Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահաբար

Նոյեմբեր 26,2005 00:00

Պատահաբար հայտնված Եվրոպայում Ալբանիան իր տարածքով եւ բնակչության թվաքանակով բավականին նման է Հայաստանին։ Ճակատագիրը այս՝ թերեւս եվրոպական ամենահետամնաց երկրին բերել եւ խցկել է հենց Եվրոպայի կենտրոնում՝ Իտալիային եւ Հունաստանին հարեւան։ Սակայն այնքան խղճուկ եւ հետամնաց երկրի տպավորություն է թողնում, որ պարզապես զարմանում ես, թե ո՞նց կարելի է լինել եվրոպական տարածք եւ լինել այսքան ասիացի։ Այստեղ արդեն մեկ անգամ եղած հայերը Ալբանիան նմանեցնում են մեր Վարդենիսին, ոմանք էլ՝ Մարալիկին, սակայն եթե չլինեին իտալացիների կողմից կառուցվող մի քանի շենքերն ու առանձնատները, հանգիստ խղճով կարելի էր ասել, որ մեր Մարալիկը կամ Վարդենիսը շատ ավելի փառահեղ վիճակում են: Սա մի երկիր է, որ շարունակ ինքզինքը փորձում էր պաշտպանել «համաշխարհային իմպերիալիզմից»։ Հիսուն տարի նույն բռնակալի տիրապետության տակ մնալով՝ ալբանացիները դարձել են զինված ժողովուրդ, կառուցել են թաքստոցներ, նկուղներ՝ բառացիորեն յուրաքանչյուր տան համար, զենքի ու զինամթերքի անհասկանալի առատություն է այստեղ, եւ ասենք՝ խանութում քեզ կարող է մոտենալ թուրքի պես մեկը եւ խորհրդավոր ձայնով հետաքրքրվել՝ իսկ զենք չե՞ք ուզում։ Իսկ գիշերները հնչող կրակոցներից այստեղ չեն զարմանում: Մայրաքաղաք Տիրանայում վերջին 4-5 տարիներին իտալացիները սկսել են մի քանի բարձրահարկ կառուցել, սակայն ընդհանուր տխուր եւ մռայլ պատկերը դա չի փրկում։ Ծովով դեպի Իտալիա ընդամենը 50 կմ է, եւ ալբանացի փախստականները հաճախ են երկիրը լքում հենց այդ ճանապարհով։ Իտալացիներն էլ իրենց հերթին պարզապես կրակում են սահմանախախտների վրա։ Մի խոսքով՝ իսկական կորած-մոլորած մի երկիր է սա, որտեղ այցելողներին (հիմնականում գալիս են սեմինարի կամ միջազգային վեհաժողովի մասնակցելու համար, ինչպես Հայաստանի պատվիրակությունը) շարունակ զգուշացնում են. հարկավոր է զգուշանալ գրպանահատներից, գողերից եւ խաբեբաներից։ Քաղաքը կեղտոտ է, շարունակ պետք է զգուշանալ բաց հորերից, ջրափոսերից։ Ավտոմեքենաների եւ հետիոտնի համար այստեղ չեն գործում օրենքները, ով ինչպես եւ որտեղից կուզի՝ կանցնի փողոցը։ Փողոցներում ամեն քայլափոխի հանդիպում են ձիերի կամ ավանակների փոխարեն սայլեր քաշող մարդիկ: Գրասենյակների եւ ռեստորանների մեծ մասն այստեղ չի ջեռուցվում, չկա տաք ջուր, գործում են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները։ Նման մի հերթական հովհարային անջատման պատճառով Տիրանայի օդանավակայանում հայկական պատվիրակության ինքնաթիռը վայրէջքի պահին հազիվ փրկվեց գետնին բախվելուց: Անսպասելի անջատվել էր հոսանքը նաեւ այնտեղ, եւ հոսանքազրկվել ու մթության մեջ էր հայտնվել թռիչքուղին: Խանութները կեղտոտ են եւ թափթփված, վաճառողները ոչ մի լեզվի չեն տիրապետում եւ ավելի շահագրգռված են առեւտուր անել ԱՄՆ դոլարով։ Յուրաքանչյուր վաճառող դոլարը փոխանակում է սեփական կուրսով։ Աննկարագրելի տհաճ հոտ է գալիս ամենուրեք։ Ընդհանրապես մաքուր բան Տիրանայում չտեսանք։ Խանութներում եւ սննդի օբյեկտներում «Ղարսի խորովածի» սարքեր կան։ Ընդհանրապես այս ամենը հիշեցնում է մեր ցուրտ եւ մութ տարիները, բայց մերը սրա համեմատ պարզապես դրախտ էր։ Ալբանիան հարեւան է Կոսովոյին, եւ այստեղ խորհուրդ չեն տալիս մոտենալ հատկապես Կոսովոյին մոտ գտնվող շրջաններին, քանի որ այստեղ կամ կրակում են, կամ ավտոմեքենաներն են գողանում, կամ էլ՝ պարզապես թալանում են։ Երկրում թիվ մեկ խնդիր է նաեւ փողոցային հանցագործությունը, որ գնալով աճում է։ Կոսովոյի հակամարտությանն անմիջական մասնակցություն ունենալու հետեւանքով այս երկիրը շարունակ զինված ընդհարումների մեջ է, անչափ շատ են զինված խմբավորումները, որի հետեւանքով էլ տնտեսական իրավիճակը բավական անկանխատեսելի է։ 15 հարկանի «Ինտերնացիոնալ» հյուրանոցը միակ բարձրահարկ շենքն է երկրում եւ միակ քիչ թե շատ նորմալ հյուրանոցը, որտեղ էլ տեղի էր ունենում Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստը։ Այս նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ Ալբանիայի վարչապետը միայն համաշխարհային ահաբեկչությունից եւ միգրանտներից էր խոսում։ Ասաց, որ իրենց երկիրը միջազգային միգրացիայի գլխավոր արտահանողն է եւ բավականին դժվար է ալբանական կառավարության համար պայքարել այդ ամենի դեմ։ Ասվեց նաեւ, որ ահավոր չափերի հասնող միգրացիայի պատճառով փոշիացվում են իր երկրի ռեսուրսները։ Առաջարկեց նաեւ, որ միգրանտները միջազգային ատյանների կողմից ճանաչվեն ազգային փոքրամասնություններ իրենց ապաստանած երկրներում եւ ստանան աշխատանքի, քաղաքացիության իրավունք: Ալբանիան մուսուլմանական երկիր է, այստեղ ալբաններից բացի ապրում են թուրքեր, հրեաներ, գնչուներ, մակեդոնացիներ եւ այլ ազգեր։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ այստեղ հայեր չկան։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Տիրանա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել