Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱԴԱՐԵՑՆԵԼ

Մարտ 03,2006 00:00

«ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՆՀԻՄՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ» Կոչ արեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Ավետյանի հանդեպ սկսված պատմությունը կամ հաշվեհարդարը թեւակոխում է նոր փուլ: Ըստ ամենայնի, ոստիկանության համապատասխան բաժանմունքը կփորձի քայլեր ձեռնարկել՝ ինչ-որ ձեւով «գործ սարքելու» նպատակով: Հետաքրքիր է, որ գործարար-պատգամավորների կուռ շարքերը թողած՝ 6-րդ վարչության համապատասխան բաժինը սկսել է զբաղվել մի պատգամավորով, որը իր հորից եւ տնից բացի՝ ուրիշ ոչինչ չունի: Եվ ակնհայտ է, որ հարցը քաղաքական հարթությունում առայժմ լուծում չի ստացել, քանի որ երեկ ԱԺ նիստի ժամանակ Ազգային ժողովի նախագահ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը բավականին խիստ հայտարարությամբ հանդես եկավ, որում ասվում էր. «Ուզում եմ հայտարարել, որ համաձայն ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք, արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ: Խախտվել է Սահմանադրության 24-րդ հոդվածը: Հաջորդը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն, արգելվում է մուտք գործել մարդու բնակարան, Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված է գույքի անձեռնմխելիություն, իսկ 279-րդ հոդվածի համաձայն՝ անձի բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ, ինչն առկա չի եղել: Այսպիսով, արտահայտելով մեր մտահոգությունը՝ մենք համոզված ենք, որ սա նաեւ լրացուցիչ ազդակ է ավելի հստակեցնելու ՀՀ օրենքները, այդ թվում՝ ՀՀ ԱԺ Կանոնակարգը, ինչպես նաեւ, կարծում եմ, պետք է անհապաղ դադարեցվեն պատգամավորի նկատմամբ անհիմն իրավական հետապնդման դեպքերը, մանավանդ մարդիկ այն համարում են քաղաքական՝ կապված իրենց քաղաքական գործունեության հետ: Կարծում եմ, մեր այդ դիրքորոշման հրապարակումից հետո համապատասխան քննարկումներ կարող են տեղի ունենալ ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովում, ոստիկանության պատասխանատու ներկայացուցիչների հետ՝ հստակեցնելու միջադեպի հետ կապված բոլոր մանրամասները եւ տալու սպառիչ պատասխան: Ինքս ճանաչում եմ Գագիկ Ավետյանին որպես սկզբունքային, անաչառ, շիտակ մարդ: Բոլորս էլ գիտենք, որ նա ոչ օլիգարխ է, ոչ էլ ծավալների բիզնեսմեն, այլ ընդհակառակը՝ մարդը հայտարարել է, որ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ»: Հիշեցնելով, որ, ըստ Սահմանադրության, արգելվում է ապօրինաբար մուտք գործել ոչ միայն պատգամավորի, այլեւ ՀՀ շարքային ցանկացած քաղաքացու բնակարան, Արթուր Բաղդասարյանը դիմեց նաեւ լրատվամիջոցներին եւ պահանջեց լինել անկողմնակալ եւ իրավիճակը ներկայացնել օբյեկտիվ. «Եվ ոչ թե պատգամավորներին փորձել ներկայացնել քրեական հետապնդման մեջ կասկածվող եւ այլն, բազմաթիվ գողեր եւ ավազակներ կան, նրանց պետք է հետեւել եւ ոչ թե…: Ես Ավետյանին ճանաչում եմ, նա աշխատավարձով ապրող մարդ է, ես ավելին չեմ ուզում ասել»: Այս հայտարարությանը նախորդել էր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունն այն մասին, որ պատգամավոր Գագիկ Ավետյանի հետ կատարվածը պետք է շատ լուրջ ահազանգ լինի խորհրդարանի համար, եւ Ազգային ժողովը պարզապես իրավունք չունի այդ հարցը թողնել անպատասխան եւ պետք է համապատասխան վերաբերմունք արտահայտի: Մենք խոսեցինք նաեւ իր՝ Գագիկ Ավետյանի հետ, որի միակ բացատրությունն այն է, որ իր վրա կարծես փորձում են ինչ-որ բաներ բարդել, որոնք ինքը չի արել: Գագիկ Ավետյանին հարցրինք՝ իրեն կանչե՞լ են հարցաքննության կամ զրույցի: Պարզվեց՝ չեն կանչել: Իր հետ կատարվածի վերաբերյալ Գագիկ Ավետյանը հետեւյալ մեկնաբանությունը ուներ. «Այն ամբողջ շոուն, որ կազմակերպվել էր Հանրային հեռուստատեսությամբ՝ էժան դիվիդենդներ շահելու փորձ էր: Այսինքն՝ իրենց իսկ «բացահայտումներից» անգամ պարզ է դառնում, թե ինչպիսի «տնտեսական» կամ «քրեական» «գործ» են բացել, ի սկզբանե պարզ է, որ ամեն ինչ «սարքված» է մարդուն սեւացնելու համար, սակայն ակնհայտ է, որ դա իրենց չհաջողվեց եւ չի հաջողվելու, քանի որ ինձ ճանաչողներն ավելի շատ են եւ գիտեն, որ Գագիկ Ավետյանը իր կյանքը մաքուր է ապրում: Ես ամեն ինչ կանեմ, որ վերջնականապես ճշմարտությունը հաղթանակի, եւ նման էժան հնարքներով նրանց չի հաջողվի մարդուն վարկաբեկել, դա այդքան հեշտ գործ չէ: Այդ ամբողջ շոուից այնպիսի պատկեր է ստացվում, որ բռնել են կազմակերպված հանցագործության մեջ մեղադրվող ինչ-որ մեկին, որը խոշոր չափերի վնաս է հասցնում երկրի տնտեսությանը»,- ասաց պարոն Ավետյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել