն հստակ քաղաքական գնահատականներ այդ մոտեցումներին: Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել