Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Երիցյանը գնահատեց կանանց

Մարտ 08,2006 00:00

Սերգո Երիցյանը գնահատեց կանանց Ուսուցչուհիներն ասում են, որ Մարտի 8-ին նվերներ չեն ստանում Երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը հանրապետության ուսումնական հաստատությունների 35 ընտրյալ ուսուցիչների ու տնօրենների շնորհավորեց Մարտի 8-ի կապակցությամբ, նրանցից 4-ին ոսկե մեդալ շնորհեց, իսկ մյուսներին՝ պատվոգրեր ու շնորհակալագրեր: Մեկ օր առաջ էլ նախարարը մայրաքաղաքի ու մոտակա մարզերի 950 ուսուցիչների ու տնօրենների հրավիրել էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ նրանց ներկայացվել է Կարինե Խոդիկյանի «Կինը անձրեւից հետո» դրաման՝ նույնպես Մարտի 8-ի կապակցությամբ: Տպավորություն է ստեղծվում, որ առիթից առիթ շնորհավորելով, նվերներ մատուցելով ու ջերմ խոսքեր ասելով՝ Սերգո Երիցյանը հաջողությամբ կուսակցական PR է իրականացնում: Արդյունքներն ակնհայտ են. այսօր դպրոցների մեծ մասի տնօրեններն ու նրանց համախոհ ուսուցիչները անդամագրվել են ՕԵԿ-ին: Իսկ ո՞ւմ կողմից են ֆինանսավորվում նման միջոցառումները: Ըստ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ, ՕԵԿ անդամ Նարինե Հովհաննիսյանի՝ դա ԿԳՆ-ի եւ ընդհանրապես պետական բյուջեից չէ, այլ անհատ մարդիկ են աջակցում, որպեսզի նախարարը ուսուցիչներին թատրոն տանի կամ մեդալներ շնորհի: Երեկ ԿԳ նախարարը, բացի մեդալներից ու պատվոգիր-շնորհակալագրերից, ուսուցիչների համար պատրաստել էր նաեւ ծաղկեփնջեր ու զանազան գրքերի մի տրցակ: Նախարարի մոտ հյուրընկալված ուսուցիչներն ու տնօրենները հիմնականում ընտրվել էին մարզպետարանների կրթության վարչության կողմից, նաեւ՝ տնօրենների երաշխավորությամբ: Ներկաներից միայն մեկ տնօրեն էր ՕԵԿ անդամ: Նարինե Հովհաննիսյանը վստահ է, որ հավաքվել են իսկապես արժանավորները. «Որովհետեւ երբ զանգում եմ մարզպետարաններ, հենց այդ պահին անուններ չեն տալիս. եթե այդ վայրկյանին են տալիս, անկեղծ չի լինում, իսկ այս անունները նրանք մոտ 4 օրից տվեցին: Եվ այսօր էլ նրանց հետ խոսելիս զգացի, որ իսկապես արժանավորներն են եկել: Եթե ուսուցիչը դպրոցի շրջանակից դուրս հայտնի է դառնում, ուրեմն նա արդեն պատահական ուսուցիչ չէ»: Թիվ 74 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սուսաննա Մալոյանին պատվոգրի համար երաշխավորել էր ոչ թե նրա տնօրենը, այլ քաղաքապետարանի կրթության վարչությունը: Տիկին Մալոյանից հետաքրքրվեցինք՝ աշակերտներից Մարտի 8-ի կապակցությամբ ինչ նվերներ է ստանում. «Բացարձակ նվերներ չենք ստանում, ընդունված չէ, չգիտեմ՝ ինչ լուրեր են, կարող եք հետեւողական լինել եւ համոզվել: Գոնե ես իմ պրակտիկայում նման բան չեմ կիրառել»: Տիկին Մալոյանին նույնիսկ իր դասղեկական դասարանը նվերներ չի մատուցում: Եղվարդի թիվ 2 դպրոցի անգլերենի ուսուցչուհի Գոհար Բեգլարյանը երեկ նախարարությունում էր՝ դպրոցական խորհրդի ու մարզպետարանի երաշխավորությամբ: Նրա բառերով, իբրեւ երիտասարդ ուսուցչուհի, որոշել են քաջալերել, մանավանդ որ՝ օրերս օլիմպիադայում իր առարկայի գծով բարձր արդյունքներ են գրանցվել: Գ. Բեգլարյանը դպրոցում, բացի ծաղկեփնջից ու շնորհաշատ աշակերտների ձեռքի գործերից, այլ նվեր չի ստանում: Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Ասյա Ղազարյանը երեկ նախարարից ոսկե մեդալ ստացավ: Ըստ տնօրենի՝ իրեն ոչ ոք էլ չի երաշխավորել. «Կարծում եմ՝ նախարարությունն է գնահատել իմ աշխատանքը: Մինչ օրս նման առիթ չի եղել, որ հավասարվենք դպրոցների տնօրեններին եւ մեզ գնահատեն այնպես, ինչպես այսօր»,- ասում էր Ա. Ղազարյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել