Լրահոս
Օրվա լրահոսը

13

Մարտ 04,2006 00:00

13 ՏԱՐԻ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Քրօրի չեղած հոդվածի հիման վրա Հունվարի 26-ին Ազգային անվտանգության ծառայության «Երեւան-Կենտրոն» մեկուսարան տարվեց մարզադպրոցի նախկին տնօրեն, նախկինում ճանաչված մարմնամարզիկ Արթուր Գյուրջինյանը: Երեկ նա հայտարարություն էր ուղարկել «Առավոտին», ուր նշել էր, որ իր կալանքը դատարանի որոշմամբ երկարացվել է մինչեւ մարտի 24-ը: Իսկ գլխավոր դատախազության քննիչ Հակոբ Ղարախանյանը նախաքննությունը ավարտելու ժամկետ է նշել մինչեւ մարտի 26-ը: Գյուրջինյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Կարեն Մեջլումյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ դիմել են ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան՝ այդ միջնորդության բավարարման դեմ, սակայն վերաքննիչն էլ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի նման, «աչքերը փակ» հաստատեց գլխավոր դատախազության պահանջը: Արթուր Գյուրջինյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ կապված 1992թ. սեպտեմբերի 12-ի «մաքսանենգության» հետ: «Նա կազմակերպված խումբ ստեղծելով, Ռ. Գալստյանի հետ փորձել է ՀՀ մաքսային սահմանով Սիրիա տեղափոխել խոշոր չափի ոսկյա իրեր»,- ասված է որպես մեղադրյալ նրան ներգրավելու որոշման մեջ, ապա հղում է արված 1992թ. ՀՀ քրեական օրենսգրքի 15-73 հոդվածի 2-րդ մասին: Կ. Մեջլումյանը բացեց 1992թ. Քրեական օրենսգիրքը, որտեղ այդ հոդվածի 2-րդ մաս ընդհանրապես գոյություն չի ունեցել: Ա. Գյուրջինյանի «արարքը», այն էլ 14 տարի անց, պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք չէր, որպեսզի նրան մեկուսացնեին: «1993-ին մաքսանենգության մեղադրանքով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունենալու պայմաններում 2006թ. հունվարի 26-ին, կրկին նույն գործով, նույն բանի համար մեղադրանք առաջադրելը, այն էլ պատասխանատվությունը խստացնող, ապօրինի անազատության մեջ է գցել ինձ»,- ասում է Ա. Գյուրջինյանը: Փաստաբանի կարծիքով, գլխավոր դատախազությունը իր գլխին գործ է սարքել՝ կապված կնոջ՝ Սիլվա Ասատրյանի գործին հասարակական հնչեղություն տալու հետ: Նախկին ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի սպանության փորձի առիթով ԱԱԾ-ի մեկուսարանում մեկուսացված 22 տարվա մանկավարժի՝ Ս. Ասատրյանի հարցով դրական շարժեր էին նկատվել. շնորհիվ Գյուրջինյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, նախկին օմբուդսմենը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի, Սախարովի անվան մարդու իրավունքների հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի նախագահները դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին՝ Ասատրյանի նկատմամբ հանցավոր գործողություններ իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու մասին հարցով: «Կնոջս ազատությունից զրկելու եւ մեր ընտանիքի նկատմամբ ապօրինություններ կատարող մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու փոխարեն, ՀՀ գլխավոր դատախազությունը՝ հասկանալով, որ սպառվում են նյութեր պատրաստելու ժամկետները եւ քրեական գործ չհարուցելու դեպքում իր անգործությունը կվիճարկվեր դատարանում, կազմակերպեցին այս միջոցառումը»,- հայտարարում է Ա. Գյուրջինյանը: Նրա պաշտպան Կարեն Մեջլումյանից փորձեցինք ճշտել նաեւ, թե ի՞նչ դժվարություններ ունի ԱՆ «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում: Փաստաբանը նշեց՝ հաղորդակցման իրավունքի խախտումը: Թե ԱԱԾ-ում պահվող Ս. Ասատրյանը, թե ամուսինը՝ Ա. Գյուրջինյանը զրկված են բուհերում գերազանց սովորող իրենց երեխաների հետ հեռախոսազրույցից («Առավոտի» տեղեկություններով, Ս. Ասատրյանի խցում «գիշեր-ցերեկ լույսը վառ է» եւ նրա տեսողությունը վատացել է- Ռ. Մ.): ԱԱԾ-ն պատճառաբանել է, թե «տեխնիկական հնարավորություններ չլինելու պատճառով»: Սակայն երբ պաշտպանները իրենց ձեռքի հեռախոսներն են առաջարկել, դա էլ է արգելվել. «Օրենքով սահմանված իրավունքը, փաստորեն, չի իրականացվում»,- ասում է Կ. Մեջլումյանը: Ի դեպ, Ս. Ասատրյանը այդ հարցի կապակցությամբ ահազանգել է նորանշանակ օմբուդսմենին: Ա. Գյուրջինյանի խնդրով պաշտպանները՝ Կ. Մեջլումյանն ու Սեդա Սաֆարյանը միջնորդելու են կարճել գործը՝ «մեղադրանք առաջադրված հոդվածը գոյություն չունի» մասով: «Դարի հանցագործների»՝ Ս. Ասատրյանի, Ա. Գյուրջինյանի գործի ծավալը 13 հատոր է, սկսած՝ 1992-ից: Ըստ փաստաբանի, «13 տարի պահած գործը դամոկլյան սրի պես միշտ էլ կախել են այս ընտանիքի վրա, որ երբ գլուխ ես բարձրացնում, իջեցնեն գլխիդ, ինչպես եւ եղավ»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել