Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկներին պետք է վերապատրաստվել

Մարտ 03,2006 00:00

Բժիշկներին պետք է վերապատրաստվել Շիրակցի բուժաշխատողներից շատերը կարիք ունեն որակի բարձրացման Շիրակի մարզում մասնագետների պակասի մասին դժգոհելով խոսում են ոչ միայն հիվանդները կամ հիվանդատերերը, այլեւ ոլորտի պատասխանատուները: Մարզպետարանի առողջապահության վարչության նախկին պետ Ռուբեն Խաչատրյանի ասելով, Շիրակի մարզում «սուղ» են հոգեբույժները, ուռուցքաբանները, նյարդաբանները, կադրերի առումով լարվածություն է սկսվում նաեւ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությամբ տառապողների մոտ: Իսկ գյուղերը, օրինակ՝ Ամասիայի տարածաշրջանի, այս առումով լրիվ «բոբիկ» են: Պատճառը, ըստ նախկին պատասխանատուի, պարտադիր գործուղումների վերացումն է. դրսից եկած բժիշկների համար այլեւս արտոնյալ պայմաններ չեն ստեղծում, նույնիսկ ծառայողական բնակարաններ նախատեսված չեն: Մարզ չեն վերադառնում նաեւ բժշկական համալսարանն ավարտած տեղացիները: Իսկ ի՞նչ է մտածում առողջապահության նախարարությունն այս ուղղությամբ: Շիրակի մարզում մահացության թվի կտրուկ աճը, հատկապես հիվանդանոցներում հաճախակի գրանցվող մահվան դեպքերն ու հիվանդատերերի դժգոհությունները կարծում ենք լրջորեն պետք է հետաքրքրեն առողջապահության նախարարությանը: Վարչության պետ Ռուբեն Խաչատրյանի հավաստիացմամբ, Գյումրիում վերջերս հիմնադրված Առողջապահության ազգային ինստիտուտի Շիրակի տարածքային կենտրոնը, որի տնօրեն նշանակվել է ինքը, հենց նպատակ է հետապնդում բարձրացնել բուժսպասարկման որակը: Պաշտոնյայի տեղեկացմամբ, իրենք զբաղվելու են մարզի բժշկական կադրերի մասնագիտացմամբ, վերապատրաստմամբ, մարզի բոլոր բուժհիմնարկներից հավաքագրելու են առողջապահական վիճակագրական տվյալները, վերլուծելու են բժշկական-առողջապահական գործունեությունը ու հայտնաբերելու են սխալները: Շիրակի մարզը առայժմ միակն է, որտեղ հիմնադրվել է Առողջապահության ազգային ինստիտուտի մասնաճյուղ: Կառույցի ստեղծումը, ըստ Ռուբեն Խաչատրյանի, ունի նաեւ այն առավելությունը, որ բուժաշխատողները տունուտեղից չկտրվելով, մայրաքաղաք չհասնելով կարող են զարգանալ տեղում, եթե, իհարկե, մարզի կլինիկական բազաները բավարարեն վերապատրաստման պահանջներին: «Իմ տվյալներով, Շիրակի մարզում վերապատրաստման ենթակա միջին բուժանձնակազմի թիվը բավականին մեծ է, օրինակ՝ Ուռուցքաբանական դիսպանսերի բուժքույրեր-լաբորանտների վերապատրաստման ժամկետը արդեն լրացել է, մանկական բաժանմունքների քույրերինը՝ նույնպես: Ատեստավորումը պարտադիր է, այլապես մարդիկ կան, որոնք ինստիտուտն ավարտելուց հետո ոչ թերթ են կարդում, ոչ էլ մասնագիտական որեւէ ծրագիր են իրականացնում, ժողովուրդը մեղք չէ՞»,- ասում է պաշտոնյան: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել