Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ

Հուլիս 19,2005 00:00

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) հիմնադրման 10-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված հոբելյանական միջոցառումները շարունակվում են: Երեկ Կամերային երաժշտության տանը կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակներ հանձնվեցին մի խումբ լրագրողների ու կազմակերպությունների: Այս առիթով միջոցառմանը ներկա ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանին պարգեւատրեց ԵԱՀԿ-ի մեդալով, վերջինս էլ Պրյախինին՝ ԵՄԱ-ի ոսկե նշանով: ԵՄԱ-ի եւ ՄԱԿ-ի հայտարարած «Ոչ ոք չի անտեսվում» լրագրողական մրցույթում հաղթող ճանաչվեցին Արփինե Հարությունյանը («Armenia Now» եւ «Հետք»), Սառա Պետրոսյանը («Հետք») եւ Սուսաննա Շահնազարյանը (Գորիսի «Բան ու գործ» թերթ): Բ. Նավասարդյանն ասաց, որ սահմանվել են նաեւ ԵՄԱ վարչության հատուկ մրցանակներ իրենց այն գործընկերների անունով, ովքեր այլեւս ողջ չեն: Մասնավորապես Վալերի Այդինյանի անվան մրցանակ շնորհվեց Տիգրան Պասկեւիչյանին՝ «168 ժամ» շաբաթաթերթում գրած հրապարակախոսական հոդվածների համար, իսկ Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակ՝ Արտակ Ալեքսանյանին (Հ1)՝ «ստեղծագործական որոնումների մեջ գտնվելու եւ հաջողության հասնելու համար»: ԵՄԱ-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի սահմանած մրցանակներին արժանացան «Առավոտի» կրթական էջի պատասխանատու Հասմիկ Բուդաղյանը եւ Վահան Իշխանյանը՝ կրթության ու առողջապահության ոլորտի կոռուպցիան լավագույնս լուսաբանելու համար: Համաշխարհային բանկի սահմանած հատուկ մրցանակին արժանացավ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Հայկ Գեւորգյանը՝ տնտեսական ոլորտի թափանցիկությանը նպաստելու համար: Տարածաշրջանային խնդիրների լուսաբանման համար մրցանակ ստացավ «Ազգ» թերթի լրագրող Թաթուլ Հակոբյանը: Մրցանակներ շնորհվեցին «Հայրենիք» հեռուստաընկերությանը՝ մանկապատանեկան լսարանին հասցեագրած հաղորդումների, «Շողակաթին»՝ հեռուստաեթերային գեղագիտության, «Երկիր մեդիային»՝ քաղաքական-վերլուծական հաղորդումների, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրին՝ օպերատիվության համար: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին էլ չմոռացան: Նրան շնորհվեց մրցանակ՝ հրապարակային քաղաքականության մշակույթին հավատարիմ մնալու համար: ԵՄԱ-ի օրերս կազմակերպած ֆուտբոլային ու շախմատային խաղերում աչքի ընկնելու համար առանձնացվեցին Ռուբեն Մարգարյանն ու Արմեն Նիկողոսյանը («Գոլոս Արմենիի»), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արայիկ Մանուկյանը, «Տիգրանպրես» գործակալության տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը փաստեց, որ պետությունը մշտապես պարգեւներ է շնորհում միայն գիտության ու մշակույթի գործիչներին՝ մոռանալով գնահատել լրագրողների դժվարին աշխատանքն ու «բարեբախտաբար այդ գործը անում են հենց իրենք՝ լրագրողական կազմակերպությունները»: Ի պատասխան՝ «Հայկական ժամանակի» թղթակիցը ժպտալով ասաց. «Աստված չանի, որ լրագրողներին մրցանակներ հանձնի պետությունը: Ավելի լավ է դա անի ԵՄԱ-ն»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել