Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային» պատրվակն այլեւս չկա

Սեպտեմբեր 13,2005 00:00

Միջազգային շուկայում բենզինի գները, սկսած
սեպտեմբերի 9-ից, արդեն սկսել են իջնել: Իսկ Հայաստանի բենզինի շուկայում դեռեւս
գների փոփոխություն չի սպասվում: Երեկվա դրությամբ, «Ռեգուլյար» բենզինի 1
լիտրն արժեր 360-390 դրամ, «Պրեմիումը»՝ 370-380, իսկ «Սուպերը»՝ 400-410 դրամ: Համաշխարհային
շուկայում բենզինի գների իջեցումը մեր շուկայի վրա կանդրադառնա միայն սեպտեմբերի
15-ից հետո, իսկ մինչ այդ՝ տարբեր մասնագետներ դեռ շարունակում են քննարկել, թե ինչով
է պայմանավորված բենզինի գների կտրուկ աճը, այն ինչքանո՞վ կանդրադառնա սպառողական
գների վրա եւ այլն: Նախ, ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2005 թվականի հունվար-օգոստոս
ամիսներին բենզինը թանկացել է շուրջ 2.5 տոկոսով, իսկ օգոստոսին՝ հուլիսի համեմատ՝
3.3 տոկոսով: Ըստ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի, Հայաստանում
բենզինի գների կտրուկ աճի վրա համաշխարհային գործընթացների ազդեցությունն էական չէ,
եւ այն համամասնական չէ նավթի համաշխարհային գների աճի տեմպերին: Նա «Մեդիամաքս»
գործակալությանը տված հարցազրույցում չէր բացառել, որ «բենզինի գների կտրուկ աճը
կարող է պայմանավորված լինել քաղաքային տրանսպորտի գների ակնկալվող բարձրացման հետ»:
Ա. Պողոսյանը նաեւ նշել էր, որ ստեղծված պայմաններում քաղաքային տրանսպորտի
սակագների բարձրացումը ձեւականորեն հիմնավորված կլինի: «Տնտեսական իրավունքի կենտրոն»
հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը Հայաստանում բենզինի գների
աճը նույնպես կապել էր ավելի շատ ներքաղաքական, քան արտաքին տնտեսական զարգացումների
հետ: Պարոն Արիստակեսյանի հավաստմամբ՝ լրացուցիչ ֆինանսների ներգրավման խնդիր էլ
կա՝ կապված տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների եւ սահմանադրական
հանրաքվեի հետ: Նա, համակարծիք լինելով Արմեն Պողոսյանի հետ՝ հավատացած է, որ նավթի
եւ բենզինի համաշխարհային գների աճը չի կարող այդքան էական դեր խաղալ ներքին շուկայում
գների կտրուկ բարձրացման վրա: Մովսես Արիստակեսյանը նաեւ կարծում է, որ բենզինի թանկացումը
կարող է հարմար առիթ դառնալ երթուղային տաքսիների սակագները բարձրացնելու համար,
չնայած դրանց մեծ մասն աշխատում է գազով: Բնակչության կողմից մեծ մտավախություն
կար, որ վառելիքի թանկացումը կբերի հացի ու հացամթերքի թանկացմանը: Վերջերս հրավիրած
մամուլի ասուլիսում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն էլ կանխատեսել էր,
որ «անշուշտ, ապրանքների բոլոր խմբերը կթանկանան, եթե վառելիքի գները շարունակեն
բարձրանալ»: Գների մակարդակի վրա էական ազդեցություն ունեն հատկապես որոշ
ապրանքատեսակներ. Հայաստանում դա առաջին հերթին հացն ու հացամթերքն է, որոնց տեսակարար
կշիռը սպառողական զամբյուղի վրա մեծ է: Չնայած մասնագետների մտավախություններին,
փաստորեն, մինչ օրս ոչ հացի, ոչ էլ այլ ապրանքատեսակների գների աճ չի նկատվում: Հ.
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել