Լրահոս
Օրվա լրահոսը

«Յապոնչիկին»

Հուլիս 20,2005 00:00

«Յապոնչիկին» էլ արդարացրին Իսկ հայաստանյան բանկիրների գործը շարունակվում է Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում պաշտպանական ճառով հանդես եկած Բորիս Առաքելյանի պաշտպան Հրաչիկ Իսաջանյանը նկատեց, որ «արդարացվել է աշխարհի ամենակրիմինալ մարդը՝ Յապոնչիկը» եւ դիմելով մեղադրողներ, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Զելիմ Թադեւոսյանին եւ Ավագ Ավագյանին, հարցրեց. «Ցույց տվեք Հայաստանում մի գործ, որի նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացվել»: Մեկուկես տարի շարունակվող «Կրեդիտ սերվիս» ՍՊԸ-ի նախկին ղեկավար Արտաշես Դավթյանի եւ եւս 10 հոգու նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ երեկ պաշտպանական ճառերով հանդես եկան Բորիս Առաքելյանի պաշտպան Հրաչիկ Իսաջանյանը եւ Սամվել Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: Ընդ որում, վերջինս նաեւ պաշտպանում է Արտաշես Դավթյանին: Հ. Իսաջանյանը հայտարարեց, որ դատարանում իրենք հայտնվել են Կենտրոնական բանկի եւ կառավարության պատճառով, իսկ նկատված խախտումները թույլ են տրվել բանկի կապիտալը պաշտպանելու համար: Ներկայացնելով հայաստանյան բանկերում ստեղծված իրավիճակը, նա նաեւ տեղեկացրեց, որ «Կրեդիտ-սերվիսը» միակ բանկն էր, որ պարտքեր չի ունեցել ավանդատուներին: Իր պաշտպանյալի՝ Բ. Առաքելյանի համար նկատեց, որ փորձաքննություններին մասնակից չի դարձել եւ փորձագետներն էլ չեն պատասխանել այն հարցերին, որոնք իրենց հետաքրքրել են: Բ. Առաքելյանը մեղադրվել էր, որ հունական բանկից վերցրած մոտ 202 հազար դոլար գումարը գրավ է դրել մեկ այլ բանկում, ինչի կապակցությամբ փաստաբանն ասաց, որ սա երկու առեւտրային կազմակերպությունների փոխհարաբերություններում պետք է դիտարկել, ոչ թե քրեական: Բ. Առաքելյանը մեղադրվել է նաեւ, որ գործով տուժող Ազնիվ Ղազարյանից (երկու տուժող են, 114 վկա, քրեական գործը կազմել է 34 հատոր) 80 հազար դոլար է ստացել: Պաշտպանի կարծիքով, բանկի իրավունքն է ռիսկային գումարներ տրամադրել եւ վերցնելը: Փաստորեն, 80 հազարը դուրս չի եկել բանկից եւ պաշտպանը հայտարարեց, որ ցանկանալու դեպքում Ա. Ղազարյանը կարող էր ստանալ: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց 43 մլն դրամ գումարի վրա, որը, ըստ մեղադրողների, Ա. Դավթյանի հետ Բ. Առաքելյանը «հանցավոր համաձայնությամբ» յուրացրել էին: Մինչդեռ այն որպես աշխատավարձ բաժանվել է աշխատակիցներին, հետեւաբար չի վատնվել: Փաստաբան Իսաջանյանի կարծիքով, այս գործով կա «հզոր մարդ, որի ցուցումն են կատարել»: Նա նաեւ անհիմն համարեց վարկ վերցնելու եւ չմարելու մեղադրանքը: Պահանջում էր ցույց տալ գոնե մեկ վարկառուի, որը քրեական պատասխանատվության է ենթարկվել, չնայած դատարանի դահլիճում Արտաշես Դավթյանն անմիջապես կատակով ցույց տվեց իրեն՝ «օրինակ՝ ես»: Եթե խոսքը գնում է վարկեր յուրացնելու մասին, ապա փաստաբանը գտնում էր, որ բանկը կարող էր դիմել դատարան՝ «վատնած» վարկը պահանջելու համար: Նա միջնորդեց անպարտ ճանաչել Բ. Առաքելյանին, կամ էլ այլընտրանքային պատժի սահմաններում պատիժ սահմանել նրա համար: Փաստաբան Ռուբեն Սահակյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը՝ Սամվել Գրիգորյանը նախաքննության ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, իսկ դատարանում մեղավոր չէր ճանաչել: Սակայն մեղադրողների հարցին, թե պնդո՞ւմ է նախաքննության ցուցմունքները, նա դրական պատասխան էր տվել, այդպիսով ընդունելով մեղադրանքը: Ըստ փաստաբանի, չորս ամբաստանյալների նկատմամբ դադարեցվել էր քրեական հետապնդումը՝ այն հիմքով, որով, սակայն, շարունակվում է Ս. Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը: «Փաստաթղթեր կեղծել» մեղադրանքը, ըստ Ռ. Սահակյանի, Քրեական օրենսգրքի «պաշտոնական կեղծիք» հոդվածն էր, որը «կպցրին առանց սոսնձի, սպիտակ թելով Ս. Գրիգորյանի վրա»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել