Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես չտրամադրել տեղեկատվություն

Մարտ 01,2006 00:00

2005-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները տեղեկատվություն ստանալու
հարցումներ են ուղարկել պետական կառավարման, ՏԻՄ-եր։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի
ուսանող Պապին Մուրադյանը ծանոթացրեց հարցման արդյունքներին։ Պարզվում է՝ հարցումների
միայն 34%-ն է ստացել լիարժեք գրավոր պատասխան, իսկ 58 հարցումից 16-ը մնացել է անպատասխան։
Ուսանողների կազմակերպած ստուգմանը մասնակցած 30 գերատեսչություններից ամենապարտաճանաչը
Էրեբունու թաղապետարանն էր, քանի որ հարցմանը պատասխանել են ամենասեղմ՝ երկօրյա ժամկետում
(օրենքի համաձայն՝ տեղեկատվությունը պետք է տարամադրվի ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում)։
Ի տարբերություն նախորդ տարիների, թափանցիկության առումով բարելավվել է վիճակը Երեւանի
քաղաքապետարանում, այդ գերատեսչությունը պատասխանել է բոլոր հինգ հարցումներին, մեկին՝
ուշացումով։ Լավ արդյունք է գրանցել նաեւ Ազգային վիճակագրական ծառայությունը, Շիդոկան
կարատեի ազգային ֆեդերացիան, Ղ-Տելեկոմը։ Տեղեկատվություն տրամադրելու իրենց անպարտաճանաչությամբ
առանձնացել են Արարատի մարզպետարանը, Կենտրոն թաղապետարանը, Վալերի Բրյուսովի անվան
պետական լեզվաբանական ինստիտուտը, ԵՊՀ-ն, Մարդու իրավունքների պաշտպանը։ Այս մարմիններն
անպատասխան են թողել հարցումները։ Հետաքրքիր է, թե ինչ պատճառաբանությամբ
են պաշտոնյաները մերժում տեղեկատվություն տրամադրելը: ԵՊՀ ռեկտորատ հարցում ուղարկած
Մանիկ Առաքելյանին տեղեկացրել են, որ օրենքից կարող են հիշատակումներ անել միայն
լիազորագիր ունեցող լրագրողները։ Իսկ ԵՊՀ ուսումնական վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը
խորհուրդ է տվել գործնական նպատակով նմանատիպ հարցումներ չուղարկել. «Պատկերացրեք՝
ինչ կինի, եթե բնագիտական ֆակուլտետի ուսանողը գործնական նպատակով ցանկանա պարզել
իմ առանձնասենյակի հատակի բաղադրությունը»։ ԵՊՀ ուսանողուհի Տիգրանուհի Հարությունյանը
պատմեց, որ Արմավիրի մարզի Հոկտեմբեր համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը «հաճելիորեն
զարմացել է» իր հարցմամբ։ Նա Տիգրանուհուն մաղթել է հաջողություններ եւ ավելացրել.
«Որպես համայնքի ղեկավար՝ կուզենայի Ձեր պատրաստակամությունը տեսնել ոչ թե իմ տեղեկատվության
պատճենահանման ծախսերը կատարելիս, այլ Ձեր ընտանիքի՝ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքերը
կատարելիս»։ Մի խրատի էլ արժանացավ ուսանողուհի Տաթեւիկ Հայրապետյանը։ Նա
հարցման միջոցով փորձել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանից ասֆալտապատման
վերաբերյալ որոշ հարցեր պարզել։ Պատասխանը ոչ լիարժեք էր, բայց դրան հաջորդող դաստիարակչական
հետգրությունը՝ «ավելի քան լիարժեք». «Բնակավայրիդ հանդեպ հետաքրքրասիրությունը ողջունելի
կլիներ, եթե այն բխեր քո անկեղծ մտահոգությունից։ Իրականում դու արտագրել ես Ինֆորմացիայի
ազատության կենտրոնի մշակած դիմումի նմուշը, որը, օրինակելի լինելով հանդերձ, իր
ոճով չի համապատասխանում ուսանողուհուն։ Ապագա լրագրողին կվայելեր ինքնուրույն մտածողություն»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել