Լրահոս
Օրվա լրահոսը

Զոմբիացման

Հուլիս 21,2005 00:00

Զոմբիացման մենաշնորհ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հիմքեր չի տեսնում ենթադրելու, թե Հայաստանը վերաիմաստավորում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: «Հակառակը՝ Հայաստանը մեր կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկն է: Ու թեեւ այդ երկիրն ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, սակայն Հայաստանի անվտանգության հիմքը հանդիսանում է համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- ռուսական «Վրեմյա Նովոստեյ» թերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է Բորդյուժան: Հետաքրքիր է, որ վերջին ատյանի ճշմարտության ոգով ասված այս, մեղմ ասած, խիստ անհամոզիչ դատողություններն անելիս ՀԱՊԿ քարտուղարը հղումներ է արել միայն ՀՀ նախագահի եւ ՀՀ պաշտպանության նախարարի արած հավաստիացումներին: Որեւէ այլ փաստարկ չի բերվել: Միեւնույն ժամանակ, «Մեդիամաքս» գործակալությունը տեղեկացնում է ռուսական մեկ ուրիշ՝ «Ռոսիյսկիյե վեստի» թերթում երեկ հրապարակված՝ «Հայաստանին զոմբիացնում են» վերնագիրը կրող հոդվածի մասին, որում նույնպես արծարծվում է ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների թեման: Թերթը մեջբերում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի խոսքերն այն մասին, որ Հայաստանը կարող է ակնկալել Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունը, եթե ցանկանա ազատվել իր տարածքում գտնվող ռուսական ռազմակայանից: «Արեւմուտքն արդեն վաղուց նշանակալի ջանքեր է գործադրում Հայաստանին իր կողմը գրավելու համար: Այդ նպատակով գործի են դրվում տարածաշրջանում կատարվող ռազմաքաղաքական փոփոխությունները: Բանն այն է, որ Երեւանն ավանդաբար իր գլխավոր սպառնալիքն է համարել Թուրքիային եւ, համապատասխանաբար, հիմնական հույսը դրել է Մոսկվայի եւ իր տարածքում գտնվող ռուսական զորքերի վրա: Սակայն այժմ Թուրքիան փորձում է անդամակցել ԵՄ-ին եւ ճգնում է դրական կողմերով ցուցադրել իրեն: Այդ պատճառով, որոշ վերլուծաբանների կարծիքով, Երեւանի իշխանական վերնախավին Անկարան այլեւս հավանական հակառակորդ չի թվում, իսկ Ռուսաստանը դադարում է դիտվել որպես միակ հնարավոր դաշնակից»,- գրում է «Ռոսիյսկիյե վեստին»: Արժե, թերեւս, ընթերցողի ուշադրությունը հրավիրել երկու, ըստ մեզ՝ խիստ կարեւոր հանգամանքների վրա: Նախ, վերոհիշյալ հրապարակման համար, գուցեեւ հեղինակի կամքից անկախ, ընտրվել է շատ դիպուկ վերնագիր: Դիպուկ այն իմաստով, որ Թուրքիայի նկատմամբ հայերի ունեցած գրեթե պաթոլոգիկ սարսափի գործոնի ճարպիկ խաղարկմամբ ցայժմ Հայաստանին հաջողությամբ զոմբիացրել է հենց ինքը՝ Ռուսաստանը: Այժմ, ինչպես տեսնում ենք, Մոսկվային ամենեւին դուր չի գալիս, որ իր ձեռքից խլում են զոմբիացնելու մենաշնորհը: Երկրորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ ռուսական մամուլում, ասես հատուկ հրահանգով, սկսել է քննարկվել Հայաստանի կողմնորոշման թեման: Գուցե «ապազոմբիացման» ժամանա՞կն է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել