Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհարգալից վերաբերմունք»

Սեպտեմբեր 03,2005 00:00

Այսպես է բնութագրել Կարեն Դեմիրճյանի մասին հաղորդումը
նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Առաջին
այրեր» հաղորդաշարի վերջին՝ սեպտեմբերի մեկի թողարկումը նվիրված էր Կարեն Սերոբի
Դեմիրճյանին: Այդ հաղորդման տեւողությունը սովորաբար 30 րոպե է: Կարեն Դեմիրճյանին
նվիրված հաղորդումը, սակայն, տեւեց 15 րոպե եւ ուղեկցվում էր տեխնիկական խոտանով:
Իսկ այդ 15 րոպեների ընթացքում պետական գործչի կյանքն ու գործունեությունը ներկայացվեց
բավականին կցկտուր, կիսատ-պռատ: Ի պատասխան «Առավոտի» հարցի, երեկ Կարեն Սերոբիչի
այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, «խայտառակություն» որակեց այդ հաղորդումը: «Ես ստույգ գիտեմ,
թե որ հատվածներն են մոնտաժվել, ընդ որում եթերից անմիջապես առաջ: Այդ էր պատճառը,
որ հաղորդումը ձգձգվում էր եւ հեռուստադիտողը ստիպված էր տասը րոպե դիտել Հանրային
հեռուստատեսության վարագույրը»,- ասաց տիկին Ռիման: Նրա հավաստմամբ՝ մոնտաժվել են
հատկապես այն հատվածները, որտեղ երեւում էր Կարեն Սերոբիչը՝ Մարզահամերգային համալիրի
շինարարության ժամանակ՝ շինարարների, ճարտարապետների հետ զրուցելիս, շինարարության
ընթացքին հետեւելիս, բացման արարողությունը, նաեւ այն, որ պետբյուջեից համալիրին
հատկացվել է 34 միլիոն ռուբլի: «Ես համարում եմ, որ սա խիստ պրովոկացիոն քայլ է այս
իրավիճակում»,- ասում է տիկին Ռիման: Բայց մյուս կողմից էլ չի զարմանում, քանի որ՝
«Հանրային հեռուստախորհուրդը ղեկավարում է մի այնպիսի անձ, որը կասկածվել է «հոկտեմբերի
27»-ի գործով, որպես դրդող: Ես իրավունք ունեմ Ալեքսան Հարությունյանի կողմից այս
քայլը գնահատել որպես Կարեն Դեմիրճյանի հիշատակի նկատմամբ անզուսպ ատելության դրսեւորում:
Ատելություն, որը չի հագեցել նույնիսկ հոկտեմբերի 27-ից հետո: Ատելություն, որը նրա
մեջ սպանեց նույնիսկ ինքնապաշտպանության բնազդը: Նա պետք է հասկանար, որ այդ քայլը
հենց այսպես էլ կընկալվի»: Տիկին Ռիման այդ հաղորդումը սադրիչ է որակում,
քանի որ Մարզահամերգային համալիրի վաճառքն, իր կարծիքով, անօրինական է. ՄՀՀ-ն ներգրավված
չի եղել սեփականաշնորհման ենթակա շինությունների ցուցակում: Բացի այդ, տիկին Ռիմայի
հավաստմամբ, Մարզահամերգային համալիրն ընդգրկված է պետական պահպանության ենթակա մշակութային
արժեքների ցուցակում. «Ոմն գլխավոր ճարտարապետ (խոսքը Նարեկ Սարգսյանի մասին է-Ն.
Գ), պաշտոնանկ արվելուց հետո նորից հայտնվեց, հավանաբար պատվերներ կատարելու համար,
եւ հայտարարեց, որ Մարզահամերգային համալիրն արժեք չի ներկայացնում, չի եղել պետական
պահպանության ենթակա արժեքների ցուցակում: Ես չգիտեմ, գուցե նրա համար արժեք են այն
հավաբները, որոնք Օպերայի տարածքում են կառուցվել եւ կոչվում են սրճարաններ: Կամ
այն շքեղ շինությունները, որոնք մարդկանց քրտինքի, արյան, վտարման եւ բոմժացման գնով
են կառուցվում: Իր խնդիրն է, համենայնդեպս, արժեքների իր ցուցակը չի համընկնում իրական
արժեքների ցուցակի հետ»: Իսկ Ալեքսան Հարությունյանի վարքագիծը Ռիմա Դեմիրճյանը
որակում է իշխանություններին մատուցված արջի ծառայություն. «Ես եթե իշխանավոր լինեի,
այդպիսի աշխատող մեկ րոպե անգամ չէի պահի: Խայտառակ ձեւով կվտարեի: Այդ մարդը, եթե
ուրիշ ոչինչ չէր հասկանում ու հաշվի առնում, գոնե այնքան խելոք լիներ՝ նախագահի կողմից
շնորհված հերոսի կոչումը հարգեր: Դա էլ չի հարգում, թող ականջին օղ անի՝ քանի դեռ
ես ողջ եմ, քանի դեռ կա հայ ժողովուրդը՝ մենք թույլ չենք տա այդպիսի անհարգալից վերաբերմունք
Կարեն Դեմիրճյանի հիշատակի նկատմամբ»: Այս իրադարձություններն այնքան են վրդովվեցրել
տիկին Ռիմային, որ նրան չի հուսադրում անգամ այն, որ ՄՀՀ վաճառքի պայմանագրի համաձայն
անվանափոխություն տեղի չի ունենալու. «Այս ամենից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ,
որ Կարեն Դեմիրճյանի անունը կպահպանվի: Այդ հաղորդումը հատուկ արված էր նրա համար,
որպեսզի ցույց տային, թե համալիրն ընդհանրապես կապ չունի Կարեն Դեմիրճյանի հետ եւ
չի եղել նրա կյանքում»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Մեղադրվող» կողմի
պարզաբանումները հուսով ենք հրապարակել առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930