Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ, ԲԱՅՑ՝ ՄԱՍԱՄԲ

Սեպտեմբեր 13,2005 00:00

Երեկ
սկսվեց Աժ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանը, որը կարելի է բնորոշել որպես ընդդիմության
ամբողջական՝ «Ազգային միաբանության» եւ մասնակի՝ «Արդարության» վերադարձի նստաշրջան:
Խորհրդարանական քառօրյան սկսվեց երկրի Օրհներգով, սակայն չկար առաջվա էնտուզիազմը,
քանի որ պատգամավորների թիկունքներից էլ պարզ երեւում էր, որ ոչ մեկի սիրտը չէր թրթռում,
ոչ մեկը ձեռքը կրծքին չէր սեղմել եւ սուրբ շարականի պես չէր երգում ձայնագրության
հետ միասին, տեսարան, որը մենք տեսնում ենք ամերիկյան ֆիլմերում: Ամեն ինչ կատարվեց
հավուր պատշաճի, եւ Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի կարծես հոգնած ձայնը ազդարարեց,
որ օրենսդիրները սկսում են աշխատել: Իրականում, սակայն, իսկական սկսողը եղան
«Ազգային միաբանություն» խմբակցությունը եւ Հմայակ Հովհաննիսյանը, որոնք միանգամից
ԱԺ նախագահի եւ նիստը վարող փոխնախագահի համար ապահովեցին անհանգիստ վիճակներ: Նախ,
«ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ եթե ԱԺ այս նստաշրջանն էլ ԶԼՄ-ներում
լուսաբանվի այնպես, ինչպես լուսաբանվել է շաբաթ օրը «ԱՄ» նախագահության նիստից հետո
տրված մամուլի ասուլիսը, ապա «ԱԺ-ն պարտավոր է հարց բարձրացնել, որ այդ մարդկանց,
այդ լրատվամիջոցներին զրկել արտոնագրերից»: Իսկ Հմայակ Հովհաննիսյանը, որն այս նստաշրջանում
կարծես նոր ձեւեր է որդեգրել, այն է՝ ոչ թե «փիս-փիս» խոսքեր ասել ՕԵԿ-ի եւ ԱԺ նախագահի
հասցեին, այլ փորձել նրանց կիսահումորով գովելով՝ ստիպել ավանդների մասին հարցը քննարկել
Աժ օրակարգում. «Սա պարզապես խայտառակ իրավիճակ է ժողովրդավարական պառլամենտի գործունեության
համար, որովհետեւ այսօր ասեկոսեներ են պտտվում, որ հանձնաժողովը հայտնաբերել է կոնկրետ
անձերի, դեմքերի անուններ, որոնք մսխել, հափշտակել, կողոպտել են ժողովրդի ավանդները
եւ այդ ասեկոսեները չեն հերքվի, քանի դեռ հանձնաժողովը (խոսքը ՀՀ նախագահին առընթեր
ավանդների վերադարձման հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի մասին է, որը մինչ այժմ
հաշվետվությամբ հանդես չի եկել- Մ.Ե.) հաշվետու չի լինի Աժ-ի առջեւ»: Հիշեցնելով,
որ օրինագծերից մեկի համահեղինակը հանգուցյալ պատգամավոր Արտակ Առաքելյանն էր, Հմայակ
Հովհաննիսյանն ասաց. «Ի՞նչ է, դուք սպասում եք, որ Արտակ Առաքելյանի նման նաեւ մեր
մյուս ավանդատունե՞րը չհասցնեն իրենց ավանդները ստանալ: Եթե այդպես չէ, ինչո՞ւ հարցը
չեք դնում օրակարգում: Եթե չդնեք՝ ես հանրաքվեի նախօրեին կսկսեմ նոր ստորագրահավաք,
եւ, հավատացած եղեք, ավանդատուները (2 միլիոն 200 հազար մարդ- Մ.Ե.) չեն մասնակցի
հանրաքվեին»: «Զընգ-զընգ»,- զանգի կոճակը շարունակ սեղմում էր Վահան Հովհաննիսյանը,
սակայն մյուս Հովհաննիսյանը խոսում էր եւ խոսում: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի
համար ամենեւին դժվար չէր խոսել ավանդների մասին եւ ստացվեց այնպես, ինչպես հայտնի
ֆիլմում՝ նա, ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի: Ըստ ԱԺ նախագահի, «ՕԵԿ-ն այս
դահլիճում ունի միայն 21 պատգամավոր, ինձնից լավ գիտեք, որ որոշումները կայացնելու
համար անհրաժեշտ է 66 ձայն, դրա համար ավանդների հարցը չի կարող լինել մի քաղաքական
ուժի մենաշնորհը, դրա համար բոլորս միասին, ինչպես ժողովուրդն է ասում՝ գյուղ կանգնի՝
գերան կկոտրի»: Ավանդների մասով Արթուր Բաղդասարյանն ասաց. «Այո, օրենքով սահմանված
կարգով ավանդների վերադարձման հարցը ներառվելու է այս նստաշրջանի ընթացքում: Ես,
որպես Արթուր Բաղդասարյան, որպես Աժ նախագահ, եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ
ավանդները պետք է վերադարձվեն ժողովրդին»: Այս ամենին չէր մասնակցում «Արդարություն»
խմբակցությունը, որը ճիշտ նույն պահին նիստ էր անում, որի ընթացքում որոշեց՝ Աժ նիստերի
եւ աշխատանքներին մասնակի մասնակցության մասին: Իսկ դա, ըստ խմբակցության քարտուղար
Վիկտոր Դալլաքյանի, նշանակում է՝ մասնակցել առավել կարեւոր հարցերի քննարկումներին,
քվեարկել այն դեպքում, երբ պարզ կլինի, որ այդ քվեարկությունը կփոխի արդյունքը, օգտագործելու
են խորհրդարանի ամբիոնը, մասնակցելու են հայտարարություններին, հարց ու պատասխաններին,
ճեպազրույցներին, «Խորհրդարանական շաբաթի» երեք րոպեներին: Մնում է միայն հասկանալ,
ո՞վ է որոշելու, թե որ նախագծերն են ժողովրդի համար կարեւոր եւ որոնք՝ ոչ: Ընդդիմադիր
գործընկերներից մեկը դիպուկ նկատեց՝ «Մասնակիս ո՞րն է, կիսահղի վիճակներ չեն լինում»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել