Լրահոս
Օրվա լրահոսը

Մյուս տարի կսկսեն «իրացնել» Կոնդը

Հուլիս 19,2005 00:00

Մյուս տարի կսկսեն «իրացնել» Կոնդը Իսկ երթուղայինների գները, հավանաբար, կբարձրանան այս տարի Երեկ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը հրապարակեց քաղաքապետարանի եւ թաղային համայնքների այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական աշխատանքների հաշվետվությունը: Ըստ ներկայացվածի, մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական ծրագիրը ոչ միայն 100 տոկոսով կատարվել է, այլեւ՝ գերակատարվել: Երեկ քաղաքապետի ասուլիսից հետո, մեր համաքաղաքացիներից փորձեցինք պարզել՝ հատկապես ինչը իրենց չի գոհացնում Երեւանում: 45-ամյա Սոնա Հարությունյանը անհանգստացած էր մայրաքաղաքի էկոլոգիայով. «Երեւանում տարեցտարի պակասում է կանաչ գոտին, ամռանը շնչելու օդ չկա, մարդիկ խեղդվում են: Դրան գումարած՝ քաղաքում ընթացող զանգվածային կառուցապատումը: Երեկոյան մայրաքաղաքում փոշու ամպ է բարձրանում: Եթե մի քանի տարի առաջ զբոսայգիներում զբոսնելու ազատ տարածություններ, նստարաններ կային, որտեղ մարդիկ՝ աշխատանքից հոգնած, իրենց ժամանցն էին կազմակերպում, ապա այժմ զբոսայգիներն էլ են խեղդված սրճարաններով, եւ դրանց տերերը հաճախորդ հավաքելու համար այգիներից վերացրել են նստարանները»: Սփյուռքահայ Անիին ապշեցրել էր Երեւանի անկարգ-անկանոն երթեւեկությունը: Երեւանցիներից ոմանք էլ դժգոհեցին բնակելի շենքերի տակ գործող գիշերային ակումբների եւ բար-դիսկոտեկների առկայությունից. «Բա քաղաքային իշխանությունները խոստացան ստրիպտիզ-կլուբները քաղաքից դուրս տեղափոխեն, ինչո՞ւ չեն անում»,- քաղաքապետին հարցրեց Կենտրոն համայնքի տարեց բնակիչ Ռազմիկ Հայրապետյանը: Դժգոհության հաջորդ «էպիկենտրոնը», հավանաբար, կլինի Կոնդը: Երեկ Ե. Զախարյանը խոստացավ մինչեւ գարուն լուծել «բնիկ կոնդեցիների հարցը»: Կոնդում այժմ, քաղաքապետի հավաստմամբ, կառավարության կողմից ստեղծված հանձնաժողով է աշխատում, «որպեսզի բոլոր բնիկ կոնդեցիները ստանան սեփականության վկայական»: Նշենք, որ նույն խնդիրը առկա էր պետական կարիքների համար իրենց տներից վտարվող Բուզանդի փողոցի բնակիչների համար: Երբ այդ մասին քաղաքապետին հիշեցրին, ասաց. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Կոնդում բողոքներ չլինեն»: Նշենք, որ «Առավոտը» պարբերաբար բողոքներ է ստանում կոնդեցիներից, որ նոր ծնված երեխային կամ Կոնդ եկած հարսներին պետությունը թույլ չի տալիս բնակության վայրում գրանցել: Քաղաքապետարանը նախատեսում է մինչեւ տարեվերջ ներկրել եւս 65 ավտոբուս՝ «միկրոավտոբուսների թիվը կրճատելու համար: Մենք մտադիր ենք հասնել այն բանին, որպեսզի մայրաքաղաքի բնակիչները հիմնականում օգտվեն ավտոբուսներից»,- ասաց Ե. Զախարյանը: Ավտոբուսներին ուղեւորներ ապահովելու նպատակով, ինչպես նշեց քաղաքապետը, չի բացառվում, որ երթուղային տաքսիների սակագները քննարկվեն տնտեսվարող սուբյեկտների հետ եւ վերանայվեն (այլ կերպ ասած, կբարձրանան), ինչի արդյունքում էլ, քաղաքապետի համոզմամբ, միկրոավտոբուսները աստիճանաբար դուրս կմղվեն: Ժամանակին ավտոբուսների գինը երթուղային տաքսիներին հավասար սահմանելը եւս այսպես էր հիմնավորվում: Սակայն դրանից երթուղայինների ուղեւորների թիվը չպակասեց: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031