Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՊԼԱՎՈԿԻ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Սեպտեմբեր 03,2005 00:00

Ուզում
եմ մտածել, որ անցյալում միայն սիգարետ, սուրճ եւ ջազ էր: Մեր ժամանակներն ավելի
բարդ են: «Պապլավոկի» սեղաններին հիմա բարձրանում են մրգերի բուրգեր, ֆրանսիական
անուշեղեն ու էկզոտիկ կոկտեյլներ: Իսկ Վահագն Հայրապետյանի դասական ջազի
փոխարեն՝ Արամոյի doo-bop իմպրովիզներն են: Երեկոյան հերոսները, որ կյանք
են տալիս Երեւանի ոչ անհայտ սրճարանին, այստեղ են ձեւավորում հեղափոխականության համարձակ,
գունավոր մշակույթ: Ձախ սեղանի շուրջ մի քանի ուսանող հանգամանալից քննում
է թուրք պատմաբան Եքթան Թյուրքիլմազի գործը: Նա առանց դատավարության 2 ամիս պահվում
էր Ազգային անվտանգության նկուղներում: Մի խումբ զբոսաշրջիկներ եկել են սեփական
աչքերով տեսնելու այն տխրահռչակ զուգարանը, որտեղ թիվ մեկ թիկնապահները ծեծելով մահվան
դատապարտեցին նախագահին ողջունել հանդգնողին: Այստեղ կարող են լինել մի խումբ
գործարարներ, որոնց ախորժակն իրենց դղյակների պես մեծ է, կամ էլ առաջին հայացքից
քաղաքականությունից հեռու աղջիկներ՝ «Louis Vuitton»-ի վերջին նորություններով պճնված:
Բայց նրանց խոսակցության թեման ընդհանուր է՝ «Հոկտեմբեր 27», Արմեն Սարգսյան, կեղծված
ընտրություններ, Հյուսիսային պողոտա… Ի տարբերություն անցյալի, այսօրվա քաղաքական
թունդ բանավեճերում լոկ լաց եւ «երանի»-ներ չեն: Սարկազմի եւ այլաբանության մեջ պարզ
լսելի են (ժողովուրդը այլեւս շշուկով չի խոսում) հեղափոխության բարձր նոտաները: Ժողովրդավարություն,
ազատություն, մարդու իրավունքներ, ծիրանագույն հեղափոխություն. սրանք պապլավոկյան
նորագույն բառամթերքի աղն են, լճափնյա խնջույքի հիմնական կենացները: Աշխույժ
դեմքերը, խելառ երաժշտությունը, ճոխ սեղանները, հետաքրքիր երեկոյի ծարավը ու թեժ
քննարկումը համոզում են, որ ծնվում է շարժում: Բայց արդեն առավոտյան ժամը
4-ն է, եւ նույնիսկ անուղղելի պրովոկատորները պետք է տուն գնան: Ու երբ «Պապլավոկի»
«հեղափոխականները» ցրվում են ու քնում, արթնանում են երթուղային առաջին տաքսիները:
Մինչ արեւը լուսավորում է իրականությունը, ամենաշատը հեղափոխության կարիք
ունեցող մարդիկ պատրաստվում են օրվան. չէ՞ որ նրանք չեն կարող մասնակցել հեղափոխական
երազախաբությանը. նրանք ընտանիք պետք է կերակրեն: Եվ հենց սա է «Պապլավոկի»
պարադոքսը: Մի կողմից այն հեղափոխություն սկսելու իդեալական վայր է: Այստեղ կոռուպցիայի
ու հատուցման մասին անվերջ խոսելը դարձել է արվեստ, նորաձեւություն ու մասնագիտություն:
Այն նույնիսկ իր պատմության մեջ եղել է անարդարության օջախ: Իր բնավորությամբ՝ «Պապլավոկը»
միշտ էլ քաղաքականության մեջ է եղել, խառնվել է ու խառնել: Մյուս կողմից՝
անկարող է լուծել Հայաստանի խնդիրները: «Պապլավոկի» կերպարները կարիք չունեն հեղափոխության
ու այդ պատճառով էլ ամենեւին էլ չեն մասնակցի դրան։ Նրանք կխոսեն հեղափոխության ու
դրա գույնի մասին, իրենց միտքն ազատ վաճառքի կհանեն, կհերոսացնեն սեփական ես-ն ու
իրենց կվերագրեն ամեն ինչ, սակայն վճռորոշ պահին հետ կկանգնեն: Խոսողների ու կարիքը
ունեցողների միջեւ անջրպետն անհաղթահարելի է։ Բայց հեղափոխությունները չեն
ծրագրվում եւ իրագործվում մի գիշերում: Ամերիկայում 1776 թվականի դիմադրության
մասին դրա առաջնորդներից մեկը՝ Ջոն Ադամսը, գրել է՝ «հեղափոխությունը կայացել էր
ամերիկացիների սրտում եւ մտքում»: Այս առումով Հայաստանի հեղափոխությունը
ճանապարհին է: Հիմա ո՞վ տեր չի կանգնի իր ազատությանն ու քաղաքացիական իրավունքին:
Ո՞վ պատրաստ չէ ապրել հանդուրժողականության ու ժողովրդավարության մթնոլորտում: Նույնիսկ
սովետասեր Արսենը՝ տաքսու վարորդը, որ ամառային գիշերներին հարբած զբոսաշրջիկներին
հասցնում է հյուրանոց, համաձայն է, որ անկեղծ ու իրական ժողովրդավարությունն ավելի
սիրելի կլինի, քան խորհրդային անցած ռեժիմը, երբ ինքն ու էլի շատերն իրենց ազատ ու
պաշտպանված էին զգում: Ավելի դժվար հարցեր: Ե՞րբ հավաքական իղձերը կդառնան
ժողովրդի կողմից ներկայացված վերջնագիր: Հայերի սրտում ու մտքում եղած հեղափոխությունը
ե՞րբ կվերածվի իշխանափոխության: «Մեկ անգամ եւս կոռուպցիայի մի նոր դեպք,
մի հատ էլ լուրջ սկանդալ, անարդարություն, եւս մի կաթիլ… Ու ժողովուրդը կպայթի:
Հիշե՛ք, խոսքս»: Միշտ էլ ասել են ու միշտ էլ սխալվել, բայց այս անգամ ամեն
ինչ ավելի լուրջ է, այս անգամ իշխանությունները հասկանում ու զգում են ժողովրդի ցասումը:
Այդ պատճառով հերթական խաղը՝ սահմանադրական փոփոխություններ, ինչին խրախուսվում
է բոլորի մասնակցությունը, որպեսզի մենք էլ մեզ արժանապատիվ քաղաքացի զգանք: Դրա
համար նաեւ Թյուրքիլմազի ազատումը, ու մեկ օրվա մեջ ուղեվարձի 30 դրամ թանկացումը
եւ հետո նորից էժանացումը: Բայց եթե իշխանությունը կարող է սեմինարներ կազմակերպել,
արդար դատավճիռներ հրապարակել, գների բարձրացումը կարգավորել, այն չի կարող իրեն
թույլ տալ ընտրություններում պարտվելու շռայլություն: Եթե իշխանությունը ճիշտ
քայլեր անի, ինչպես կարծես թե ջանում է, այն կարող է հարատեւել երկու տարի: Բայց
մինչեւ հաջորդ ընտրությունները անշրջելի կլինի Հայաստանի ոգեղեն հեղափոխությունը:
Երբ գա այդ ժամանակը, իշխանությունները կմտածեն միջոցների մասին: Բայց վերջաբանն
արդեն իրենք չեն գրի: Հեղափոխությունը կլինի… այսպես թե այնպես: Ու
հակառակ պապլավոկցիների համոզման՝ «Պապլավոկը» դրա հետ կապ չի ունենա: ԿԱՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ UCLA (Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի) ուսանող, «Bruin
Standard» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930