Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԸ

Մարտ 04,2006 00:00

ՊԱՅՔԱՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԼԻՆԱՐԵՍ Աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները 20-րդ կարգի գերմրցաշարի առաջին կեսի ավարտից հետո տեղափոխվեցին Լինարես (Իսպանիա), որտեղ երեկ պայքարը վերսկսեցին արդեն երկրորդ կեսում: Ինչպես իրավացիորեն նշում է մրցաշարը լուսաբանողներից գրոսմայստեր Շիպովը, յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ անցել է այդ ճանապարհը, շատ լավ գիտի, թե նույնիսկ սովորական մարդու համար ֆիզիկապես որքան դժվար է արեւմուտքից արեւելք տեղափոխվելով՝ հարմարվել ժամանակային գոտուն, վարժվել օրվա նոր ռեժիմին: Էլ ուր մնացին շախմատիստները, ովքեր պետք է շարունակեն ծանրագույն մրցակցությունը: Այս առումով հատկապես մրցաշարի գլխավոր գործող անձինք միանգամայն գոհ ու բավարարված էին կազմակերպիչների՝ կլիմայափոխվելու համար իրենց հինգ օր տրամադրելու ընձեռված հնարավորությունով: Իսպանիայի այս փոքրիկ քաղաքում գրոսմայստերները երեկ պայքարի մեջ ներգրավվեցին ութերորդ տուրից: Լեւոն Արոնյանը կրկին, բայց այս անգամ արդեն սեւերով հանդիպեց ադրբեջանցի իր հասակակից Թեյմուր Ռաջաբովի հետ, ում Մեքսիկայում հենց մեկնարկային տուրում սպիտակներով հարկադրել էր անձնատուր լինել 79-րդ քայլում: ՖԻԴԵ-ի չեմպիոն բուլղարացի Վեսելին Տոպալովը, որ Մորելիայում բոլորի համար անակնկալ առաջին փուլն ավարտեց մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում, պետք է աներ ամեն բան՝ Պյոտր Սվիդլերի հետ ծանր պայքարում վերականգնելու սեփական հեղինակությունը եւ մնացած պարտիաներում բարելավելու դիրքերը: Իսկ մյուս երկու զույգերը կազմել էին Պետեր Լեկոն ու Ֆրանսիսկո Վայլեխոն եւ Վասիլի Իվանչուկն ու Էտյեն Բակրոն: Ժամկետները ճշգրտվեցին Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի ինտերնետային կայքն օրերս տեղեկացրել է, որ ՖԻԴԵ-ն ճշգրտել է 2007 թվականին կայանալիք շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարի անցկացման ժամկետները: Մենամարտերը պետք է սկսվեն այս տարվա հոկտեմբերի վերջին: Սակայն դրանց անցկացման վայրն առայժմ անհայտ է: Ներկայումս տենդեր է անցկացվում մրցամարտերի հավանական կազմակերպիչների միջեւ: Հավակնորդների մրցամարտերի զույգերն են. Պոնոմարյով-Ռուբլյովսկի, Գրիշչուկ-Մալախով, Պոլգար-Բարեեւ, Արոնյան-Կարլսեն, Լեկո-Գուրեւիչ, Գելֆանդ-Կասիմջանով, Բակրո-Կամսկի, Շիրով-Ադամս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել