Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն՝ ծանրոցի համար

Սեպտեմբեր 03,2005 00:00

2003թ. դեկտեմբերի 24-ին Մարտակերտի շրջանի Մատաղիսի
զորամասում կատարվել է սպանություն. սպանվել եւ գետն էին նետվել զորամասի ժամկետային
զինծառայողներ Ռոման Եղիազարյանը եւ Հովսեփ Մկրտումյանը: Զինվորական դատախազությունը
փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում սպանության մեջ կասկածվում
էին զորամասի 6 զինծառայողներ: Սակայն որպես վկա հանդես եկող Ռազմիկ Սարգսյանը վեց
ամիս հետո վերջապես խոստովանեց, որ սպանությունը կատարել է ինքը՝ նույն զորամասի
զինծառայողներ Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի հետ: Վերջիններս չեն կասկածվել:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով՝ երեք ամբաստանյալները դատապարտվեցին
15 տարի ազատազրկման: Սակայն ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», ՀՀ քրեական եւ զինվորական
գործերով վերաքննիչ դատարան բողոքարկեցին ե՛ւ տուժողների իրավահաջորդները՝ պահանջելով
ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման, ե՛ւ վերջիններիս հարազատները՝ պահանջելով
նրանց համար մեղմ պատիժ: Երկու կողմերն էլ միաժամանակ իրենց սատարելու խնդրանքով
դիմել էին «Բանակ» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդին: Սակայն խորհուրդը՝
նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ (ի դեպ, վերջինս զոհված զինծառայողի
մայր է) ծանոթանալով գործի էությանը, հրաժարվեցին սատարել նրանց: Խորհուրդը պատճառաբանել
էր, որ ամբաստանյալները զինվորական ծառայության ընթացքում իրենց պահել են անպատշաճ,
կարդացել են զինծառայողների նամակները, յուրացրել նրանց ուղարկված գումարներն ու
ծանրոցները, ավելին՝ հափշտակել հասանելիք սնունդը: Ի դեպ, սպանությունն իրականացրածների
եւ զոհերի միջեւ վիճաբանությունը ծագել է հերթական հափշտակված ծանրոցի պատճառով:
Ռոմանը եւ Հովսեփը խնդրել էին վերադարձնել ծանրոցը, ինչի արդյունքում ծագել էր վիճաբանություն
ու նրանք ծեծի էին ենթարկվել, ըստ գործի նյութերի՝ Ռազմիկի, Արայիկի եւ Մուսայի կողմից:
Արայիկը երկաթե ձողով հարվածել էր նրանց եւ ուշագնաց վիճակում թողնելով՝ հեռացել:
Դատաքննության փուլում պարզվում է նաեւ, որ որոշ ժամանակ անց ուշագնացներին տեսել
էին մահացած վիճակում: Զոհերին թաքցնելու համար 18-ամյա զինծառայողները դիակները
նետել են մոտակա գետը, եւ նրանց համարելով զորամասից փախած, սկսել են որոնողական
աշխատանքներ իրականացնել: Նշենք, որ Ռոմանի հորեղբայրը 2004-ի հունվարի 10-ին ջրասույզների
միջոցով կարողացել է հայտնաբերել դիակները: ՀՀ քրեական եւ զինվորական գործերով
վերաքննիչ դատարանում օրեր առաջ պետք է հետազոտվեին իրեղեն ապացույցները, ցուցադրվեր
այն տեսաժապավենը, որում Ռազմիկը մանրամասնորեն պատմում է եւ ցույց տալիս, թե ինչպես
է կատարել սպանությունը: Սակայն դատաքննությունն ընդհատվեց, քանի որ պարզվեց, որ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ կատարած Ռազմիկ Սարգսյանը վատառողջ
է եւ ֆիզիկապես ի վիճակի չէ ներկայանալ դատարան: Իմիջիայլոց, նույն հացադուլային
իրավիճակը ստեղծվեց նաեւ հիշյալ տեսաժապավենի ցուցադրման օրերին՝ առաջին ատյանի դատավարության
ժամանակ: Ն. Վ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել