Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակավորված մենեջերը մտավ խաղատուն

Մարտ 04,2006 00:00

Դիմակավորված մենեջերը մտավ խաղատուն Բնականաբար՝ խաղալու մտադրություն չունենալով Ռոբերտ Սմբատյանը 2004թ. դեկտեմբերի 4-ից փախուստի մեջ է: Եթե հայտնվի՝ կկալանավորվի: Իսկ նրա ընկերը՝ Կարեն Շահբազյանը, որն աշխատել է Երեւանի «Աստաֆյան» համալիրում որպես մենեջեր, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 10 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման: Սակայն օրեր առաջ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2 տարով պատիժն իջեցրեց՝ հաշվի առնելով, որ նրա խնամքին չաշխատող կին եւ հայր կա, ինչպես նաեւ այն, որ Շահբազյանը «օժանդակել է նախաքննությանը»: Քննությանն օժանդակող Կարենը 2004թ. հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը իր ընկերոջ՝ Ռ. Սմբատյանի հետ «Աստաֆյան» գիշերային ակումբի առաքիչ Վահե Մուրադյանի ավտոմեքենայով հայտնվում է «Փարավոն» խաղատանը: Սակայն խաղալու մտադրություն չունեին, չնայած խաղատան այցելուներից են եղել: Այս երեք հոգին իրենց սպորտային գլխարկները վեր էին ածել դիմակի, զինվել էին ինքնաշեն ատրճանակով եւ «հուշանվեր հրացանով»: Զենքի գործադրմամբ նրանք հափշտակում են («Կայսր-Տավր» ՍՊԸ-ին պատկանող խաղատան) 1.200000 դրամը, խաղատան պահակ Սամվել Ավդալյանի «Վոլտան» 05 68 տեսակի 99 մմ տրամաչափի գազային ատրճանակը, որն արժեր 100 հազար դրամ: Ոգեւորվելով առաջին հաջողությունից եւ ձեռք բերած գումարի չափից՝ նրանք մի քանի օր անց՝ դեկտեմբերի 3-ին նույնատիպ օպերացիան իրականացնում են Խանջյան 37 շենքում գտնվող տարադրամի փոխանակման կետում: Այս անգամ ամբաստանյալ Կարեն Շահբազյանը զինված էր ոչ թե «հուշանվեր հրացանով», այլ նախորդ հարձակման ժամանակ ձեռք բերված գազային ատրճանակով: Կարենը ոմն Դավիթի հետ (նախաքննությունը չի պարզել վերջինի ինքնությունը) բռնություն էին գործադրել Գագիկ, Արման եւ Էվրիկ Դհերյանի նկատմամբ եւ հասցրել մետաղյա պահարանից հափշտակել 7.012.000 դրամ գումարը: Հանցագործների փախուստի պահին պատահաբար այդ վայրում է հայտնվում վկա Կարեն Հովսեփյանը, որը ֆիքսում է «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայի համարը, նկատում է, որ նրանք երեքով էին, իսկ մեկն էլ «պառկած էր հետեւի նստարանին»: Ի դեպ, «Փարավոնի» միակ վկան էլ խաղատան տեսաժապավենն է եղել, որը զննության ենթարկվեց առաջին ատյանի դատարանում: Վերաքննիչ դատարանում օրեր առաջ ընթացող դատաքննության ժամանակ ամբաստանյալի հարազատները տուժող՝ հարձակման ժամանակ վնասվածքներ ստացած Գագիկ Դհերյանի հայցն ամբողջությամբ բավարարել էին, այն է՝ 520000 դրամի վնասը հատուցել էին: Որպես «պատասխան քայլ»՝ տուժողն էլ խնդրեց դատարանին պատիժը մեղմացնել: 1.200.000 դրամի քաղհայցով դատարան էր մտել նաեւ «Կայսր-Տավր» ՍՊԸ-ն: Ամբաստանյալը նրանց էր հանձնել վերոնշյալ գումարը: Վերաքննիչ դատարանում 2 երեխաների հայրը՝ ամբաստանյալ Կարեն Շահբազյանը, խոստովանել էր, որ ավազակային հարձակումները կազմակերպել էր խաղատանը տանուլ տված գումարը վերադարձնելու նպատակով: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել