Ասում է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը

– Աշխատում են բոլոր նրանք, ովքեր դեռեւս որոշակի ասելիք ունեն եւ ինչ-ինչ առաջարկություններ կներկայացնեն: Իրավիճակը կարելի է բնութագրել հետեւյալ ձեւով. նախագիծը բավարարում է եվրոպական չափանիշներին, սակայն ցանկացած փաստաթուղթ միշտ էլ կարելի է ինչ-որ չափով բարելավել: Քանի որ դեռեւս երկու շաբաթից մի փոքր ավելի ժամանակ կա, կարծում եմ՝ նրանք, ովքեր ցանկություն ունեն բարելավելու նախագիծը, դեռեւս կաշխատեն: Բայց մեկ բան ակնհայտ է, որ օգոստոսի 29-ից գոնե մեկ շաբաթ առաջ պետք է վերջակետ դրվի, նախագիծը պատրաստվի երկրորդ ընթերցման:
– Նախագիծը երկրորդ ընթերցման նախապատրաստելու ընթացքում որքանո՞վ են հաշվի առնվելու Վենետիկի հանձնախմբի առաջարկությունները:
– Ըստ էության, մեկ առաջարկություն կա, որը վերաբերում է կառավարության կառուցվածքին, այն, ըստ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, պետք է սահմանվի օրենքով: Սա ընդհանուր մոտեցում է, կարծում եմ՝ ճիշտ կլինի մենք եւս արձանագրենք, որ կառավարության կառուցվածքը սահմանվում է օրենքով: Հաջորդ հարցը, որի հետ կապված հանձնաժողովը առաջարկություն ունի, վերաբերում է, այսպես կոչված՝ կառուցողական անվստահությանը: Իրենց ձեւակերպումը հետեւյալն է՝ միգուցե օգտակար կլիներ այդ մեխանիզմի օգտագործումը: Ասեմ, որ այս մեխանիզմը հիմնական գծերով կա նախագծում: Ի՞նչ է նշանակում կառուցողական անվստահություն. սա նշանակում է, որ խորհրդարանը միշտ էլ կարող է անվստահություն ներկայացնել կառավարությանը, սակայն անվստահության որոշումը ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ ձեւավորվում է հաջորդ կառավարությունը: Նպատակն այն է, որ չստեղծվի մի իրավիճակ, երբ մի կառավարությունը գնացել է, բայց մյուսը դեռեւս չկա: Ի տարբերություն գործող Սահմանադրության, նախագիծն արձանագրում է, որ յուրաքանչյուր կառավարություն, անգամ, երբ հրաժարական է ներկայացրել կամ իրեն անվստահություն է հայտնվել, իր լիազորությունները վայր է դնում միայն նոր կառավարության ձեւավորումից հետո, այսինքն՝ շարունակականությունն ապահովված է: Կարծում եմ, կարելի է մտածել կառուցողական անվստահության մեխանիզմն ավելի ամրապնդելու ուղղությամբ, այդ նպատակով կարելի է երկու արձանագրում անել: Մեկը այն է, որ, եթե խորհրդարանը անվստահություն է հայտնում կառավարությանը, ապա նոր կառավարության ձեւավորման համար գործում է ոչ թե երկաստիճան համակարգը, այլ՝ գուցե մեկաստիճան համակարգը: Այսինքն՝ խորհրդարանը կունենա ընդամենը մեկ հնարավորություն, երբ անվստահություն է հայտնել կառավարությունը ձեւավորելու համար: Հաջորդն այն է, որ նախագիծը չի նախատեսում այնպիսի դեպք, երբ խորհրդարանում մեծամասնություն չի լինի կառավարության ձեւավորման համար: Շատ ավելի ճիշտ կլինի հստակ արձանագրել, թե ի՞նչ պիտի արվի այդ ժամանակ:
– Հմայակ Հովհաննիսյանը օրերս հայտարարեց, որ սահմանադրության փոփոխություններով ուժեղանում է վարչապետի ինստիտուտը, եւ հակառակը՝ արձանագրվում է, որ նախագահի ինստիտուտը ինչպես չէր գործում, այնպես էլ շարունակելու է անգործ մնալ, եւ որ օլիգարխները վերջնականապես տեր ու տիրական են դառնալու եւ իրենք-իրենցով վարչապետ են նշանակելու: Դուք համաձա՞յն եք այս գնահատականին:
– Ցավալի է, որ նման փաստաթղթի շուրջ այդպիսի ոչ հիմնավոր մեկնաբանություններ են արվում: Բազմիցս ասվել է, որ նախագծի նպատակը ոչ թե որեւէ կառույցի ուժեղացնելն է կամ թուլացնելը, այլ՝ ներդաշնակ զսպումների եւ հակակշիռների համակարգի ստեղծումը: Սա է հիմնական խնդիրը, եւ այս նախագիծը պետք է գնահատել այս տեսակետից: Հաշվի առնելով, որ գործող Սահմանադրությունը զգալիորեն թեքված է դեպի նախագահական լիազորություններ, իհարկե, վարչապետի եւ կառավարության դիրքերը փոփոխություններով ամրապնդվում են, եւ մեծանում են նաեւ խորհրդարանի լիազորությունները: Կարծում եմ, նման տեղաշարժը բնական է, քանի որ, ի վերջո, կառավարությունը չի կարող գոյություն ունենալ վերացականորեն: Փաստորեն, 1999-ի ընտրություններից ի վեր խորհրդարանն է ձեւավորում կառավարությունը, խորհրդարանն է առաջարկում վարչապետի թեկնածություն, եւ կառավարության ու վարչապետի կայունությունը պատահական չէ: Պատահական չէ, որ քաղաքական առաջադրման արդյունքում կառավարությունը գլխավորող Անդրանիկ Մարգարյանը «ամենաերկարակյաց» (եթե կարելի է այդպես ասել) վարչապետն է Հայաստանի անկախության շրջանում:
– Եթե ընդդիմությունը որոշի չմասնակցել օգոստոսի 29-ի արտահերթին, ի՞նչ եք անելու իշխանության ներկայացուցիչներով:
– Մեկ անգամ չէ, որ առիթ է եղել ասելու, որ ընդդիմությունը ճիշտ չի լինի, եթե իրեն դուրս դնի երկրի համար կարեւորագույն քաղաքական գործընթացներից: Ընդդիմությունը կարող է դեմ լինել, չհամաձայնել այս կամ այն հարցում, բայց չմասնակցել գործընթացներին՝ անհեթեթություն է, նման բան չի լինում քիչ թե շատ նորմալ քաղաքական համակարգ ունեցող երկրում: Կարծում եմ, ընդդիմությունը իրեն վատ վիճակում կդնի, եթե որոշի չմասնակցել այս գործընթացին, ես շատ կափսոսամ, եթե նման քայլ արվի:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱ


















































