Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼԼՆ»

Մարտ 08,2006 00:00

«ՎԻՎԱՍԵԼԼՆ» ՈՒ «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ԿՍՄԹԵԼ «ԱրմենՏել» ընկերությունը երեկ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես նշվում է. «Չնայած պրովոկացիոն հրապարակումներին չարձագանքելու մեր սկզբունքային դիրքորոշմանը՝ այս անգամ ստիպված ենք պատասխանել «ՎիվաՍելլի» վերջին հայտարարությանը Հայաստանում միջազգային զանգերի որակի վերաբերյալ: Դժբախտաբար, այս հայտարարությամբ «ՎիվաՍելլն» անցավ գործարար էթիկայի բոլոր թույլատրելի սահմանները՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող փաստեր, դրանով իսկ վնաս հասցնելով «ԱրմենՏելի» վարկարժեքին: Հայտարարությունում արված անհիմն տեսակետներում կարծես առկա է հեռահաղորդակցության ոլորտում պրոֆեսիոնալիզմի պակաս, ինչին, սակայն, մենք դժվարությամբ ենք հավատում եւ կարծում ենք, որ դրանք նպատակ ունեին ստեղծել «ԱրմենՏելի» ցանցի ենթադրյալ թերություններ եւ թերագնահատել «ԱրմենՏելի» գործունեությունը: Հավաստիացնում ենք Ձեզ, որ «ԱրմենՏելի» Միջազգային ելքը ապահովվում է գերժամանակակից կայանի միջոցով, որը փոխկապակցվում է այնպիսի հուսալի օպերատորների հետ, ինչպիսիք են MCI, France Telecom, RosTelecom, OTE, British Telecom ընկերությունները: Ավելին, մեր կատարած խոշոր ներդրումից հետո, անցյալ տարվա ընթացքում, կայանը ի վիճակի է ապահովել տրաֆիկի 4 անգամ ավելի հզորություն, քան այսօր կարող են ապահովել Հայաստանի բոլոր օպերատորները: «ԱրմենՏելը» պատրաստ է անցնել ցանկացած փորձաքննություն, եթե այն կպահանջվի որեւէ մարմնի կողմից, եւ ապացուցել, որ ընկերությունն ապահովում է միջազգային չափանիշներին համապատասխան առավելագույն որակ: Այնուամենայնիվ, «ԱրմենՏելը» չի կարող վերահսկել ամբողջ աշխարհում գոյություն ունեցող հազարավոր օպերատորների որոշումը, որը նրանք կայացնում են միակողմանիորեն՝ չունենալով «ԱրմենՏելի» հետ խորհրդակցելու որեւէ պարտավորություն: Օպերատորները հաճախ ընտրում են ցածրորակ եւ ամենաէժան ուղիները՝ տրաֆիկը Հայաստան ուղարկելու համար»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել