Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 19,2005 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՌԱՋԱՑՆԻ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը – Հայ-ամերիկյան համագործակցության ուղղություններից ո՞րն է այսօր առաջնահերթային Վաշինգթոնի համար: Որքանո՞վ է արդարացված այն տպավորությունը, որ առաջին պլան են դուրս գալիս անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության հարցերը: – Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության հետ համագործակցում է բազմաթիվ ուղղություններով, եւ չէի դասավորի դրանք որեւէ հստակ հերթականությամբ, քանի որ անմիջական առաջնահերթությունները կարող են փոփոխվել շաբաթից շաբաթ: Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել Հայաստանի հաջող զարգացումը, որը կարտացոլվի բուռն զարգացող ձեռնարկություններով, օրենքի գերակայությամբ եւ ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներով: Իսկ եթե պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերն ավելի նկատելի են թվում, ապա միայն այն պատճառով, որ դա է պահանջում ահաբեկչության դեմ համընդհանուր պատերազմը: – Այս պաշտոնում ձեզ նախորդող Ջոն Օրդուեյը նախորդ տարվա հուլիսին մեր գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանում աշխատելու ընթացքում իր ամենամեծ հիասթափության պատճառ դարձան նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Ի՞նչ կարող է անել ԱՄՆ-ն, որպեսզի 2007 եւ 2008 թվականներին Հայաստանում կայանալիք ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին: – Միացյալ Նահանգները գտնում է, որ 2007 եւ 2008 թվականներին Հայաստանում կայանալիք ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար եւ այդպես ընկալվեն ինչպես հայ ընտրողների, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից: Իրականում սա պարզ ճշմարտություն է. ժողովրդավարական երկրներում նոր առաջնորդներին ընտրում են քվեատուփի միջոցով: Այս տարածաշրջանում որոշ այլ ընտրությունների դասը պետք է չափազանց պարզ եւ հստակ լինի ցանկացած մեկի համար, ով գայթակղություն կունենա կեղծել ընտրությունների արդյունքները. մարդիկ հիմար չեն եւ կհայտնաբերեն դա, ինչը կառաջացնի մեծ խնդիր՝ հղի ահռելի ռիսկերով: – Արդյո՞ք ԱՄՆ-ն տեսնում է որեւէ երկարաժամկետ դեր Հայաստանի համար, այսպես կոչված, Մեծ Մերձավոր Արեւելքի ժողովրդավարացման իրենց ծրագրերում: – Ցանկացած երկրում ժողովրդավարությունը պետք է զարգանա իր պատմությանը, մշակույթին եւ առկա հանգամանքներին համապատասխան: Սակայն ամուր եւ անսասան ժողովրդավարությամբ Հայաստանը կարող է փարոս դառնալ այս տարածաշրջանում նրանց համար, ովքեր փորձում են ժողովրդավարություն հաստատել իրենց երկրներում: – Շատ են շահարկումներն այն մասին, որ ԱՄՆ-ն շահագրգռված է նախկին խորհրդային հանրապետություններից հեղափոխությունները Հայաստան «արտահանելու» մեջ: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ եւ որքանո՞վ վստահելի գործընկեր եք համարում Հայաստանի ներկայիս ղեկավարությանը: – Միացյալ Նահանգները չի զբաղվում նախկին խորհրդային հանրապետություններ կամ նրանցից մեկից մյուսը հեղափոխություն արտահանելով: Մենք պաշտպանում ենք ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը եւ ազատ ու արդար կանոնավոր ընտրությունների անցկացումը՝ որպես ընդունված եւ բնականոն ճանապարհ այդ ինստիտուտների առաջնորդներին փոփոխելու համար: Մենք ֆավորիտներ չունենք թեկնածուների շարքերում եւ աշխատելու ենք ցանկացած առաջնորդի հետ, ով իշխանության կգա ազատ եւ արդար ընտրությունների ճանապարհով: Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայիս ղեկավարությանը, ապա մեր հարաբերությունները բնութագրվում են վստահության եւ փոխադարձ աջակցության աճող մակարդակով: – Վերջերս հաճախակի լավատեսական հայտարարություններ են հնչում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների մասին: Որո՞նք են այն երաշխիքները, որ չի կրկնվի չորս տարվա վաղեմության իրավիճակը, երբ Ադրբեջանի ղեկավարը հրաժարվեց ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածություններից: – Իմ գործընկեր եւ բարեկամ Սթիվեն Մաննը Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, այնպես որ, ես կգերադասեմ թողնել նման գնահատականները նրան եւ մյուս համանախագահներին: – Միացյալ Նահանգները բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը յուրահատուկ է եւ պահանջում է մոտեցումներ, որոնք կտարբերվեն Մերձդնեստրում կամ Աբխազիայում ձեռնարկվող կարգավորման փորձերից: Դա իրո՞ք այդպես է: – Հենց այդ պատճառով էլ Մինսկի խմբին հանձնարարված է զբաղվել Լեռնային Ղարաբաղի խնդրով: «Մեդիամաքս»՝ հատուկ «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031