Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորում

Մարտ 10,2006 00:00

Կարեւորում են այն, ինչ ոտնահարել են Ազգային անվտանգության հայեցակարգի նախագծին այս գնահատականն է տալիս ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հեռակա հրավեր հղեց ընդդիմությանը՝ իրենց առաջարկները ներկայացնել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները» հրապարակված փաստաթղթի վերաբերյալ, որ հիմք է ընդունվել անվտանգության հայեցակարգի համար: «Չեմ կարծում, որ ընդդիմության կամ դիմության համար հատուկ հրավեր պետք է արվեր: Ով կցանկանա՝ խնդրեմ»,- ասել էր Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստին հետեւած մամուլի ասուլիսի ընթացքում, խոստանալով, որ եթե ընդդիմադիրներն ունենան կոնկրետ առաջարկներ, ապա նրանք կհրավիրվեն հանձնաժողովի նիստին եւ կներկայացնեն այդ առաջարկները: Մեր հարցին, թե մտադի՞ր են հետեւել այս հրավերին՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց, թե իրականում իրենց չեն էլ հրավիրել, սա ըստ էության՝ հրավերի ձեւ չէ: Առնվազն պետք էր հրապարակային հայտնել այդ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի եւ քննարկումների մասին: Իսկ ընդհանուր առմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշների» վերաբերյալ Ստեփան Դեմիրճյանի գնահատականն էր. «Այդ փաստաթղթում ամեն ինչ շատ գեղեցիկ է ձեւակերպված. մասնավորապես՝ ներքին անվտանգության բնագավառում կարեւորվում են ժողովրդավարացումը, քաղաքացիների սահմանադրական իրավունքների ապահովումը, կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարը, օրենքի առջեւ բոլորի այդ թվում՝ պաշտոնատար անձանց հավասարությունը… Այս ամենը ձեւակերպված է շատ ճիշտ եւ իսկապես կարեւոր է: Սակայն ամբողջ հարցն այն է, որ այս ամենը ներկայացվել է այն վարչախմբի կողմից, որը զանգվածաբա՛ր է խախտել քաղաքացիների սահմանադրական իրավունքները, որն ինքը խրվա՛ծ է կոռուպցիայի մեջ: Վարչախմբի կողմից, որն իրականում խոչընդոտում է ժողովրդավարացմանը, երկրում ձեւավորել է կլանային համակարգ եւ սպասարկում է դրա շահերը: Այսինքն՝ անվտանգության համար շատ կարեւորվում է այն ամենը, ինչն այս իշխանությունները խախտել ու ոտնահարել են տարիներ շարունակ: Եզրակացությունն ակնհայտ է եւ միանշանակ՝ այս վարչախումբն իր գործունեությամբ լրջորեն սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Եվ մեր ազգային անվտանգության ապահովման համար առաջնահերթ խնդիր է այս վարչախմբից ձերբազատվելը եւ բացառելը դրա վերարտադրությունը»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել