Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ԱՆԱՐԳԵԼԳԱՂՏՆԱԼՍԵԼ ԵՆ ԿԳԲ-ՈՒՄ

Մարտ 04,2006 00:00

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ԱՆԱՐԳԵԼԳԱՂՏՆԱԼՍԵԼ ԵՆ ԿԳԲ-ՈՒՄ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում է գտնվում Մեսրոպ Մաքոյանի սպանության գործը: Վերջինս 2005թ. օգոստոսի 11-ին Չեխովի փողոցի 29 շենքի մոտ տեղի ունեցած վիճաբանության զոհ է դարձել: Ըստ նախաքննության մարմնի տվյալների, եղբայրներ Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյաններն ու Հրաչ Սահակյանը դանակի 5-6 հարվածով սպանել են Մ. Մաքոյանին: Բայց Սահակյանը ոստիկանության բաժին էր տարվել, ինչպես տեղեկացրել էինք «Առավոտում»՝ զազրախոսության «կասկածանքով»: Մկրտչյանները պահվում են ԱՆ «Կենտրոն» («ԿԳԲ-ի») ՔԿ հիմնարկությունում, իսկ Սահակյանը՝ «Նուբարաշենում»: Սակայն խոսքը տվյալ դեպքում ոչ թե բուն գործի մասին է, այլ մեր տրամադրության տակ գտնվող պաշտոնական մի փաստաթղթի մասին: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը գրավոր դիմում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ տեխնիկական վարչության պետ Ռ. Ափոյանին՝ կապված վերոնշյալ քրեական գործի հետ: Ա. Միրզոյանը նշում է, թե «նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, սակայն հանցագործության կատարմանը մասնակցած մյուս անձանց ինքնությունը չի պարզվել»: Այնուհետեւ քննչական վարչության պետը բառացիորեն խնդրում է հետեւյալը. «Խնդրում եմ հանձնարարել համապատասխան ծառայություններին՝ տեսաձայնագրառել եւ ձայնագրառել մեղադրյալներ Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանների ու նրանց պաշտպանների առանձնատեսակցությունները եւ արդյունքների մասին հայտնել նախաքննության մարմնին»: Երբ մենք ասում ենք, թե «Երեւան-Կենտրոն» մեկուսարանը բովանդակությամբ «ԿԳԲ-ինն է», հերքում են, պնդելով, թե այդ մեկուսարանը արդարադատության նախարարության ենթակայության տակ է: Միայն՝ ԱԱԾ տարածքում: Սակայն գիտե՞ արդարադատության նախարարը քննչական այսօրինակ հանձնարարականների մասին: «Տեղյա՞կ եք, արդյոք, դատախազության վարչության պետի գրության մասին» հարցով դիմեցի Հրաչիկ Սահակյանի պաշտպան, փաստաբան Ռուբեն Բալաբանյանին: Վերջինս, պարզվեց, տեղյակ չէր, ավելին, զայրացավ եւ ասաց. «Ի՞նչ իրավունք ունեն նրանք առանձնատեսակցությունները գաղտնալսել, ձայնագրել, երբ մենք ունենք մեր պաշտպանյալների հետ անարգել տեսակցելու իրավունք»: Զավեն Մկրտչյանի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Գրիգորյանն էլ ասաց. «Անթույլատրելի է, երբ ապացույց է ձեռք բերվում այս եղանակով: Սահմանադրությամբ ամրագրված են կասկածյալների, մեղադրյալների իրավունքները իրավաբանական օգնություն ստանալ կոնֆեդենցիալ»: Վլադիմիր Մկրտչյանի պաշտպան, փաստաբան Աղասի Աթաբեկյանի կարծիքով էլ, «կատարվածը բեզպրեդելի, բացառիկ ցինիզմի օրինակ է, անբարո գործառույթ, որը համատարած կիրառվում է նախաքննության ընթացքում, ինչին անգամ Պինոչետի վարչակազմը չի գնացել»: Փաստաբաններից շատերը նույն խնդրի առաջ են կանգնում: Ըստ էության, նրանք չեն կարողանում առանձին տեսակցել իրենց պաշտպանյալների հետ: Փաստաբանների վարքագծի կանոնագրքի 9-րդ հոդվածի համաձայն, փաստաբանը կարող է հրապարակել փաստաբանական գաղտնիքը, եթե առկա է վստահորդի գրավոր համաձայնությունը: Գաղտնալսման դեպքում ի՞նչ գաղտնիքի պաշտպանության մասին կարող է խոսք լինել: Էլ չենք խոսում այն մասին, որ արգելվում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ: Ըստ գլխավոր դատախազության տեղեկանքի տրամաբանության, քանի որ քննչական գործողությունները «որոշ անձանց» ինքնությունը չեն պարզել, հետեւաբար, «պաշտպանների առանձնատեսակցությունները» տեսաձայնագրառելը ապացույցների ձեռքբերման նպատակ է հետապնդել: Հետո էլ ասում են՝ եվրոպական դատարան ինչու են դիմում: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել