Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱՌՈ՞Ւ, ԹԵ՞ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԿՏՈՐ

Մարտ 01,2006 00:00

Տնտեսագիտականի
ուսանողները նախընտրում են փորձառուին Այսօր կկայանան Երեւանի տնտեսագիտական
ինստիտուտի ռեկտորի ընտրությունները: Երեկ մենք հարցում անցկացրինք բուհի ուսանողների
շրջանում՝ պարզելու, թե ռեկտորի թեկնածուներից որ մեկն ունի ընտրվելու առավել մեծ
շանսեր: Նախօրոք առաջադրված 6 թեկնածուներից պայքարը կշարունակեն միայն 2-ը՝ Կառավարման
ամբիոնի վարիչ Յուրի Սուվարյանը եւ Տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Հովսեփ
Աղաջանյանը: Ըստ համալսարանի ուսանողական խորհրդի անդամ Ռուզան Ղուլյանի կանխատեսման,
ընտրությունները կանցնեն արդար ու թափանցիկ. «32 հոգին շատ փոքր թիվ է, որ կարողանան
անարդար ինչ-որ բան անել»: Ընտրությանը մասնակցող բուհական խորհրդի անդամ
8 ուսանողները նշեցին, թե կցանկանային, որ նորընտիր ռեկտորը օժտված լինի կառավարման
ձիրքով եւ անպայման «ներսի» մարդ լինի: «Լավ կլիներ, որ նորանշանակ ռեկտորը Գրիգոր
Կիրակոսյանից ժառանգեր նրա՝ ուսանողի հետ անմիջական շփման ունակությունը»,- նշեց
Ռ. Ղուլյանը: Ուսանողական խորհրդի նախագահի օգնական Սարգիս Ասատրյանցը ավելացրեց.
«Կցանկանայի, որ նոր ռեկտորը իր հետ նոր մասնագիտություններ բերեր մեր բուհ: Այսօր
մեր հանրապետությունում մեծ կարիք կա տնտեսագետ-լրագրողների, տնտեսագետ-իրավաբանների,
տնտեսագետ-թարգմանիչների: Շատ հաճախ մարդիկ ստիպված են լինում սովորել նախ տնտեսագետի
մասնագիտությունը, հետո իրավաբանինը: Կցանկանամ նաեւ, որ նոր ռեկտորը կատարելագործի
պրակտիկան մեր բուհում: Ես այսօր պրակտիկա եմ անցնում այստեղ, սակայն այն «լավ» որակել
չեմ կարող»: ԵՏՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Ալեքսանյանը, կարեւորելով բուհական
կրթության միջազգային ինտեգրման հարցը, նշեց. «Ցավոք, այս հարցում մենք մի քիչ թույլ
ենք, այս առումով նույնպես նորընտիր ռեկտորի հետ մեծ հույսեր ենք կապում»: Ս. Ասատրյանցը
նշեց, որ նախկին ռեկտորն էլ բավարարում էր իրենց պահանջները. «Սակայն բուհի զարգացումը
շատ դանդաղ էր ընթանում: Ռեկտորի 2 թեկնածուների անցած ճանապարհը ուսումնասիրելով՝
համոզված եմ, որ մեր կրթության զարգացման քայլերը անպայման թռիչքային կլինեն եւ կունենանք
21-րդ դարին հարիր բուհ»: Ա. Ալեքսանյանը, որպես թեկնածուների դրական հատկանիշ,
մեջբերեց նրանց անկուսակցական լինելը. «Բուհը, կրթական օջախը չպետք է քաղաքականացված
լինի: Ես ինքս կուսակցական եմ (Արմեն Ալեքսանյանը ՀՀԿ անդամ է.- Լ.Օ.), սակայն կուսակցական
գաղափարները բուհ չեմ բերում»: Նկարագրելով թեկնածուներին, Ա. Ալեքսանյանը նշեց,
որ նրանք երկուսն էլ դոկտոր են՝ Հ. Աղաջանյանը երիտասարդ է, Յու. Սուվարյանը՝ ավելի
փորձառու: Վերջինս արդեն հասցրել է որպես պրոռեկտոր աշխատել այս բուհում, իսկ մյուսն
ազնիվ մարդ է, սակայն դեռ չի հասցրել փորձ ձեռք բերել: Ուսխորհրդի ընտրելու իրավունք
ունեցող 8 անդամները կընտրեն փորձառու դասախոսին: Ըստ նրանց, ռեկտորի պաշտոնի
2 հավակնորդներն էլ իրենց ծրագրերում ընդգրկել են ուսանողներին մտահոգող խնդիրները:
ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ Հ. Գ. Փաստորեն, սպասվածին
հակառակ, այս բուհի ընտրություններում պայքարի թեժությունը մարել է: Պատճառն այն
է, որ Յու. Սուվարյանի գլխավոր հակառակորդ, պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, մյուս
3 թեկնածուների հետ, ետ է վերցրել ռեկտորի թեկնածության իր հայտը: ԿԳ նախարարության
կադրերի բաժնի պետ Ռուզաննա Գրիգորյանից տեղեկացանք, որ ռեկտորի թեկնածության հայտ
ներկայացրած 4 անձինք նախարարությունից չեն կարողացել հետ վերցնել իրենց հայտերը,
քանի որ ժամկետներն արդեն լրացել էին, եւ գործերն ուղարկվել էին բուհ՝ խորհրդի նախագահին:
Ռ. Գրիգորյանը նաեւ ասաց, որ հայտերը նրանք կարող էին հետ վերցնել արդեն միայն խորհրդի
նախագահին դիմելով: Երեկ բուհից որեւէ մեկի հետ կապվելու մեր ջանքերն ապարդյուն անցան:
Սակայն մեր տեղեկություններով, Մ. Հարությունյանն իր հայտը հետ է վերցրել՝ քաղաքական
շահարկումներից խուսափելու համար, քանի որ նա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հորեղբոր
որդին է: Այս մասին մանրամասներ՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել