Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ

Մարտ 04,2006 00:00

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ «Հողը ու շենքը իրենց, բանակում ծառայելը՝ մեզ» տարբերակը էդքան էլ միասնականություն չի ենթադրում Ակնհայտ է, որ առանց առկա հակամարտությունների լուծման՝ ոչ Հարավային Կովկասն ընդհանրապես կարող է դառնալ իրապես բարգավաճ ու զարգացման ուղին բռնած տարածաշրջան, ոչ էլ մասնավորապես Հայաստանը, որը արդեն բարեհաջող դուրս է մնացել տարածաշրջանային գրեթե բոլոր արժեքավոր ծրագրերից՝ վերածվելով այլեւս ոչ թե փակուղու, այլ կույր աղիքի: Ու բոլորի համար: Նաեւ մեզ: Ու մեզ չեն փրկում գավառական տարբեր «շուստրիություններն» անգամ արդեն. ինչ տեսք ուզում է ունենան: Միտինգ: Երկու տինգ: Ու էսպես: Թե ներքին, թե արտաքին «կատարողին» ուղղված: Վերջինը՝ «խնդիրը բոլորինս է» անհաջող ձեւակերպման պսակազերծումն էր. բոլորը, ի վերջո, հասկացան, որ էդպես ուղղակի չի լինում, որ իրավունքը լինի մի քանիսինը, իսկ պատասխանատվությունը՝ բոլորինը: Ոնց որ թե անարդարացի է ստացվում, որովհետեւ եթե «բոլորս միասին ենք լուծելու խնդիրը», ապա «բոլորս միասին» էլ պետք է մնացած բաները եւս անենք. որոշումներ կայացնելուց սկսած՝ վերջացրած այդ որոշումների արդյունքները վայելելով: Թե չէ «Հողը ու շենքը իրենց, բանակում ծառայելը՝ մեզ» տարբերակը էդքան էլ միասնականություն չի ենթադրում: Թե չէ իրենցից ոմանք, ովքեր նվազագույնը «համատեղվել են», տարբեր ամբիոններից հայտարարում են, որ մենք եւ ադրբեջանցիք գենետիկորեն անհամատեղելի ենք, իսկ մենք, ինչ է, պիտի համատեղե՞նք… «Անհամատեղելի՞ն»: Որ ի՞նչ: Կամ. եթե իրենք անձնական, զուտ անձնական խնդիրներ են դնում այս ամեն ինչի տակ, մենք վերանձնական, ազգային, պետական, համամարդկայինին միտող՝ ո՞նց եք համատեղելու մեր ջանքերը «մեր ընդհանուր խնդիրը» լուծելու համար: Չէ որ ակնհայտ է, որ այդ խնդիրն այնքան էլ ընդհանուր չէ. իրենք, պարզապես, իրենց խնդիրն են լուծում, եւ շատ են ուզում, որ մենք էլ իրենց խնդիրները լուծենք: Այլ կերպ հնարավոր չէ մտածել, քանի որ իրական քայլեր ոչ միայն չեն ձեռնարկվում, այլեւ ճանապարհի ընտրությունն էլ կարծես թե էնքան էլ էն չի: Ժողովրդավարությունը՝ թե Հայաստանում, թե Ադրբեջանում եւ թե ընդհանրապես, շատ լավ բան է: Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանական համակարգը՝ եւս: Բայց… Թվում է՝ բացակայում է ինչ-որ մի կարեւոր բան, որովհետեւ անգամ վերը թվարկածները ձեռքբերումներին աջակցող, նպաստող, ամրապնդող գործոններ են: Ճանապարհը, կարծես թե, չի երեւում, ուղին: Հակամարտությունը, ըստ իս, լուծելը ճիշտ է սկսել համատեղ ինստիտուտների կայացումից: Զորօրինակ՝ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան տեղեկատվական-վերլուծական համատեղ կենտրոնի ստեղծումից, որի խնդիրը եւ նպատակը, կարծում եմ, ինքնին հասկանալի է: Դա որպես առաջին քայլ: Եթե հաջողեցինք (ցանկության դեպքում՝ անպայման կհաջողենք)՝ քայլ առ քայլ առաջ կարող ենք գնալ: Նմանատիպ համատեղ ինստիտուտներ կայացնելով ու համատեղ քայլեր անելով: Ի վերջո, ակնհայտ է, չէ՞, որ հակամարտությունը կվերանա միայն այն պահին, երբ համատեղ՝ համատեղ պատմություն կսկսենք գրել: Մնացյալը՝ մինչ այդ ընկած տարածքում՝ կիսամիջոցներ են, «սառցարաններ», որոնց «սառեցրածը» մեկ ուրիշը՝ ցանկացած, իր համար նպատակահարմար պահի կարող է «տաքացնել»: Էն էլ՝ ոնց… Ինձ կարող են առարկել՝ թե դա արդյունք չի տա, էսպես ու էնպես: Չգիտեմ: Միայն մի բան է ակնհայտ. վերջնական արդյունքի մասին մենք չէ, որ հոգում ենք: Մերը ստույգ, ճշգրիտ, հանուրի շահերից բխող քայլեր անելն է. կանենք այդ քայլերը, արդյունքը մեզ կմատուցվի: ՎԵՐԻՑ: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել