Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԿՈՂՄ Է

Մարտ 03,2006 00:00

Բայց
նա այդ մասին չգիտի Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարկ էր համարել հրավիրել
Հայաստանի եւ Ղարաբաղի հանրային հեռուստատեսությունների, նաեւ հ2-ի մեկական ներկայացուցիչների,
ինչպես ինքն ասաց՝ հասարակության շրջանում քննարկման առարկա դարձած հարցերի շուրջ
իր տեսակետները հայտնելու համար: Հարցուպատասխանը վերաբերում էր ԼՂ հակամարտության
կարգավորմանը, նաեւ Բաքու կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած՝
Ռոբերտ Քոչարյանին Մոսկվա խորհրդատվությունների հրավիրելու մասին արած հայտարարությանը:
Պատասխանելով ԼՂ բանակցությունների ներկա ձեւաչափին ու դրանում ԼՂ-ին ներգրավելու
մասին հարցին՝ Ռ. Քոչարյանն ընդունեց, որ գործող ձեւաչափը չի համապատասխանում հակամարտության
իրական ձեւաչափին՝ Ղարաբաղ-Ադրբեջան՝ Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ, բայցեւ
հավելեց. «Կարծում եմ, որոշակի թյուրըմբռնում կա այս հարցի վերաբերյալ: Ղարաբաղն
իրականում մասնակցում է բանակցային գործընթացին, բայց դա ասիմետրիկ բնույթ է կրում
եւ լիարժեք չէ: Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները երբ գալիս են տարածաշրջան, պարտադիր
հանդիպում են ԼՂ իշխանությունների հետ, ԵԱՀԿ գործող նախագահը պարտադիր հանդիպում
է: Չի եղել որեւէ հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ, մինչեւ որը եւ որից հետո ես
խորհրդակցություններ չունենամ Ղարաբաղի նախագահի հետ: Նույնը արվում է ԱԳ նախարարների
հանդիպումների ժամանակ: Ղարաբաղն, անկասկած, ներգրավված է այս պրոցեսում, բայց չի
մասնակցում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ձեւաչափին»: Ռ.
Քոչարյանի մատուցմամբ, այն ձեւաչափը, որով հիմա բանակցություններ են վարվում, ունի
ոչ միայն բացասական, այլեւ դրական կողմեր: Ըստ նրա, բացասական գործոնը միայն այն
է, որ «Ադրբեջանը փորձում է օգտագործել այս ձեւաչափը՝ Հայաստանին մեղադրելով ագրեսիայի,
տարածքների զավթման մեջ»: Բայց Ռ. Քոչարյանի ասելով, այդ փաստարկները ոչ մեկին չեն
հետաքրքրում, որովհետեւ բոլորը գիտեն հակամարտության էությունը եւ հասկանում են,
որ Ադրբեջանը մերժում է բանակցել Ղարաբաղի հետ ավելի շատ պարտված կողմ լինելու հոգեբանական
բարդույթի պատճառով, ուստի՝ «այդ բացասական երանգը որոշակի չափով չեզոքացված է»:
Փոխարենը, նրա համոզմամբ, այս ձեւաչափի պայմաններում «Հայաստանը շատ ավելի
մեծ արդյունավետությամբ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերը: Բանակցությունների
ժամանակ կողմերի կարգավիճակը չափազանց կարեւոր է»: Ռ. Քոչարյանի ասելով, մի բան է
բանակցել չճանաչված պետության, այլ բան՝ ճանաչված ու միջազգային կառույցներում ներկայացված
պետության հետ, ինչպիսին Հայաստանն է: «Երկրորդ, ես՝ որպես բանակցությունների ակտիվ
կողմ, շատ ավելի մեծ հնարավորություն եմ ստանում իմ բոլոր այցերի, հանդիպումների
ժամանակ ներկայացնել Ղարաբաղի հարցը, որպես այն սուբյեկտը, որն անմիջական պատասխանատվություն
է կրում այս բանակցությունների համար»,- ասաց Ռ. Քոչարյանը՝ որպես դրա ապացույց բերելով
իր եւ ՀՀ ԱԳ նախարարի շփումները բարձր մակարդակներում եւ հանդիպումների հաճախականությունը:
Մատնանշված երրորդ առավելությունն այն է, որ երբ Հայաստանն է բանակցում, ՀՀ-ն
իր ներուժը ամբողջովին՝ եւ դիվանագիտական, եւ տնտեսական, եւ պաշտպանական, ներդնում
է այս հարցի կարգավորմանը: «Սա լո՞ւրջ արգումենտ է, թե՞ ոչ»,- հռետորական հարցադրում
արեց ՀՀ նախագահը, ու ինքն էլ պատասխանեց՝ «Իհարկե, սա շատ լուրջ հանգամանք է»: Նա,
իհարկե, դեմ չէ, որ Ղարաբաղն ավելի ակտիվորեն ներգրավված լինի բանակցություններում,
բայց ոչ Հայաստանի հաշվին: Անդրադառնալով ՌԴ նախագահի հրավերին՝ ՀՀ նախագահն
ասաց, թե Պուտինը Բաքվից վերադառնալուց անմիջապես հետո զանգել է իրեն: «Ես մեր խոսակցության
ժամանակ չեմ զգացել որեւէ ճնշում, պարտադրանք կամ կայսերապետական որեւէ երանգ: Եղել
է մտքերի շատ ընկերական փոխանակում»,- հայ հանրությանը հանգստացրեց Ռ. Քոչարյանը՝
ընդգծելով, թե՝ իր ու Պուտինի հարաբերությունները բացառում են նման կարգի դրսեւորումներ:
ՀՀ նախագահի մատուցմամբ, Պուտինը Բաքվում Ալիեւի հետ ԼՂ վերաբերյալ զրույցից տպավորություն
է ստացել, որ կարելի է հաղթահարել այն արգելքը, որը Ռամբույեում բերեց անհաջողության,
ու այդ տպավորությունների տակ նա մամլո ասուլիսում նման հայտարարություն է արել,
ինչը Ռ. Քոչարյանը համարեց «բարի մտադրություն» ու հավելեց. «Կարծում եմ, Ռուսաստանի
նախագահը չի էլ մտածել, որ կարող է իր այդ հայտարարությունը Հայաստանում այսպիսի
արձագանք ունենալ: Ես դրանում համոզված եմ»: Ռ. Քոչարյանն ասաց նաեւ, թե այդ հանդիպման
ժամկետների մասին որեւէ կոնկրետ պայմանավորվածություն դեռեւս չկա: Անդրադառնալով
ադրբեջանական կողմի՝ ԼՂ լուծման հարցը ձգձգելու եւ ժամանակն Ադրբեջանի օգտին աշխատելու
հարցին եւ հայկական կողմի որդեգրելիք քաղաքականությանը՝ ՀՀ նախագահն ասաց, թե նույն
բանն ինքը կարող է ասել, հիմնավորել, բայց դրանից հարցը չի լուծվում: «Նավթ ունենալը
դեռ չի նշանակում արդյունավետ տնտեսություն եւ մարտունակ բանակ ունենալ: Աշխարհի
փորձը ցույց է տալիս, որ աշխարհի ամենազարգացած երկրները հեչ նավթ ունեցող երկրները
չեն»,- ասաց Ռ. Քոչարյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել