Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացակա՞ն է, թե՞ պայմանագիր

Մարտ 07,2006 00:00 Share

Ստացակա՞ն է, թե՞ պայմանագիր Կամ, թե ինչ եղավ, երբ ստացականից մեկ թիվ պակասեց Երեւանի բնակիչ Հմայակ Բաբայանի հետ կատարվածին անդրադառնում ենք՝ որպես նախազգուշացում այն քաղաքացիներին, որոնք տան առուվաճառքով զբաղվելիս կարող է թյուրիմացաբար վստահեն գնորդի կամ վաճառողի խոսքին՝ արդյունքում հայտնվելով դատական քաշքշուկի մեջ: 2003-ի մայիսին Հ. Բաբայանը պատահական գնորդ Նիկիտա Բաղդասարյանին է վաճառել Ն. Շենգավիթի 11 փողոց 2-րդ նրբանցք 56 հասցեի իր տան կեսը կամ՝ 97 քմ-ն: Վաճառողը գնորդին տալիս է ստացական այն մասին, որ նրանից ստացել է 2000 դոլար կանխավճար, բայց ստացականի մեջ չի նշում վաճառված տան ամբողջական գինը՝ 12000 դոլար: Հենց այս հանգամանքն էլ դառնում է գնորդ Բաղդասարյանի համար շահարկման առարկա: «Մեր թաղամասում գրեթե ոչ մեկը իր տան համար սեփականության վկայական չի ստացել, պապական եկած տներ են, չենք էլ մտածել այդ մասին: Մենք էլ գրանցված էինք, բայց վկայական չունեինք: Վաճառքի ժամանակ գնորդի հետ պայմանավորվեցինք՝ տան լրիվ գումարը տա, որ ես կարողանամ վկայականի ծախսերը հոգամ ու նոտարով ձեւակերպեմ իրենց բաժինը: Համաձայնեց, ես էլ թույլ տվեցի՝ մինչ այդ գա-տեղավորվի իր բաժին բնակարանում: Բայց կանխավճարից բացի է՛լ գումար չտեսանք: Նախ ձգձգում էր, թե՝ սեփականաշնորհելուց հետո կտա, իսկ երբ վկայականը ստացա՝ հայտարարեց, թե տունն այդքան չարժի ու մենք էլ 5000 դոլարով ենք պայմանավորվել, ոչ թե՝ 12 հազարով: Ստիպված էի դիմել դատարան, որ նրան իմ սեփականությունից վտարեն՝ իր տված կանխավճարով հանդերձ»,- հակիրճ ներկայացրեց խմբագրություն դիմած Հ. Բաբայանը: Դատական գործընթացն սկսվել է 2005 է թվականի հունիսին: Շենգավիթի 1-ին ատյանի դատարանը հայցը բավարարել է, գտնելով, որ գործում բացակայում է առուվաճառքի գրավոր պայմանագիր եւ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից: Ի տարբերություն 1-ին ատյանի իր գործընկերոջ, վերաքննիչի դատավոր Լ. Գրիգորյանը գտել է, որ թերի տվյալներով ստացականը կարող է դիտարկվել որպես ներքին առուվաճառքի պայմանագիր եւ փորձաքննությամբ գնահատելով վիճահարույց տարածքը՝ վճռել է, որ Ն. Բաղդասարյանը պետք է վճարի եւս 1976000 դրամ կամ՝ մոտ 4,5 հազար դոլար եւ դրանից հետո կարող է ստանալ նաեւ տան սեփականության իրավունքի վկայական: «Փորձագետները վաճառված տարածքի 24 քմ-ն չեն հաշվել, մենք սկզբում ուշադրություն չդարձրինք դրան, որովհետեւ վտարման պահանջն էինք վիճարկում, ոչ թե՝ մակերեսի: Բացի այդ՝ եղածի արժեքն էլ հաշվել են 2003-ի գներով, իսկ իմ գույքն այժմ կրկնակի թանկացել է, օրենքով պետք է վճարեն այսօրվա արժեքով: Դատարանը փաստաբանիս այս միջնորդությունը ընդունեց: Զարմանալի է, բայց վճռի մեջ դա չերեւաց»,- դատավորի խաղերից գլուխ չէր հանում մեր այցելուն: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել