Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՌԱԿՏՎԵՑ

Սեպտեմբեր 03,2005 00:00

Բայց
սա դեռ վերջը չէ Վաղուց արդեն գաղտնիք չէր, որ «Հանրապետություն» կուսակցության
քաղխորհրդի ներսում գոյություն ունեցող տարակարծությունները մի օր անխուսափելիորեն
հանգելու էին կուսակցության պառակտման: Օրերս «Հանրապետության» քաղխորհրդի 7 անդամներ
դիմումներ ներկայացրին կուսակցությունից դուրս գալու մասին: Այդ առնչությամբ որոշ
պարզաբանումներ խնդրեցինք «Հանրապետության» նախկին նախագահ եւ կուսակցությունն արդեն
լքած Ալբերտ Բազեյանից: – Այնուամենայնիվ, ո՞րն էր «Հանրապետության» հիմնադրման
ակունքներում կանգնած այդ 7 հոգու՝ կուսակցությունը լքելու պատճառաբանությունը: –
Հավանաբար հաջորդ շաբաթ մենք հանդես կգանք մամլո ասուլիսով կամ հայտարարությամբ եւ
լիարժեք պարզաբանումներ կտանք բոլոր առաջադրվող հարցադրումներին: – Իսկ կուսակցության
այլ կառույցներում Դուք համակիրներ ունե՞ք, ովքեր պատրաստ են միանալ Ձեզ եւ դուրս
գալ «Հանրապետության» շարքերից եւ նոր կուսակցություն ստեղծել: – Իհարկե կան:
Նրանք էլ, ամենայն հավանականությամբ, դուրս կգան կուսակցությունից: Չեմ ուզում ժամանակից
առաջ ընկնել, բայց կարող եմ ենթադրել, որ դրանց թվում կարող է լինել կուսակցության
Էջմիածնի տարածքային կազմակերպությունը: Գյումրիում մենք կվերականգնենք ինքնալուծարված
կազմակերպությունը: Մյուս կողմից՝ մենք ակտիվ կամ ագրեսիվ աշխատանք չենք տանելու
«Հանրապետություն» անդամներին մեր կողմը քաշելու համար: – Թերթերից մեկին
ասել էիք, որ առաջիկա ձեր հայտարարության բովանդակությունը կախված կլինի «Հանրապետություն»
կուսակցության առաջնորդների արձագանքից: Դա ի՞նչ է նշանակում: – «Հանրապետություն»
կուսակցության ներսից բազմաթիվ անգամ խեղաթյուրված տեղեկատվության արտահոսք է եղել,
որին մամուլն արձագանքել է որպես իրողություն կամ գոյություն ունեցող փաստ: Կուսակցության
անդամներից մեկի կողմից, որը հիմա մեզ հետ չէ, ակնարկել էր, որ եթե մենք դուրս գանք
կուսակցությունից, ապա՝ մեր քայլը կարող է պայմանավորվել իշխանական ինչ-ինչ ուժերի
աջակցության հետ: Եթե նման փորձեր լինեն, մենք ըստ այդմ՝ կտանք համապատասխան գնահատականներ:
Եթե նրանք («Հանրապետություն»-ը- Ն.Մ.) իրենց պարկեշտ պահեն, մենք էլ համեստ հայտարարությամբ
հանդես կգանք, որովհետեւ մենք «Հանրապետությանը» կամ նրա հեղինակությանը վնասելու
որեւէ խնդիր չունենք: Մենք միասին ճանապարհ ենք անցել, շարունակելու ենք ճանապարհ
անցնել որպես ընդդիմադիր գործիչներ՝ անկախ այն հանգամանքից նոր կուսակցություն կձեւավորե՞նք,
թե՞ ոչ: – Իսկ ափսոսանքի զգացում չկա՞ նաեւ ձեր ջանքերով հիմնադրված կուսակցության
պառակտման համար: – Իհարկե՝ կա: Մենք մեզ էլ ենք համարում պատասխանատու այն
բանի համար, որ չկարողացանք գալ ընդհանուր հայտարարի, գնալ որոշակի փոխզիջումների:
Շարունակվեց տեսակետների բախումը, իրականությանն առնչվող գնահատականների տարբերությունը,
կուսակցության մարտավարության հետ կապված որոշակի տարակարծությունները: Մենք գտնում
էինք, որ եթե ուզում ենք խնդիր լուծել, ապա պետք է ռեալ կազմակերպչական աշխատանքներ
տանել այդ ուղղությամբ, այլ ոչ թե հանդես գալ վերամբարձ ու վերացական հայտարարություններով,
իշխանափոխության ժամկետներ նշել, կուսակցական կառույցները բարձիթողի մատնելով՝ հույս
ունենալ, որ ինչ-որ արտաքին ուժերի աջակցությամբ ՀՀ-ում ինչ-որ բան հնարավոր է փոխել:
Ես սխալ եմ համարում այդ մոտեցումը: – Տարածված կարծիք կա, որ մասնա վորապես
Դուք եւ Վաղարշակ Հարությունյանը «Հանրապետության» որեւէ ակտիվ գործողությունների
արգելակողներն էիք: – Մենք երբեք արգելակող չենք եղել: Չի եղել մի դեպք, որ
իրենք փորձեն ինչ-որ ակտիվ քայլեր ձեռնարկել եւ մենք դրան դեմ լինենք: Ուղղակի միշտ
կրկնվել են վերացական եւ վերամբարձ հայտարարություններ, իսկ մենք փորձել ենք նախազգուշացնել,
որ եթե չկա նման հայտարարություններն իրականություն դարձնելու հնարավորություններ՝
հայտարարություններ անելը սխալ է: Օրինակ՝ ձմռանը տեսնում էինք, որ գարնանը մենք
ոչինչ չէինք կարողանալու կազմակերպել: Համագումարից առաջ նախազգուշացնում էինք, որ
ո՛չ գարնանը, ո՛չ ամռանը իրական հնարավորություններ չենք տեսնում մեր այս գործելակերպով
որեւէ բան կազմակերպելու համար: Ի՞նչ արգելակելու մասին է խոսքը: Անընդհատ խոսվել
է «Արդարություն» դաշինքից դուրս գալու, այլ դաշինքի ձեւաչափ ձեւավորելու մասին,
ու ես էլ, իբր, արգելակող եմ եղել: Ես արդեն 6 ամիս Դաշինքի նիստերին չեմ մասնակցում,
կուսակցությունն ազատ էր իր գործողությունների մեջ, թող ինքը որոշեր դա անել: Հիմա
մենք չենք խանգարի՝ թող ակտիվ գործողություններ անեն: Մենք՝ որպես ժողովուրդ, կմասնակցենք
դրանց: Պատրաստեց՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930