Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիմին

Նոյեմբեր 26,2005 00:00

Ռեժիմին հարմարվելը հեշտ չէր Խոստովանում է Ինտերնետ ակումբի աշխատակցուհին Արդեն 6 տարի է՝ Վարդուհին ուսանում է եւ աշխատում: «Սկզբում ընդունվեցի ցերեկային, ընթացքում մեկ տարի տարկետում վերցրի, հիմա էլ հեռակայում եմ, որպեսզի աշխատանքս համատեղեմ դասերիս հետ: Առանց աշխատանք ուղղակի չի լինի»,- պատմեց Վարդուհին: Նա հիմնականում աշխատել է Ինտերնետ ակումբներում՝ ցերեկային հերթափոխով, բայց 6 ամիս էլ որպես ադմինիստրատոր աշխատել է գիշերային հերթափոխում. մեկ օր առավոտյան ժամը 9-ից 19-ը, մյուս օրը՝ 19-ից մինչեւ հաջորդ օրը ժամը 9-ը, եւ մեկ օր հանգիստ: Բայց ինչպես նշեց Վարդուհին, «այդ ռեժիմին այդքան էլ հեշտ չեղավ հարմարվելը: Երեւի տարբեր օրեր տարբեր ժամերի աշխատելու պատճառով, հանգստյան օրերն էլ այնպես էին անցնում, որ չէիր զգում: Մեկ օր գիշերը չէի քնում, հաջորդ օրը ամբողջ ցերեկն ու գիշերը քնած էի»: Հերթափոխին լինում են երեք աշխատող. ադմինիստրատորը, մենեջերը եւ game zone-ի աշխատակիցը: Նախապես կնքած պայմանագիր չեն ունեցել, նրանց կյանքն ու աշխատանքը գիշերային ժամերին որեւէ ձեւով ապահովագրված չէ եւ նրանց հետ «ինչ ասես կարող է պատահել» այդ ժամերին: Ստանում են ամսական 40.000 դրամ եւ մոտավորապես 10.000 դրամ՝ օրական 500-ական դրամ՝ սնվելու համար: «Գիշերային հերթափոխը հոգնեցուցիչ է եւ դրա համար չկարողացա երկար աշխատել: Մշտապես պետք է ուշադիր լինես: Ադմինիստրատորը պետք է աշխատի մի քանի ճակատով՝ համակարգիչը անջատի, միացնի, պատվեր գրանցի (ընթացքում մատուցում են թեյ, սուրճ, ըմպելիքներ), գումարը գանձի եւ հսկի հաճախորդներին, որպեսզի չփախչեն: Քնել ընդհանրապես չկա: Կարող է հանգիստ մի պահ գտնեմ, եթե մենեջերը մոտս է լինում, մի քանի րոպե համակարգչի մոտ գլուխս դնեմ, ուղղակի մի փոքր անջատվելու համար»,- պատմեց Վարդուհին: Գիշերային ժամերին, մանավանդ մինչեւ 3-ը մարդկանց հոսքը շատ է, ու հիմնական այցելուները միջին տարիքի տղամարդիկ են, աղջիկներ գրեթե չեն լինում: Կանայք զուտ գործնական խնդիրներով են այցելում՝ ինտերնետից ինչ-որ ինֆորմացիա նայելու կամ տպելու համար: Քիչ չեն նաեւ արտասահմանցիները: Ցերեկային ժամերին դպրոցականներն են շատ այցելում, հիմնականում խաղերի համար: Խաղում են GTA, Way city, ֆուտբոլ, «կազակի», ավելի փոքրերը՝ «շրեկ»: Հիմնականում խաղում են ցանցային կամ անհատական, «քաշող գրաֆիկայով» խաղեր: Իսկ ամենաշատ այցելուները հանգստյան օրերին են: Այստեղ արգելված չէ փակված սայթերից օգտվելու հնարավորությունը եւ գիշերային ժամերի այցելուները կամ «չաթ» են անում, կամ մտնում հիմնականում` պեռնի-սայթերը: Կարող են նաեւ որոշ ժամանակ անցկացնել game zone-ում, ապա ինտերնետում: «Ինչ տեսակ մարդու ասես՝ հանդիպում ենք այստեղ: Լինում են սուսիկ-փուսիկ նստած այցելուներ, որոնք հատուկ պահը ջոկում են ու թռնում՝ առանց վճարելու: Լինում են, երբ մենք հասցնում ենք ետ ենք կանչում, նրանք ներողություն են խնդրում եւ վճարում են: Լինում են անջատված այցելուներ, երբ կանչում ենք ետ, հիշում են՝ «վայ, փողը չեմ տվել» ու ետ գալիս: Այդ պատճառով գիշերային ժամերին գումարը գանձվում է նախօրոք: Երբեմն էլ հանդիպում ենք հիստերիկ այցելուների, երբ տպելու ընթացքում թուղթը վերջանում է, մի կերպ համոզում ենք, որ թղթի փոխարեն ֆլոպիի վրա կտպենք, արդյունքում սիրով համաձայնում են եւ դառնում մեր մշտական այցելուները: Հաճախորդների հետ կոնֆլիկտ չի ստեղծվի, եթե զգում են դիմացինը լուրջ է՝ իրենք իրենց կոռեկտ են պահում: Իսկ մեկ-մեկ էլ, երբ բանը բանից անցնում է, մեր միակ փրկիչը game zone-ի աշխատող տղան է՝ նրան ենք կանչում օգնության: Երբեմն էլ քնածներին ենք արթնացնում եւ հիշեցնում, որ տուն գնալու ժամանակն է»,- պատմում էր Վարդուհին: Վեճերից ու ավելորդ խոսակցություններից զերծ մնալու համար պատին փակցված էր «Կորցրած իրերի համար պատասխանատվություն չենք կրում» հայտարարությունը: Ռեպորտաժները՝ ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930