
ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ թռչնագրիպի թեմայով
«Չգիտեմ, էդ ձեր թերթերում կտպեք, թե չեք տպի, բայց «Կիկոսի մահը» հիշո՞ւմ
եք. գնացի մարդի, ունեցա որդի, վայ Կիկոս ջան, վայ»,- փորձելով բացատրել, որ Հայաստանում
թռչնագրիպ չկա, երեկ «թռչնագրիպային» թեմաներով խորհրդարանական լսումների ժամանակ
այսպիսի հեքիաթներ էր պատմում «Արզնի» թռչնաֆաբրիկայի հիմնադիր Մարատ Ջանվելյանը:
Նա բացառում է թռչնագրիպի առկայությունը, նույնիսկ հավանականությունը եւ բացատրում
է, թե ինչո՞ւ են ուրիշ երկրներ աղմուկ բարձրացրել, իբր իրենց մոտ «մի չորս հատ կարապ
է սատկել, էդ չորս հատ կարապի համար տեսա՞ք Ադրբեջանին ինչքա՞ն փող տվեցին, հինգ
միլիոն տվեցին»: «Դուք ձեր արտադրանքը մի գովազդեք, եւ մի ասեք` թե չկա, դա ես պետք
է ասեմ»,- իր խոսքի կշիռը կարեւորեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Նաեւ հաստատեց, որ Հայաստանում այսօր թռչնագրիպ չկա: «Բայց ես ո՞վ եմ, ես քառասուն
տարի ազգը կերակրողն եմ, ես Սովետաշենի քանդված ֆաբրիկան եմ վերականգնել, ես քսան
տոկոս ձայն ունեմ: Մենք տավարաբուծություն չունենք, տապալված է, խոզաբուծություն
չունենք, տապալված է, միայն թռչնաբուծություն ունենք, Աստված մի արասցե` մենք էլ
վարակվենք: Ու ամեն օր թուրքի կողմից հայտարարում են՝ մենք կհարձակվենք եւ այլն,
իսկ ես երեք տարի պատերազմում եմ եղել եւ տեսել եմ, թե զինվորը ի՞նչ է ուզում, առաջին
հերթին սնունդ է ուզում»,- դիտողությունը չէր ընդունում Մարատ Ջանվելյանը: «Այսօրվա
դրությամբ թռչնագրիպի վիրուս չկա»,- իր հերթին հավաստիացրեց ՀՀ անասնաբուժական պետական
տեսչության պետ Գրիգորի Բաղիրյանը: Պարոն Բաղիրյանն ասաց նաեւ, որ վերջին շրջանում
230 թռչուն՝ բադեր, սագեր, հավեր են սատկել, բայց դրանցից ոչ մեկի սատկելու պատճառը
թռչնագրիպի վիրուսը չի եղել: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լեւոն Ռուխկյանի
ասելով՝ արգելված է թռչնամսի ներկրումը Հայաստան: Բայց պարզվում է, որ մինչեւ հունվարի
1-ը Կանադայից եւ ԱՄՆ-ից շարունակվել է Հայաստան ներկրվել թռչնամիս: Ըստ Ռուխկյանի՝
դրանք առավել անվտանգ երկրներ են: «Թույլատրել ենք, որովհետեւ նախնական պայմանագրեր
են եղել, բացի այդ, ներկրվածը նրբերշիկ է, որից ընդհանրապես վտանգ չկա»,- արդարացավ
պարոն Ռուխկյանը: Լսումներին մասնակցող պատգամավորներին հետաքրքրում էր՝ ինչքանո՞վ
ենք մենք պատրաստ կանխարգելել թռչնագրիպը: Պարզվեց, ամբողջ 100 տոկոսով չեն կարող
ասել, որ մենք պատրաստ ենք կանխարգելել. «Քանի որ, եթե վիրուսը ներթափանցի Հայաստան,
չենք կարող ասել, որ նրա դեմը կառնենք»,- ասաց փոխնախարարը: Իսկ «Արզնի» թռչնաֆաբրիկայի
հիմնադիր Մարատ Ջանվելյանը բուռն արձագանքելով՝ հայտարարեց, որ ինքը ամեն օր իր թոռների
հետ ձու է ուտում եւ իր հետ ոչինչ չի պատահել: «Սա ինչ հիմարություն է, ինչի՞ համար
է այս մեծ պանիկան»,- զայրանում էր պարոն Ջանվելյանը: Իսկ խորհրդարանում դեռեւս շարունակվում
է «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի ակցիան՝ անվճար ձու եւ թռչնամիս պատգամավորներին եւ
խորհրդարանի աշխատակիցներին: Բոլորն էլ ուտում են առանց աչքն իսկ թարթելու: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ


















































