Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը կամրապնդվի՞

Հուլիս 21,2005 00:00

Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը կամրապնդվի՞ «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամը ԱԳՆ-ի հետ համատեղ հուլիսի 21-28-ը Ծաղկաձորում կանցկացնի համահայկական երիտասարդական երրորդ համաժողովը: Երեկ այս առիթով հրավիրված ասուլիսում հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը պատմեց համաժողովի մասին: Այն ներկայացնելու համար Ա. Սինանյանն օգտագործեց ձեւակերպումներ (օրինակ, որ «համաժողովի նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդումը, ազգային հիմնախնդիրների լուծումը, համահայկական երիտասարդական ծրագրերի ու քաղաքականության զարգացմանն աջակցումը» եւ այլն- Գ. Հ.), որոնցով սովորաբար բնութագրում են բազեական միջոցառումները: Նաեւ հպարտացավ, որ իրենց հիմադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել միջազգային ոլորտում: Նման մի «միջազգային» ծրագիր էլ, ըստ Սինանյանի, անցյալ տարի կազմակերպված այցն էր ԼՂՀ՝ եվրոպական երիտասարդական ֆորումի հետ միասին: Այս տարի էլ համաժողովի մասնակիցները «միջազգային» մակարդակով կշփվեն ՀՀ-ում գործող կառավարման օղակների ու գործարար շրջանակների հետ: Ի պատասխան Սինանյանի այն դիտարկմանը, թե իրենց հիմնադրամը աշխատում է միջազգային կառույցների հետ եւ բազմաթիվ հաջողություններ է գրանցել, խնդրեցինք թվարկել ամենաակնառուները: «Երիտասարդական քաղաքականությունը արդյունաբերություն չէ, նրա արդյունքն էլ արտադրանք չէ, որ հաջորդ օրը եւեթ երեւա: Օրինակ, մեր առաջին համաժողովի նպատակն այն էր, որ 90-100 երիտասարդներ մեկ շաբաթ շփվեն, զրուցեն, ճանաչեն միմյանց: Դա արդեն արդյունք է: Մենք դժվար թե կարողանանք երիտասարդության բոլոր հիմնախնդիրներին լուծում տալ, բայց որոշակի հարցերի լուծմանը նպաստել ենք, խոսքը, օրինակ, արբանյակայինով հեռարձակվող հեռուստաընկերությունների ֆիլմերը հայերեն թարգմանելու, Ցեղասպանության թանգարանի մասին է»,- պարզաբանեց գործադիր տնօրենը: Հետաքրքրվեցինք՝ ինչքա՞ն գումար է ծախսվում ամեն համաժողովին եւ որտեղի՞ց են գոյանում հիմնադրամի միջոցները: Սինանյանն ասաց, որ ամեն անգամ մոտ 7 մլն դրամ է ծախսվում, իսկ ամեն տարի հիմնադրամին պետբյուջեից հատկացվում է 50 մլն դրամ: Խնդրեցինք նաեւ տեղեկացնել, թե այս տարի հատկապես ո՞ր կուսակցությունների ներկայացուցիչներն են գերակշռում համաժողովում՝ նկատի ունենալով անցած տարվա հանրապետականացված համաժողովը: Սինանյանն ասաց, որ դեռ չի ծանոթացել մասնակիցների ցանկին: Հետո էլ ավելացրեց. «Անկեղծ ասած, ձեր հարցն ինձ քիչ է հետաքրքրում: Կարծում եմ, որ կլինեն ոչ միայն կոալիցիոն կուսակցությունների երիտասարդական թեւերից, այլ նաեւ ընդդիմադիրներից: Ի վերջո, կարեւորը ներգրավվածությունն է»: Մեր մյուս հարցին, թե հեռավոր մարզերից ներկայացուցիչներ կա՞ն, Սինանյանը դժվարացավ պատասխանել: Ի դեպ, «Առավոտը» պարզեց, որ այս տարի, բացի հանրապետականներից, համաժողովին գերակշռում են Հայաստանի ու արտերկրի դաշնակցականները (ԱՄՆ-ից «Շանթ» ՀՅԴ ուսանողական միությունը, Լիբանանից ՀՅԴ երիտասարդական, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները եւ այլն), ինչպես նաեւ ՕԵԿ-ցիները՝ Հայաստանից: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել