
ընթերցողներին տեղեկացրել ենք, որ մարտի 3-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Անա
քաղաքի «Չումաշ» կազինոյում IBF-ի եւ IBO-ի վարկածներով թեթեւագույն (մինչեւ 50,8
կգ) քաշային կարգի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ֆիլիպինցի Դիոսադո Գաբիի հետ մենամարտում
պաշտպանելու է իր տիտղոսը: Տեղեկացնենք, որ Գաբին IBF-ից նշանակված պարտադիր
հավակնորդ է այն բանից հետո, երբ Վախթանգի՝ մինչ այդ որոշված մրցակիցը՝ Դեմյեն Կելլին,
գերադասեց ռինգ մտնել մեկ այլ քաշային կարգում: Դարչինյան-Գաբի մենամարտից
առաջ հայաստանցի բռնցքամարտիկի մենեջեր Էդուարդ Ղումաշյանը, որը նրա շահերի պաշտպանն
է Միացյալ Նահանգներում, լրատվամիջոցներին տված հարցազրույցում որոշ մանրամասներ
է պատմել ինչպես կայանալիք մարտի, մրցակցի, այնպես էլ Վախթանգի ապագա ծրագրերի մասին:
Կարծում ենք դրանք, թեկուզ հակիրճ, հետաքրքիր կլինեն մարզասերներին: «Գաբին
տեխնիկական հարուստ զինանոց ունեցող բռնցքամարտիկ է: Նա մշտապես գտնվում է ֆիզիկական
լավ մարզավիճակում,- ասել է նա:- Բայց արդյո՞ք դա բավարար է Վախթանգին հաղթելու համար:
Կարծում եմ՝ ոչ: Վիկը հավատում է, որ իրեն շուտով կհաջողվի միավորող մենամարտերում
հանդիպել նաեւ այլ վարկածներով չեմպիոնների հետ: Մասնավորապես, նա ցանկանում է մոտ
ապագայում ուժերը չափել WBC-ի վարկածով տիտղոսի ժամանակավոր տիրակալ Խորխե Արսեի
հետ, որն իր քաշային կարգում ամենասիրված բռնցքամարտիկն է: Բայց մինչ այդ դեռ հարկավոր
է հաղթել Դիոսադո Գաբիին: Անկեղծ ասած, Վախթանգը դեռ մեկ տարի առաջ կարող էր դուրս
գալ ավելի մեծ պրոֆեսիոնալ ռինգ: Ես այն ժամանակ այդ թեմայով նրա հետ լուրջ խոսակցություն
եմ ունեցել: Դրա համար հարկավոր էր ավելի շատ աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում
մենամարտերը կազմակերպելու ուղղությամբ, որտեղ ռինգի վարպետներն ավելի շուտ են արժանի
ճանաչում ձեռք բերում: Բայց նա, ոգեւորված Ավստրալիայում աճող իր համբավով, ուշադրություն
չէր դարձնում ասածներիս կարեւորությանը: Ու ես ափսոսում եմ կորցրած ժամանակի համար:
Բարեբախտաբար, նա հիմա հասկացել է ու բոլորովին վերջերս պայմանագիր կնքել ամերիկացի
հայտնի պրոումոթեր Հերի Շոուի հետ: Իմ համոզմամբ, միայն Հերին կարող է հայ բռնցքամարտիկի
համար պատշաճ կարիերա եւ ճանաչում ապահովել»: Ինքը՝ Շոուն, խոսելով իր եւ
Դարչինյանի միջեւ կնքված պայմանագրի մասին, հայտարարել է. «Վախթանգի հետ պայմանագիր
ստորագրելն ադամանդ գտնելուց լավ է: Նա ի վիճակի է մի քանի քաշային կարգերում դառնալ
ականավոր բռնցքամարտիկ: Հիմա նրան պարզապես ոչ ոք չի ճանաչում: Բայց երբ ճանաչեն,
նրա համար ամեն բան կփոխվի: Իմ կարծիքով՝ Վախթանգը այն անհայտ բռնցքամարտիկներից
է, ինչպիսին մի երկու տարի առաջ Մեննի Պակյաոն էր: Երբ հասարակությունը տեսնի նրա
մարտերը, անմիջապես կարթնանա: Կարծում եմ՝ Վախթանգը չգնահատված մարտիկ է: Եվ ես իսկապես
երջանիկ եմ, որ նա մտավ իմ թիմ»: Մենամարտի նախօրեին Վախթանգը վստահություն
է հայտնել, որ ինքն արդյունավետ ու համոզիչ հաղթանակ կտանի: «Եթե Դիոսադոն ռինգում
չփախչի եւ ընդունի մարտը, բանը կավարտվի առաջին ռաունդում՝ նոկաուտով,- խոստացել
է «Կատաղի ցուլը», ինչպես նրան կոչում են պրոֆեսիոնալ ռինգում:- Ես վստահ եմ իմ ուժերին:
Ցանկանում եմ, որպեսզի «Showtim»-ի բոլոր հանդիսականները տեսնեն, թե ես ինչի եմ ընդունակ:
Կարծում եմ, բոլորին իմ ոճը դուր կգա: 12 ռաունդանոց մենամարտի համար ես բավականաչափ
դիմացկուն եմ, բայց այս քաշային կարգում կարող եմ նոկաուտի ենթարկել ցանկացած մրցակցի»:
Մրցակցի բանակն էլ շատ լավ է հասկանում, թե ռինգում իրենք ում են հանդիպելու:
Դիոսադոն մասնավորապես ասել է. «Ես գիտեմ, թե ում հետ եմ գործ ունենալու, բայց պատրաստ
եմ դիմակայել ամեն բանի: Գիտեմ, որ Դարչինյանը շատ ծանր հարված ունի, սակայն դրանից
չեմ վախենում»: Իսկ Գաբիի մարզիչ Ֆրեդդի Ռոուչն ավելացրել է, թե իրենք այս մենամարտին
երկու ամիս նախապատրաստվել են ամենայն լրջությամբ: «Ամեն օր չէ, որ աշխարհի չեմպիոնի
տիտղոսի համար պայքարելու հնարավորություն է ընձեռվում: Մենք պատրաստ ենք ամեն բանի»,-
ասել է նա: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ


















































