Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ ԷՐ, ԶԻՆՎՈՐԸ՝ ՇԱՏ

Նոյեմբեր 28,2005 00:00

Մայրաքաղաքի
թիվ 9/8 եւ 9/9 ընտրատեղամասերում մասնակիցների «պլանը» կատարվել է ի հաշիվ Մայրաքաղաքային
գնդի զինվորների: Ինչ վերաբերում է քվեարկողների ակտիվությանը,
ապա երկու տեղամասերի հանձնաժողովների մի քանի ընտրություն «տեսած» նախագահները միաբերան
հայտնեցին, որ «համեմատած թաղապետական ընտրությունների հետ՝ հանրաքվեին ժողովրդի
մասնակցությունը այս պահի դրությամբ շուրջ 70 տոկոսով ցածր է»: Մեր այցելության պահին՝
ցերեկվա 2.20-ից 3.20-ը քվեարկողներն այնքան քիչ էին, որ ներս մտնող յուրաքանչյուրը
գրավում էր բոլորի ուշադրությունը, վերջում էլ նրան շնորհակալություն էին հայտնում:
Իսկ 9/9-ում օրվա «մենյուն» հընթացս համալրվեց նաեւ արեւածաղկի սերմի տուփերով՝ ժամանակն
ինչ-որ բանով լցնելու համար: Ձանձրույթից հորանջում էին նաեւ հերթապահող ոստիկանները:
Երկու տեղամասերում էլ դեռ վաղ առավոտյան քվեարկողների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսն
արդեն ապահովված էր՝ Մայրաքաղաքային գնդի զինվորներն էին քվեարկել: Օրինակ, թիվ 9/8–ում
քվեարկողների 978 ընդհանուր թվից 366-ը զինվորներն էին: Հիշյալ ժամանակահատվածում՝
1 ժամում յուրաքանչյուր տեղամաս գրանցեց 3-4 քվեարկող: «Հիմնականում ժողովուրդը գալիս
է մեկ վաղ առավոտյան, երբ գիտեն, որ տեղ են գնալու ու չեն հասցնելու, մեկ էլ՝ երեկոյան
4-5-ից հետո»,- ասացին նախագահները, հրաժարվելով կանխատեսում անել, թե երեկոյան հատվածն
ինչքանո՞վ նման կլինի ոչ այնքան աշխույժ առավոտին: Նրանց պատասխաններում մի ընդհանրություն
էլ կար՝ քվեարկողների մեջ չկողմնորոշված մարդ չկա: «Եթե մտնում են ներս ու սիրալիր
բարեւում՝ ուրեմն «այո» են գրելու, իսկ եթե գնալուց դուռը շրխկացնում են՝ հաստատ
«ոչ» են պատասխանել»,- իր դիտարկումը կեսկատակ փոխանցեց թիվ 9/8 տեղամասի հանձնաժողովի
նախագահ Ռաֆիկ Քալաշյանը: Ընդդիմության անդամներ, բնականաբար, հանձնաժողովում
չկային՝ նրանց երկու օր առաջ են իրենց ղեկավարները «խաղից ֆուկ արել»: Իսկ ընդդիմադիր
տրամադրված 1-2 հ/կ-ների դիտորդներն ասացին, որ ոչ մի խախտում առայժմ չի եղել, իսկ
եթե լինի՝ «մեզ ընդդիմությունից հեռախոսահամար են տվել, կզանգենք՝ կասենք»: Երեւանի
Վլ. Մայակովսկու անվան դպրոցում տեղակայված երկու տեղամասերում էլ այնքան ցուրտ էր,
որ հանձնաժողովի անդամները հերթապահությամբ էին աշխատում կամ տաքանում կողքի սենյակներում:
«Սառել-կպել ենք պատերին, ճիշտ կլիներ, որ դպրոցների նախասրահներում տաքացուցիչներ
տեղադրեին: Մեր տեղամասում էլեկտրական լուսավորություն էլ չկար, երեկ երեկոյան ենք
անցկացրել»,- դժգոհեց Ռաֆիկ Քալաշյանը: «Ես այդ ծախսի տակից հետո չէի կարող դուրս
գալ, երկու մասնաշենքերի նախասրահներն էլ հսկայական տարածքներ են, մեզ մոտ տաքացուցիչ
դրված է, բայց օգուտ չկա, նույն ցուրտն է»,- խնդրին իր տեսանկյունից նայեց թիվ 9/9
տեղամասի նախագահ եւ Մայակովսկու դպրոցի փոխտնօրեն Վազգեն Սարգսյանը: Նաեւ ասաց,
որ «եթե զինվորները չլինեին, մի սենյակ կառանձնացնեինք քվեարկության համար եւ տաքության
խնդիրն էլ կլուծվեր»: Մնացած հարցերում թե երկու հանձնաժողովի անդամները,
թե դիտորդները «Առավոտին» դժգոհելու ոչինչ չունեին, չհաշված, որ քվեարկողները «գրիչները
մեխանիկորեն վերցնում-տանում են»: Տեղամասերում «լայն սպառման արտադրանք» էին ոչ
միայն գրիչները, այլեւ՝ Սահմանադրության նոր նախագծի բրոշյուրները: Հատուկենտ
քվեարկողներից փորձեցինք տեղեկանալ, թե որքանո՞վ են տեղյակ նախագծին եւ քարոզչության
ո՞ր ձեւն է առավել ազդեցիկ եղել: Պատասխանները խիստ տարբեր էին՝ հեռուստատեսությունը,
թերթերը եւ աջ ու ձախ բաժանվող նախագծի բրոշյուրները: Մի տղամարդ էլ ասաց, որ սահմանադրության
ոչ մի դրույթով էլ չի հետաքրքրվել, միայն իմացել է, որ երկքաղաքացիությունը թույլատրվում
է, եւ դա արդեն իր համար «այո»-ի հիմք է: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել