Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանը շառի բուն ա»

Նոյեմբեր 26,2005 00:00

«Ոստիկանը շառի բուն ա» Կարծում են Մանկավարժականի տղա ուսանողները: Իսկ աղջիկները հակված են ոստիկաններին վստահել: Այսպես էին արտահայտվում Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի՝ հարցման ենթարկված ուսանողները: Նախ «ոստիկան» անունը լսելիս ուսանողները ուղղակիորեն փախչում էին ձայնագրիչից, կարծելով, թե հարցազրույցը գաղտնի նկարահանվում է, եւ դա ոստիկանների հերթական «գործ սարքելն է», որի արդյունքում նրանց կձերբակալեն: Մեծ դժվարությամբ համոզելով, որ հարցումները ոստիկանության սադրանք չեն, որոշ ուսանողներ համաձայնվեցին պատասխանել մեր հարցերին առանց ներկայանալու: Հարցման ենթարկված բոլոր ուսանողները ոստիկանի մասին նույն կարծիքն արտահայտեցին. «Ոստիկանը շառի բուն ա, կարող ա անմեղ մարդու գլխին սարքի ինչ ուզի»: Չորրորդ կուրսի ուսանողներից մեկն ասաց. «Մենք շատ հեռու ենք այն երկրների մակարդակից, ուր ոստիկանը վստահություն ու հարգանք է ներշնչում: Ես ողջունում եմ այն նորամուծությունը, որ պետավտոտեսուչների քանակը պետք է կրճատվի: Չէ՞ որ նա ընդամենը 1000 դրամ հավաքող է եւ ոչ թե ավտոճանապարհային կարգուկանոնի պահապան: Տեխնիկայով դա ավելի արդյունավետ կարելի է իրականացնել: Նույն ավելորդ հաստիքն է նաեւ ոստիկանը: Շատ անմեղ երիտասարդներ են դարձել նրանց զոհը, խորտակել իրենց կյանքն ու ապագան»: Ոստիկանի հետ առնչությունը ուսանողները համարում են անեծք. «Աստված չանի, որ առնչվենք»: Հարցին ի պատասխան՝ կոնֆլիկտային լարված իրավիճակում ոստիկանին օգնության կկանչե՞ն, թե՞ ոչ, ուսանողներից մեկն ասաց. «Իհարկե, ոչ: Ավելի լավ է ծեծվեմ, բայց ինքս իմ հարցերը լուծեմ, քան ինձ համար վանդակավոր արեւ ստեղծեմ»: «Քիմիա եւ կենսաբանություն» ֆակուլտետի մի խումբ ուսանողներ էլ պատմեցին, որ Ճարտարագիտական համալսարանում, ուսանողների միջեւ ծագած վիճաբանության ու դանակահարության ինչ-որ միջադեպի հետ կապված, Մանկավարժական համալսարան էին գործուղվել երկու ոստիկան՝ «կարգ ու կանոն պահպանելու»: Սակայն, ըստ ուսանողների, նրանց ներկայությունը միջանցքներում ավելի լարվածություն էր ստեղծում. «Դա մեր առաջին առնչությունն էր ոստիկանի հետ եւ կցանկանայինք, որ լիներ վերջինը: Իրենք իրենց լավ տղու տեղ էին դնում եւ անընդհատ ուզում էին մեզ նվաստացրած լինեին: Ծխելով մոտենում էին մեզ եւ ասում, որ մենք չծխենք, այստեղ արգելված է: Սիգարետը գցում էինք, ասում էին՝ «Կռացի վեր կալ»: Մենք զգում էինք, որ իրենք անընդհատ ուզում էին արհեստականորեն կոնֆլիկտ ստեղծել, ու ստիպված լռում էինք: Բայց մի օր էլ մեր համբերության բաժակը լցվեց: Քսան հոգով հավաքվեցինք ու դասերից հետո մի լավ ծեծեցինք նրանց: Դրանից հետո երկար ժամանակ դասի չէինք գալիս, որ չբռնվենք: Մինչեւ եկանք՝ իրենք արդեն չկային: Զարմանալի է, բայց լավ պրծանք»: Հարցը՝ կընտրե՞ն ոստիկանի մասնագիտություն, ուսանողների համար վիրավորական էր թվում՝ «չէ, ի՞նչ եք ասում»: Իսկ, այ, ոստիկանապետի պաշտոնից՝ հարցված երիտասարդներից ոչ ոք չհրաժարվեց. «Դե հավայի ոստիկանն ուրիշ է, ոստիկանապետը՝ ուրիշ, մեծ պաշտոն, մեծ հնարավորություններ, մեծ փողեր»: Ուսանողներից մեկն էլ համաձայն էր աշխատել ոստիկանապետի պաշտոնում միայն այն բանի համար, որ փոխեր համակարգի բարոյական մթնոլորտը, աշխատաոճը, «ինչը չի կարող անել շարքային ոստիկանը»: Ի տարբերություն ուսանողների՝ հարցված ուսանողուհիներին ոստիկանը վստահություն է ներշնչում: Նրանք համոզմունք հայտնեցին, որ եթե ինչ-որ վտանգավոր իրավիճակում հայտնվում է ոստիկանը, իրենք դառնում են ինքնավստահ ու համարձակ, քանզի համոզված են, որ կպաշտպանի իրենց, կկանգնի թույլի եւ արդարի կողքին, կշտկի իրավիճակը: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել