Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍԵՐ

Հուլիս 22,2005 00:00

ՀՈՒՅՍԵՐ ԴԵՌ ԿԱՆ Հյուսիսային Իռլանդիայի Բալիմենա քաղաքի «Շոուգրաունդ» մարզադաշտում Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչում հանդիպեց Անգլիայի իր հասակակիցների հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Ինչպես ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությանը Բելֆաստից տեղեկացրել է ՀՖՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանը, «Հայաստանի եւ Անգլիայի միջեւ կայացած հանդիպումն ապացուցեց, որ մեր հավաքականի պարտությունը Նորվեգիային՝ ուղղակի պատահականություն էր: Խաղալով առաջին մրցակցից մի քանի անգամ ուժեղ Անգլիայի հավաքականի հետ, մեր թիմն իրեն ուղղակի հրաշալի դրսեւորեց եւ արժանի էր հաղթանակի: Ի տարբերության նախորդ հանդիպման, մեր հավաքականն առաջին իսկ րոպեներից զիջեց տարածքային առավելությունը մրցակցին եւ ապավինեց հակագրոհների մարտավարությանը: Այս խաղաոճը մշակել էին գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը եւ մարզչական կազմը: Հանդիպման ընթացքը ցույց տվեց, որ այդ մարտավարությունը ճիշտ էր ընտրված եւ ոչ մեկ անգամ կարող էր մեր թիմին հաջողություն բերել: Առաջին 30 րոպեների ընթացքում անգլիացիներն ընդամենը ապարդյուն գրոհներ էին կազմակերպում: Երկու անգամ նրանք խաղից դուրս իրավիճակից գրավեցին մեր դարպասը, սակայն, ի պատիվ հունգարացի մրցավարի, երկու դեպքում էլ խաղից դուրս իրավիճակներ արձանագրվեցին: Մեր հավաքականն իր գոլային հնարավորությունները հիմնականում ստեղծեց առաջին խաղակեսի երկրորդ մասում: Փայլուն պահ կորցրեց Էդգար Մանուչարյանը, որը ստանալով գնդակը, ընթացքային լավ արագություն հավաքեց, շրջանցեց մրցակցին, բայց հարմար դիրքից շեղ հարվածեց: Դրանից հետո կոպիտ սխալ թույլ տվեց մրցավարը՝ չնկատելով Անգլիայի տուգանային հրապարակում պաշտպանի ձեռքով ակնհայտ խաղը: Առաջին խաղակեսում անգլիացիները նույնպես մեկ-երկու գոլային հնարավորություն ունեին, բայց չափազանց վստահ խաղաց մեր դարպասապահ Էդել Ապուլա Էդիմա Բետեն: Մի դրվագում էլ Բլեկստոկի գլխով կատարած հարվածը դարպասային գծից գլխով դուրս մղեց Միխել Սիմոնյանը: Երկրորդ խաղակեսն անսպասելի սկիզբ ունեցավ մեր հավաքականի համար: Արդեն երրորդ րոպեին ձեռքով խաղի համար մրցավարը մեր դարպասին նշանակեց 11 մետրանոց հարված, սակայն Գրանտ Լեդբիտերի ուժեղ հարվածը Էդել Ապուլա Էդիմա Բետեն ոտքերով դուրս մղեց: Բետեն եւս մեկ անգամ հաղթող դուրս եկավ Լեդբիտերի հետ պայքարում՝ հետ մղելով վերջինիս մոտ 20 մետրից կատարած ուժեղ հարվածը: Մեր տղաներն իրենց հերթին շարունակում էին վտանգավոր հակագրոհներ կազմակերպել, սակայն կրկին երկու հիանալի պահ կորցրեց Էդգար Մանուչարյանը: Առաջին դեպքում՝ գեղեցիկ հնարքով շրջանցելով մրցակցին, Մանուչարյանը հայտնվեց հարմարավետ դիրքում, սակայն կրկին շեղ հարվածեց, իսկ երկրորդ դրվագում նրա հարվածից հետո գնդակը որսաց դարպասապահը: Հանդիպման 72-րդ րոպեին անգլիացիները խփեցին իրենց առաջին գնդակը: Բետեն, ընդառաջ գնալով տուգանային հրապարակ կատարած բարձրից փոխանցմանը, լքեց դարպասը, բայց մինչեւ գնդակը նրան հասնելը՝ այն դիպավ Ալեքսանդր Պետրոսյանին եւ հայտնվեց ցանցում: Գոլից հետո մեր թիմը նոր ուժերով սկսեց գործել՝ հասկանալով, որ կորցնելու ոչինչ չկա: 87-րդ րոպեին, անկյունայինի խաղարկման ժամանակ, մեր թիմի մի քանի ֆուտբոլիստներ ներխուժեցին դարպասային հրապարակ՝ իրենց հետեւից տանելով մրցակցի խաղացողներին: Տուգանային հրապարակի գծի մոտ միայնակ մնաց Կարլ Լոմբեն: Հետեւեց փոխանցում, եւ Լոմբեն դիպուկ եւ ուժեղ հարվածով հավասարեցրեց հաշիվը: Վերջին րոպեներին մեր թիմը կարող էր նաեւ հաղթանակի հասնել: Ալեքսանդր Պետրոսյանը գնդակն ստանալով Ժորա Հովհաննիսյանից, մրցակցի հետ ուժային պայքարում հաղթող դուրս եկավ եւ մեն մենակ հայտնվեց դարպասապահի առջեւ, սակայն հարվածեց ուղիղ նրա վրա: Ոչ-ոքին, իհարկե, մեզ հաջորդ փուլ անցնելու հնարավորություններ է տալիս: Եթե մենք խոշոր հաշվով հաղթենք ֆրանսիացիներին, Նորվեգիա-Անգլիա հանդիպման յուրաքանչյուր արդյունքի դեպքում Հայաստանը կարող է հայտնվել կիսաեզրափակիչում: Ֆրանսիայի նկատմամբ ցանկացած հաշվով հաղթանակի դեպքում, բայց պայմանով, որ Նորվեգիա-Անգլիա մրցախաղը չավարտվի ոչ-ոքի, մեր հավաքականը նույնպես կարող է դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ: Եթե մենք հաղթենք երկու գնդակի տարբերությամբ եւ մյուս հանդիպումն ավարտվի ոչ- ոքի՝ ապա այս պարագայում հաշվի կառնվեն լրացուցիչ ցուցանիշները: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031