Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդեսից մինչեւ բանակցություններ

Հուլիս 20,2005 00:00

Ցուցահանդեսից մինչեւ բանակցություններ Հայ, վրացի եւ ադրբեջանցի երիտասարդ նկարիչները համատեղ ցուցահանդես են կազմակերպել Երեկ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» (ԽՆԿԿ) մեկ այլ՝ Թեքեյան մշակութային կենտրոն էր հրավիրել Հայաստանի քաղաքական գործիչներին, լրատվամիջոցներին՝ ներկա գտնվելու երիտասարդ նկարիչների «Հայաստան-Ադրբեջան-Վրաստան՝ միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Նախաձեռնության նպատակը մշակութային երկխոսության միջոցով հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման ուղիներ փնտրելն ու տարածաշրջանի կայունության ապահովմանը նպաստելն էր: Մինչ ներկաները կանցնեին հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղիների փնտրտուքին, փորձեցինք պարզել հայ, վրացի եւ ադրբեջանցի խաղաղարարների դիրքորոշումները՝ կապված կոնֆլիկտների ու նաեւ ԼՂՀ-ի հարցի հետ: ԽՆԿԿ ներկայացուցիչ Գեորգի Վանյանը ասաց, որ իրենց՝ հարավկովկասյան պետությունների երեք ներկայացուցիչներին հաջողվել է խոսակցությունը տարածքային վեճից տեղափոխել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարթություն, մասնավորապես՝ հակամարտության գոտում բնակվողների կյանքի եւ անվտանգության իրավունքի ոլորտ: «Ինձ շատ քիչ է հետաքրքրում՝ Ղարաբաղը կլինի Հայաստանի՞ կազմում, անկա՞խ պետություն, թե՞ Ադրբեջանի կազմում: Ինձ հուզում է Ղարաբաղում ապրող քաղաքացու իրավունքը՝ կյանքի եւ անվտանգության, եւ նոր միայն իրավունքների ու հիմնարար ազատությունների ողջ բլոկը»,- ավելացրեց Գ. Վանյանը: «Խաղաղություն, ժողովրդավարություն, մշակույթ» ադրբեջանական հ/կ նախագահ Ռաուֆ Ռաջաբովը հաստատեց Վանյանի միտքը. «Կարեւորն այն չէ, թե ինչպիսին կլինեն արդյունքները: Կարեւորը մարդուն իր ճակատագիրը որոշելու իրավունք տալն է»: Իսկ «Ռուսթավելի» համավրացական ընկերակցության» ներկայացուցիչ Միխեիլ Կուրդիանին չմոռացավ զուգահեռներ անցկացնել Տիգրան Մեծ թագավորի եւ հոգեւոր այրերի՝ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի գործունեության միջեւ: Ասաց, որ տարածքային հաղթանակները ժամանակավոր են (նկատի ունի երբեմնի ծովից ծով Հայաստանը- Է. Մ.), իսկ մշակութային նվաճումները՝ հավերժ: Նկատենք, որ դրանք հավերժ չեն կարող լինել հենց Վրաստանում, ուր հատկապես վերջին տարիներին թալանվում, ապականվում են հայկական եկեղեցիներն ու խաչքարերը: Նմանատիպ վերջին դեպքը օրերս կատարվեց Ջավախքում, ինչի կապակցությամբ էլ Մ. Կուրդիանին տվեց իր մեկնաբանությունը. «Այն ազգը, որ չի հարգում ուրիշի մշակույթն ու ճարտարապետությունը, չի կարող մշակութային կոչվել: Ես համոզված եմ, որ կատարվածը թյուրիմացության արդյունք է: Հատկապես Ջավախքում տեղի ունեցած դեպքերը փոխադարձ թյուրիմացություններ են: Կարծում եմ, մեր ժողովուրդները բավականաչափ քաղաքակիրթ կգտնվեն նման բարբարոսություններին վերջ տալու համար»: Նա նաեւ հորդորեց չմեղադրել մեկմեկու: Միջոցառման վերջում մասնակիցները ընդունեցին մի հայտարարություն այն մասին, որ կոնֆլիկտների հանգուցալուծումը տեսնում են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարթությունում: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել