Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎԱԳՈՒՅՆ

Հուլիս 20,2005 00:00

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ Երկրորդ տարին անընդմեջ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո անցկացվում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որը նպատակ ունի հանրապետությունում զարգացնել առողջ ապրելակերպը, ֆիզիկական կուլտուրան արմատավորել ընտանիքներում: Մարզերում անցկացված նախնական փուլերում հաղթող դարձած երեքական լավագույնները հանգստյան օրերին Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում պայքարը շարունակեցին եզրափակիչում: Երկու օր 33 ընտանիքներ մրցեցին վեց մրցաձեւից: Արդյունքների ամփոփումից հետո 118 միավորով հաղթող ճանաչվեց Հովսեփյանների ընտանիքը՝ Արմավիրի մարզից: Երկրորդ տեղը գրավեց Երեւանը ներկայացնող Սահակյանների, երրորդը՝ Միքայելյանների (Շիրակի մարզ) ընտանիքը: Դրամական մրցանակները նրանց հանձնեց հանրապետության նախագահը, իսկ եզրափակիչին մասնակցած բոլոր երեխաները նվեր ստացան մարզահագուստ: Այս տարի մրցումներում գրանցվեցին մի քանի ռեկորդներ: Եթե անդրանիկ մրցմանն ընդհանուր առմամբ մասնակցել էր 54 ընտանիք, այս տարի այդ թիվը հասել էր 86-ի, եթե անցած տարի մրցանակային ֆոնդը 1 մլն 200 հազար դրամ էր, այս տարի այն տասնապատկվել էր: Բարելավվեցին նաեւ մի քանի մարզական ցուցանիշներ: Այսպես, տավուշցի Կամո Կարապետյանը 16 կգ կշռող կշռաքարը բարձրացրեց 100 անգամ: Գետնից սեղմում վարժությունում, որ կատարում էին երեխաները, 3-րդ մրցանակակիր դարձած Միքայելյանների որդին կատարեց 135 անգամ, իսկ աղջիկներից լավագույն արդյունքը՝ 130, ցույց տվեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից Մարիամ Բեգլարյանը: Հենց նրան էլ, ինչպես նաեւ ամենակրտսեր մասնակցին, որ ընդամենը վեց տարեկան էր, հանձնվեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի սահմանած դրամական հատուկ մրցանակները: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել