Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶԱՆՈՒՄ

Մարտ 07,2006 00:00

ՄԵԶԱՆՈՒՄ ԱՐԺԵՎՈՐՎՈՒՄ Է ՍՏՈՐԱՔԱՐՇՈՒԹՅՈՒՆԸ Այդպես է Անահիտ Բախշյանը մեկնաբանում 21-ի մեղադրանքները Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ Թիվ 27 դպրոցի տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն անհանգստացած է վերջերս Հ1-ով տարածված այն լուրերից, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմինե Հովհաննիսյանն իր «Պատանեկան նվաճումներ» հ/կ-ի գումարները ծախսում է ամուսնու քաղաքական կարիերայի վրա: «Ես նույնպես ուզում եմ պաշտպանել «Պատանեկան նվաճումներին» Հ1-ից եւ նրա հետեւում կանգնած ուժերից»,- ասում է տիկին Բախշյանը՝ անդրադառնալով մեր երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման խնդրին: «Քաղաքացիական հասարակությանը հասնելու այլ ճանապարհ, քան կրթությունը՝ չկա: Ժողովրդավարացման գործընթացը պետք է սկսվի ժողովրդավարական արժեքները, օրինակ ազնվությունը, օրինապահությունը, կարգապահությունը քարոզելուց, արժեւորելուց: Սակայն, ըստ էության, այսօր մեր երկրում շատ քիչ պաշտոնյա է դրանց կրողը, հետեւաբար չկա քարոզողը: Փոխարենը մեզանում արժեւորվում են ստորաքարշությունը, շողոքորթությունը, ավելի ուժեղին, վերեւներում կանգնածներին ծառայելու անհագուրդ ցանկությունը: Իսկ ինչո՞ւ են արժեւորվում այդ հատկանիշները, որովհետեւ մարդկանց աշխատանքի են ընդունում, դիրք են ապահովում հիմնականում այն դեպքում, եթե այդ հատկանիշներով են օժտված: Իսկ այդպիսի բնութագիր ունեցող մարդիկ չեն կարող ստեղծել քաղաքացիական հասարակությունը»: Ուրեմն ինչպե՞ս պետք է իրականացվի արժեքների վերագնահատումը: Ուսումնական պլանում 8-10-րդ դասարանցիներն այսօր ունեն պարտադիր առարկայաշար՝ «Քաղաքացիական կրթություն», «Մարդու իրավունք» եւ «Պետություն եւ իրավունք», որը, ըստ տիկին Բախշյանի, հենց հասարակության մեջ վերաարժեւորում մտցնելու բանալին է: Այդ առարկայաշարի շնորհիվ մեր աշակերտները պիտի դառնան վաղվա ճիշտ, օրինապահ եւ արժանապատվություն ունեցող քաղաքացիները: Իսկ այսօր քչերը թերեւս գիտեն, որ «Քաղաքացիական կրթությունը» դպրոց բերելու գաղափարը, սկզբում հանրապետության 500 դպրոցներում փորձարկելը, այդ դպրոցներին դասագրքերով ապահովելը հենց «Պատանեկան նվաճումներինն» է, որի նախագահն ի սկզբանե Արմինե Հովհաննիսյանն է: Այդ կրթությունն իրականացնող 3600 ուսուցիչներին վերապատրաստել է նույնպես այդ կազմակերպությունը, որոնք ի պաշտոնե պետք է դառնան մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացման պատասխանատուները եւ նրանցից շատերն իսկապես ծառայում են իրենց կոչմանը: «Այդ գաղափարը Հայաստան բերողներին-տարածողներին ուրանալու ու ապերախտ վերաբերմունքով պատասխանելու վարքագիծը իմ եւ իմ շատ գործընկերների մեջ ընդվզում է առաջացրել»,- ասում է Ա. Բախշյանը: Նա հիշեցնում է Հ1-ի տարածած այն տեղեկատվությունը, թե իբր «Պատանեկան նվաճումների» հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Բերբերյանը վրդովվել է, որ իր հայթայթած գումարները Արմինե Հովհաննիսյանը ծառայեցնում է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական նպատակների համար: Այդ լրատվությունը «Նա (Ջեկ Բերբերյանը- Հ. Բ.) «Ազգ» թերթում հերքեց՝ նշելով, որ այդ կազմակերպությունը ֆինանսավորում է ԱՄՆ կառավարությունը եւ 4 տարբեր կազմակերպություններ վերահսկում են ֆինանսները, բայց Հ1-ը հերքումը չտվեց, ավելին Հանրայինի տնօրեն Ալեքսան Հարությունյանն էլ իր վերջին ասուլիսում ասաց, որ թող Րաֆֆի Հովհաննիսյանը դատի տա մեզ: Ի՞նչ կապ ունի Րաֆֆի Հովհաննիսյանն այդ կազմակերպության հետ: Այնքանով, որքանով Արմինե Հովհաննիսյանի ամուսի՞նն է եւ Ա. Հարությունյանն առանց ամոթ զգալու պնդեց, թե որեւէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում այս ամենի մեջ»: Իսկ ինչո՞ւ կազմակերպությո՛ւնը դատի չի տալիս Հ1-ին: Ա. Բախշյանը գտնում է, որ այս երկրում անիմաստ է խոսել դատարանների արդար վճռի մասին: «Իսկ ինչո՞ւ նույն մարդիկ չեն տեսնում, որ այսօր տնօրենների մի ստվար զանգված «Օրինաց երկրի» անդամ է: Եվ որ այդ տնօրեններն իրենց ուսուցիչներին հավաքագրում են այդ կուսակցություն: Ես էլ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ եմ, բայց իմ կոլեկտիվից ընդամենը մի հոգի է այդ կուսակցության անդամ, չնայած ունենք շատ համախոհներ. կամավորության սկզբունքը պետք է լինի գերակա: Ինչո՞ւ սա որեւէ խոսակցության առարկա չի դառնում»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել