Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒՐԸ ՓՈՂ Է

Հուլիս 28,2005 00:00

Արմավիրի
մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչները մինչեւ 1995 թվականը ոռոգման եւ խմելու ջուր ունեցել
են: Սակայն 95-ից ի վեր գյուղը ջրազրկված է: «Հիմա ցիստեռնի հույսին ենք,
ջուրը բերում են Թալինից, 40 լիտր ջուրն արժի 150 դրամ: Բավարարվում ենք քչով: Ով
չունի գումար ու չի կարողանում ջուր առնի, չի լողանում: Եղել են դեպքեր, որ ամբողջ
փողոցում մի գրամ ջուր չենք ունեցել»,- «Առավոտին» տեղեկացրեց բնակչուհի Անգին Ալեքսանյանը:
Գյուղացիներից շատերը տան կտուրները ձեւափոխել են այնպես, որ խողովակներով
ջուր վերցնեն: Փառանձեմ Հարությունյանի ասելով, «հույսներս տեղումներն են, գարնանը
անձրեւ գա, ձմռանը՝ ձյուն, որ հալեցնենք, օգտագործենք, դրա համար գարունն ու աշունը
շատ ենք սիրում»: Նրա հարեւանուհին՝ Հասմիկ Գեւորգյանը, չի հիշում, թե իրենց տան
ծորակից վերջին անգամ երբ է ջուր հոսել. «Ամռանը յոլա ենք գնում ձորի ջրով, կեղտը
նստում է տակը, երեսի մաքուր ջուրը օգտագործում ենք լվացքի, հատակ լվալու, կովի,
հավի խմելու ջրի համար: Խմելու ջուրն էլ առաջ դույլը 100 դրամ էր, հիմա էլ դարձրին
150: Փող ունեցար՝ կառնես, չէ՝ ծարավ մեռի: Հարեւանից մի օր բերիր, երկու օր բերիր,
երրորդ օրն էլ բերանիդ կտա ամանդ: Բոլորն էլ մի օրի են»: Հինգ-վեց հոգուց բաղկացած
ընտանիքը միջին հաշվով մեկ ամսվա ընթացքում խմելու ջրի համար ծախսում է 12-15000
դրամ, իսկ անասունների համար՝ կրկնակի: Կանաչեղենի մարգերը ջրելու նպատակով շատերը
ափսեները պարզաջրած ջուրն են օգտագործում: Անգին Ալեքսանյանի հավաստմամբ,
ոռոգման ջուրն ամեն գարնան սկզբին մեկ կամ լավագույն դեպքում՝ երկու օրով միացնում
են. «Միացնում են, որ ժողովուրդը ոգեւորվի: Հողը պարապ չենք թողնում, մի բան տնկում
ենք, ասենք վարունգի ու պոմիդորի սածիլներ, մի քիչ աճում են, հետո ջուր չի լինում,
որ ջրենք, չորանում են, վրան ողբում ենք: Դա էլ մեր զբաղմունքն է»: Գյուղի
բնակիչները պատմում են, որ եղել է, որ ծարավից փոքր երեխան քիչ է մնացել՝ խեղդվի:
«էն ժամանակ մեր ավանի նախագահը Մխեյանն էր ու իր գոմը մի օր հրդեհվել էր: Ջուր չկար,
որ հանգցնեինք: Դույլերով, կժերով տներից ջուր ենք հավաքել, որ կրակը հանգցնենք»,-
պատմում է Անգին Ալեքսանյանը: Ինչպես բնակիչներն են հավաստիացնում, ամեն տարի
հազար ու մի բողոք-նամակներ են գրել կառավարություն, բայց դրանք առայսօր մնացել են
անպատասխան: Արդեն որոշել են չդիմել. «Ի՞նչ բողոքենք, թե չէ՝ չգիտեն, առաջ ոչ մեկը
չգիտեր, թե Լեռնագոգը որտեղ է, հիմա մարդ չկա, որ չիմանա»,- ավելացրեց Հասմիկ Գեւորգյանը:
«Մենք կառավարությունից կուշտ ենք»,- ասում են Լեռնագոգ գյուղի բնակիչները
եւ սպասում են գերմանացի բարերարներին, որոնք խոստացել են երկու կիլոմետր հեռավորությունից
ջրագծերը հասցնել գյուղ: ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԵՊՀ 4-րդ կուրսի
ուսանող Ոչ միայն Լեռնագոգ գյուղը, այլեւ Արմավիրի Բաղրամյան
շրջանի մնացած գյուղերը երկար տարիներ է, ինչ տառապում են ջրի հոգսից: Ջուրն այստեղ
վաճառվում է, թեպետ ջրի «գծով» Եվրոկոնվենցիային միացած մեր երկիրը պարտավոր էր յուրաքանչյուր
քաղաքացու ապահովել օրական 3 լիտր անվճար խմելու ջրով: Մենք տեղեկացանք, որ մեկ տարուց
ավելի է, ինչ «Նոր ակունք» ՓԲԸ-ն գերմանական KFW բանկի վարկային ծրագրով սկսել է
Լեռնագոգի եւ հարակից գյուղերում ջրագծեր անցկացնելու աշխատանքներ: Երեկ ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն Նորիկ Գեւորգյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ջրամբարն արդեն կառուցված է եւ
մինչեւ նոյեմբեր այս տարածքում ջրի խնդիրը լուծված կլինի: Իսկ անվճար ջուր ապահովելու
հետ կապված մեր հարցին պարոն Գեւորգյանը պատասխանեց. «Մենք Լեռնագոգի գյուղապետի
խնդրանքով խմելու ջրի խորքային հոր ենք բացել, որ նա ցիստեռնով ջուր տանի գյուղ:
Իմ տեղեկությամբ, նա ամիսը մի քանի անգամ է ջուր վերցնում հորից, բայց դա արդեն իրենց
խնդիրն է, մենք ապահովել ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել