Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հարցում Հայաստանը երկու սխալ է գործել

Մարտ 02,2006 00:00

ԼՂ հարցում Հայաստանը երկու սխալ է գործել Անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցություններում առկա ետընթացի պատճառներին՝ ասում է ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Հատկապես վերջին շրջանում Հայաստանում ու առավել եւս Ադրբեջանում համապատասխանաբար հակաադրբեջանական ու հակահայկական հիստերիայի ֆոնի վրա ԱԺԿ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը եւ փորձագետ Ալեքսանդր Մանասյանը երեկ քննարկում էին Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների հարցը: Ե՛վ Ալ. Մանասյանը, ե՛ւ Շ. Քոչարյանը համամիտ էին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը Հայաստանը տանուլ է տալիս, որովհետեւ, ինչպես Ալ. Մանասյանն ասաց, «եթե հետեւենք 1994-95 թթ. մինչ այժմ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունվող միջազգային փաստաթղթերի տրամաբանությանը, ապա կտեսնենք, որ ետընթացն ակնառու է»: Ու եթե 1993թ. հունվարին ԼՂ հարցում ԵԽ-ն, Ալ. Մանասյանի գնահատմամբ, «հրաշալի որոշում ընդունեց, որտեղ մտահոգություն հայտնեց Ադրբեջանից բռնագաղթված ավելի քան 300 հազար հայերի համար»՝ մատնանշելով միաժամանակ, որ «Ադրբեջանը դաժանորեն շրջափակել է Հայաստանը, որպեսզի նրան ներքաշի պատերազմի մեջ», ապա 2005-ի հունվարին նույն այդ կառույցը ընդունել էր Դեւիդ Աթկինսոնի հեղինակած հայտնի բանաձեւը, ըստ որի՝ հայկական կողմն օկուպացրել է ադրբեջանական տարածքները: Բանախոսներն այդ ետընթացը բացատրում էին նրանով, որ Հայաստանը չունի Ղարաբաղի հարցի վերաբերյալ հստակ հայեցակարգ: Ստեղծված իրավիճակի պատճառահետեւանքային կապն այլ կերպ ներկայացրեց Շ. Քոչարյանը, ըստ որի՝ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում ետընթացը պայմանավորված է ԼՂ հարցում հայկական կողմի թույլ տված երկու կարեւոր սխալներով. «Առաջին սխալն այն է, որ Հայաստանը ժամանակին չճանաչեց ԼՂ-ի անկախությունը: Երկրորդ՝ 1998-ին Հայաստանը բանակցություններում Ղարաբաղը փոխարինեց իրենով: Տեղի ունեցավ այն՝ ինչ ցանկանում էր Ադրբեջանը»: Փորձագետ Մանասյանի ասելով, Եվրոպան չի ընդունում ինքնորոշման իրավունքի հիման վրա հարցերի լուծումը, ուստի՝ ըստ նրա, ԼՂ հարցում միջազգային հանրության համար կարող է ընկալելի լինել հետեւյալ բանաձեւը՝ «1991թ.-ին ԼՂՀ-ն կայացել է Ադրբեջանի Հանրապետությանը իրավաբանորեն եւ պատմականորեն չպատկանող տարածքներում»: Ե՛վ Ալ. Մանասյանը, ե՛ւ Շ. Քոչարյանը անթույլատրելի էին համարում ԼՂ հակամարտությունը հայ-ադրբեջանական տարածքային վեճի վերածելու քաղաքականությունը՝ այն պատճառաբանությամբ, որ Եվրոպայի համար դա անընդունելի է, հետեւաբար սահմանների փոփոխության հարցը մեծապես դատապարտված է, առավել եւս, որ Եվրոպայի տարածքում էլ կան բազմաթիվ նման խնդիրներ, երբ մի պետության տարածքում են մեկ այլ պետության պատմական հողերը: Հենց այս համատեքստում Շ. Քոչարյանը ողջունեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի՝ վերջերս արած հայտարարություններն ու պնդելով վերջինիս տեսակետը՝ հայտարարեց. «Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները: Պարոն Ղուկասյանի հայտարարությունը շատ տեղին էր, քանի որ Ռամբույեի հանդիպման ընթացքում առաջընթաց չարձանագրվեց ոչ միայն Ադրբեջանի մեղքով, այլեւ՝ մեր»: ԱԺ պատգամավորի կարծիքով, ԼՂՀ-ն պետք է դժգոհ լինի, որ հայկական դիվանագիտությունն իր վրա վերցնելով բանակցությունները՝ հանգեցրեց այն իրավիճակին, երբ խնդիրն այլեւս ընկալվում է որպես տարածքային վեճ երկու երկրների միջեւ. «Երկրորդ՝ Ռամբույեում սեղանի վրա դրված փաստաթուղթը փորձել է վերակենդանացնել ինքնորոշման խնդիրը»: Շ. Քոչարյանը նաեւ մանրամասնեց Ռամբույեում կողմերին առաջարկվող տարբերակի երկու սկզբունքները, որոնցից մեկը, ըստ նրա, խարսխված է եղել Հելսինկյան եզրափակիչ ակտի 4-րդ եւ 5-րդ սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի վրա, ինչը Ադրբեջանի համար անընդունելի է: Շ. Քոչարյանի համոզմամբ, ստեղծված իրավիճակն անհրաժեշտություն է դարձնում ԼՂ հարցում միասնական հայեցակարգի մշակումը, որը, ըստ նրա, պետք է ընդունելի լինի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի համար եւ անպայմանորեն հիմնված լինի Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտման վրա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել