Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ»

Հուլիս 27,2005 00:00

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ» ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏԱԼԻՍ Այս տարվա ընդունելության քննություններում թե դիմորդների, թե շահագրգիռ անձանց եւ թե լրագրողների հանդեպ պահվածքով առանձնանում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը: Արդեն անդրադարձել ենք այս բուհում կազմակերպվող ռուսաց լեզվի քննությանը. իբրեւ նորարարություն՝ այս տարի ռուսերեն թելադրության առաջին օրվա քննությունն անցկացվեց բարձրախոսներով, ինչը հարուցեց դիմորդների եւ նրանց ծնողների դժգոհությունը: Մենք շարունակում ենք զանգեր ու բողոքներ ստանալ այս կապակցությամբ: Ռիմա Կոստանյանի թոռը, որ դպրոցն ավարտել է ՌԴ-ում եւ այս համալսարանի 0 կուրսում սովորել է բարձր գնահատականներով, ձախողվել է ռուսերեն թելադրությունից՝ տեխնիկական թերությունների պատճառով: Ռ. Կոստանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր թոռնիկն առավելագույն միավորներ է հավաքել նաեւ ռեկտորականի քննություններից, իսկ այս նորամուծության պատճառով աննախադեպ ցածր միավոր է հավաքել: Ի դեպ, բուհը երկրորդ օրվանից անցել է թելադրության ավանդական՝ ոչ բարձրախոսային ձեւին: Մեր հարցին, թե արդյոք առաջին օրը քննություն հանձնած դիմորդներին հնարավորություն ընձեռվե՞լ է քննությունը վերահանձնել, տիկին Կոստանյանը բացասական պատասխան տվեց. «Մեր երեխաները տուժեցին, իսկ երկրորդ օրվանից նորմալ թելադրություն եղավ»: «Առավոտն» արդեն 3 օր է՝ փորձում է այս տեղեկատվությունը համակողմանի դարձնելու նպատակով պարզաբանումներ ստանալ բուհի պատասխանատուներից: 2 անգամ եղանք համալսարանում, եւ ապարդյուն. հսկիչները նույնիսկ չեն էլ համաձայնում լսել, թե ինչի մասին է խոսքը եւ որեւէ մեկին կանչել, ով կպատասխանի մեր հարցին: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ հեռախոսով: Պատասխանատու քարտուղար Վլադիմիր Բոնդարենկոյին ներկայանալուց հետո խնդրեցինք ռուսաց լեզվի ամբիոնից որեւէ մեկի հետ կապել: Չհամաձայնեց: Ինքը՝ պատասխանատու քարտուղարը նույնպես հրաժարվեց պատասխանել մեզ՝ առանց նույնիսկ հարցը լսելու: Մեր հարցին՝ «հրաժարվո՞ւմ եք պատասխանել», պրն Բոնդարենկոն արձագանքեց՝ «կլյաուզա եք ման գալի՞ս»: Եվ շպրտեց լսափողը։ Այսպիսով, առայժմ հնարավորություն չունենք ներկայացնելու համալսարանի պարզաբանումները։ Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել