Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ՝

Մարտ 03,2006 00:00

ԱՅՍՕՐ՝ ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԴԻՈՍԱԴՈ ԳԱԲԻ «Առավոտի» ընթերցողներին տեղեկացրել ենք, որ մարտի 3-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Անա քաղաքի «Չումաշ» կազինոյում IBF-ի եւ IBO-ի վարկածներով թեթեւագույն (մինչեւ 50,8 կգ) քաշային կարգի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ֆիլիպինցի Դիոսադո Գաբիի հետ մենամարտում պաշտպանելու է իր տիտղոսը: Տեղեկացնենք, որ Գաբին IBF-ից նշանակված պարտադիր հավակնորդ է այն բանից հետո, երբ Վախթանգի՝ մինչ այդ որոշված մրցակիցը՝ Դեմյեն Կելլին, գերադասեց ռինգ մտնել մեկ այլ քաշային կարգում: Դարչինյան-Գաբի մենամարտից առաջ հայաստանցի բռնցքամարտիկի մենեջեր Էդուարդ Ղումաշյանը, որը նրա շահերի պաշտպանն է Միացյալ Նահանգներում, լրատվամիջոցներին տված հարցազրույցում որոշ մանրամասներ է պատմել ինչպես կայանալիք մարտի, մրցակցի, այնպես էլ Վախթանգի ապագա ծրագրերի մասին: Կարծում ենք դրանք, թեկուզ հակիրճ, հետաքրքիր կլինեն մարզասերներին: «Գաբին տեխնիկական հարուստ զինանոց ունեցող բռնցքամարտիկ է: Նա մշտապես գտնվում է ֆիզիկական լավ մարզավիճակում,- ասել է նա:- Բայց արդյո՞ք դա բավարար է Վախթանգին հաղթելու համար: Կարծում եմ՝ ոչ: Վիկը հավատում է, որ իրեն շուտով կհաջողվի միավորող մենամարտերում հանդիպել նաեւ այլ վարկածներով չեմպիոնների հետ: Մասնավորապես, նա ցանկանում է մոտ ապագայում ուժերը չափել WBC-ի վարկածով տիտղոսի ժամանակավոր տիրակալ Խորխե Արսեի հետ, որն իր քաշային կարգում ամենասիրված բռնցքամարտիկն է: Բայց մինչ այդ դեռ հարկավոր է հաղթել Դիոսադո Գաբիին: Անկեղծ ասած, Վախթանգը դեռ մեկ տարի առաջ կարող էր դուրս գալ ավելի մեծ պրոֆեսիոնալ ռինգ: Ես այն ժամանակ այդ թեմայով նրա հետ լուրջ խոսակցություն եմ ունեցել: Դրա համար հարկավոր էր ավելի շատ աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մենամարտերը կազմակերպելու ուղղությամբ, որտեղ ռինգի վարպետներն ավելի շուտ են արժանի ճանաչում ձեռք բերում: Բայց նա, ոգեւորված Ավստրալիայում աճող իր համբավով, ուշադրություն չէր դարձնում ասածներիս կարեւորությանը: Ու ես ափսոսում եմ կորցրած ժամանակի համար: Բարեբախտաբար, նա հիմա հասկացել է ու բոլորովին վերջերս պայմանագիր կնքել ամերիկացի հայտնի պրոումոթեր Հերի Շոուի հետ: Իմ համոզմամբ, միայն Հերին կարող է հայ բռնցքամարտիկի համար պատշաճ կարիերա եւ ճանաչում ապահովել»: Ինքը՝ Շոուն, խոսելով իր եւ Դարչինյանի միջեւ կնքված պայմանագրի մասին, հայտարարել է. «Վախթանգի հետ պայմանագիր ստորագրելն ադամանդ գտնելուց լավ է: Նա ի վիճակի է մի քանի քաշային կարգերում դառնալ ականավոր բռնցքամարտիկ: Հիմա նրան պարզապես ոչ ոք չի ճանաչում: Բայց երբ ճանաչեն, նրա համար ամեն բան կփոխվի: Իմ կարծիքով՝ Վախթանգը այն անհայտ բռնցքամարտիկներից է, ինչպիսին մի երկու տարի առաջ Մեննի Պակյաոն էր: Երբ հասարակությունը տեսնի նրա մարտերը, անմիջապես կարթնանա: Կարծում եմ՝ Վախթանգը չգնահատված մարտիկ է: Եվ ես իսկապես երջանիկ եմ, որ նա մտավ իմ թիմ»: Մենամարտի նախօրեին Վախթանգը վստահություն է հայտնել, որ ինքն արդյունավետ ու համոզիչ հաղթանակ կտանի: «Եթե Դիոսադոն ռինգում չփախչի եւ ընդունի մարտը, բանը կավարտվի առաջին ռաունդում՝ նոկաուտով,- խոստացել է «Կատաղի ցուլը», ինչպես նրան կոչում են պրոֆեսիոնալ ռինգում:- Ես վստահ եմ իմ ուժերին: Ցանկանում եմ, որպեսզի «Showtim»-ի բոլոր հանդիսականները տեսնեն, թե ես ինչի եմ ընդունակ: Կարծում եմ, բոլորին իմ ոճը դուր կգա: 12 ռաունդանոց մենամարտի համար ես բավականաչափ դիմացկուն եմ, բայց այս քաշային կարգում կարող եմ նոկաուտի ենթարկել ցանկացած մրցակցի»: Մրցակցի բանակն էլ շատ լավ է հասկանում, թե ռինգում իրենք ում են հանդիպելու: Դիոսադոն մասնավորապես ասել է. «Ես գիտեմ, թե ում հետ եմ գործ ունենալու, բայց պատրաստ եմ դիմակայել ամեն բանի: Գիտեմ, որ Դարչինյանը շատ ծանր հարված ունի, սակայն դրանից չեմ վախենում»: Իսկ Գաբիի մարզիչ Ֆրեդդի Ռոուչն ավելացրել է, թե իրենք այս մենամարտին երկու ամիս նախապատրաստվել են ամենայն լրջությամբ: «Ամեն օր չէ, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու հնարավորություն է ընձեռվում: Մենք պատրաստ ենք ամեն բանի»,- ասել է նա: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել