Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻ՞Ց

Նոյեմբեր 10,2005 00:00

ՆՈՐԻ՞Ց ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի՝ նման բան կարող է տեղի ունենալ, եթե Հայաստանն ընդունի երկքաղաքացիություն: Ի՞նչ վտանգներ են սպառնում մեր պետությանը՝ երկքաղաքացիությունն ընդունելու պարագայում, ինչո՞ւ մենք չենք կարող մեզ թույլ տալ երկքաղաքացիներ ունենալու շքեղությունը, ո՞ր երկրի հպատակն է եւ ո՞ր երկրի շահերը կպաշտպանի երկքաղաքացին… Այս հարցերի պատասխանները գտնելու առումով «Համաձայնություն» կենտրոնի երեկ կազմակերպած «Երկքաղաքացիության հարցը» թեմայով սեմինարը բավականին տեղին էր, քանի որ հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխություններում վերացվում է երկքաղաքացիության արգելանքը: Զեկուցողները՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը եւ «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը տարբեր ասպեկտներից ներկայացրին երկքաղաքացիության արգելանքը հանելու դեպքում հնարավոր բոլոր բարդությունները, որ կարող են կանգնել մեր պետության առջեւ: Ըստ Վարդան Հարությունյանի՝ չի բացառվում, որ օտար երկրի քաղաքացիներին ՀՀ քաղաքացու կարգավիճակ շնորհելը ի վերջո հանգեցնի նրան, որ մենք ստիպված լինենք եւս մեկ անգամ պայքարելու անկախության համար: Նա անընդունելի էր համարում այն փաստարկները, որ բերում էին երկքաղաքացիության կողմնակիցները. սփյուռքը հայրենիքի հետ կապելու համար նրանց քաղաքացիություն շնորհելն ամենեւին էլ պարտադիր չէ. «Բոլոր այն սփյուռքահայերը, որ կամենում են ապրել ՀՀ-ում եւ մասնակցել տեղի կյանքին, կարող են առանց դժվարության ձեռք բերել կացության կարգավիճակ եւ ապրել Հայաստանում՝ ունենալով բոլոր իրավունքները՝ բացի ընտրելու եւ ընտրվելու իրավունքից: Այդպիսիք մեր երկրում շատ են, եւ նրանց հայրենասիրության դրսեւորմանը ՀՀ քաղաքացու անձնագիր չունենալը չի խանգարում: Հայաստանը առաջին հերթին իր քաղաքացիների երկիրն է՝ անկախ ազգությունից, հակառակ դեպքում գործ ունենք կործանարար նացիոնալիզմի հետ»,- ասաց Վարդան Հարությունյանը: Նրա հետ համաձայն էր նաեւ մյուս բանախոսը՝ Ա. Աբրահամյանը: Նա, մասնավորապես, անդրադառնալով «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» կարգախոսին, նկատեց, որ հնարավոր չէ օրենքում գրել, որ երկքաղաքացիություն կարող են շնորհել միայն հայերին: «Սակայն եթե նույնիսկ նման ռասիստական օրենք ընդունվի, ապա հնարավոր չէ տալ էթնիկական հայի իրավական ձեւակերպումը: Իսկ եթե մի օր մի տասը միլիոն չինացի գնան Չինաստանում ՀՀ դեսպանատուն, եւ ասեն, որ հա՞յ են: Ի՞նչ է՝ պիտի սկսեն նրանց գանգերի ձեւը ստուգել կամ աչքե՞րը չափել»,- հարցրեց «Առավոտի» խմբագիրը: Նա նաեւ դեմ էր ՀՀ քաղաքացիների հաշվին Սփյուռքին լավություն անելու՝ իշխանությունների նկրտումներին: «Եթե որեւէ սփյուռքահայի ուշքը գնում է Հայաստանի համար, թող հրաժարվի այդ երկրի քաղաքացիությունից, եւ ընդունի ՀՀ քաղաքացիություն: Ես չեմ կարծում, թե 90-ականներին Հայաստանից փախած եւ տաքուկ ու բարեկեցիկ կյանքն ընտրածները նույն իրավունքները պիտի ունենան մեր երկրում, ինչ-որ ունեն հայաստանցիները, ովքեր իրենց ուսերի վրա էին վերցրել պետության ստեղծումը, շրջափակումը, պատերազմը եւ դրանց հետ կապված բոլոր տառապանքները»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել