Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ,

Հուլիս 23,2005 00:00

Առայժմ, ոչ մի խախտում չի գրանցվել Ընդունելության քննությունների ընթացքը մեկնաբանում է ԿԳ նախարար Սերգո Երիցյանը Այս տարվա դիմորդների շրջանում բարձր մակարդակ է նկատվում լեզուների բնագավառում: Այս կարծիքին է ԿԳ նախարարը՝ համենայնդեպս, քննությունների առաջին օրերի արդյունքներից ելնելով: Ոչ բավարար մակարդակ է նկատվում հատկապես հայոց լեզու եւ գրականություն բանավոր քննությունից, ինչը թերեւս կապված է վերջին տարիներին երիտասարդների կարդացածության ցածր մակարդակի հետ: Ի դեպ, այս մասին խոսելով, այս առարկայական հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը ՆՏ-ին ասել է, որ ցածր մակարդակը շարունակվում է արդեն մի քանի տարի: Նախարարը եւս մեզ հետ զրույցում անդրադարձավ այս հարցին, նաեւ ավելացրեց, որ, անցյալ տարվա համեմատ, այս պահին փոքր-ինչ ցածր են նաեւ մաթեմատիկայի ցուցանիշները: 2 օրերի արդյունքներով, հայոց լեզու եւ գրականություն հանձնած 52 հոգուց 12-ը ստացել է անբավարար, չկա ոչ մի 20 եւ ոչ մի 19: Ի դեպ, նախարարը նշում է, որ, ի տարբերություն մնացած գնահատականների, շեմայինի դեպքում կլորացում արվում է, այսպես, եթե դիմորդը վաստակել է, ասենք, 7.5 եւ ավելի, այն կկլորացվի մինչեւ 8. «Որովհետեւ դա սահմանային գնահատական է եւ շանս է տրվում շարունակել քննությունները»: Արդեն մեկ անգամ անդրադարձել ենք քննությունների ընթացքում նախագահականի վերահսկողական ծառայության աշխատակիցների սակավախոսությանը եւ որ նրանք լրագրողներին որեւէ կարծիք հայտնելուց ձեռնպահ են մնում: «Ես կարծում եմ, որ քննությունների ընթացքում կարծիքներ նրանք չպետք է արտահայտեն, որովհետեւ նրանք ծառայողներ են,- ասում է Ս. Երիցյանը:- Մինչեւ այս պահը որեւէ խախտման մասին ես տեղեկացված չեմ: Անկախ նրանից, խախտումներ կան թե ոչ, մենք օրվա արդյունքները քննարկում ենք, եւ, բարեբախտաբար, ոչ մի խախտում չկա ինչպես մեր լիազորների, այնպես էլ մոնիտորինգ իրականացնող վերահսկողական ծառայության խմբի տղաների կողմից գրանցված: Ես նրանց հետ հանդիպում եմ օրը 3-4 անգամ, մտքեր ենք փոխանակում: Մենք գործում ենք համագործակցության դաշտում»: Ի դեպ, այս տարի նախարարը հանձնաժողովի անդամներին չի պատվիրել բողոքարկման արդյունքում գնահատական չիջեցնել, ինչպես դա անում էր նախորդ տարիներին, «որովհետեւ այս պարագայում, երբ վճռորոշ է 0.1-ը, չեմ ասել չիջեցնեք: Բայց հուսով եմ, վստահ եմ, որ դա որպես սկզբունք կպահպանեն: Հնարավոր են նաեւ տեխնիկական վրիպումներ»: Ըստ նախարարի, հանձնաժողովներին գնահատման նոր համակարգը առավել մեծ պատասխանատվություն է պարտադրում. «Եթե նախկինում կլորացման խնդիրը կար, այսօր 0.25-ն էլ կարող է մրցույթում կարեւոր դեր խաղալ: Այս առումով հանձնաժողովների հոգսերը կարող են ավելանալ, բայց քանի որ մեծ է պատասխանատվությունը, նրանք պետք է պատասխան տան յուրաքանչյուր վրիպակի համար»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել