Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ

Մարտ 10,2006 00:00

Ո՞Վ է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԵՐԱԾ ՓՈՂԵՐԸ Վարդենիսի պատգամավոր Հակոբ Հակոբյանի կառուցածը բանի պետք չէ Մոտ տասը տարի առաջ «վերանորոգված» Գյումրիի Կամոյի 48 ա շենքի բնակիչները շարունակում են կառավարությունից պահանջել շենքի դուռ-լուսամուտն ու ուղիղ պատերը: Բանն այն է, որ նոր վերանորոգված կառույցը սկսել է արագ տեմպերով քայքայվել՝ բացարձակապես չտարբերվելով քաղաքի աղմուկ հանած վթարայիններից: Բնակիչների ասելով՝ տան փոխարեն իրենց «գոմ» է հրամցվել: Oրինակ՝ շինարարները բավարարվել են սենյակների հատակին հող լցնելով՝ հեռանալ, «լուսամուտներն» էլ ավելորդ ծախս համարելով՝ «մոտիկ գեղերի գոմերից են թռցրել ու տեղադրել»: «Պատկերացրեք, որ լուսամուտը կա, իսկ վրայի ֆոռտուշկեքը չկան, կամ ո՞վ է տեսել, որ տանդ լուսամուտի վրա ստիպված լինես գրել՝ լուսամուտը չբանալ՝ վտանգավոր է»,- ձեռ են առնում բնակիչները: Ըստ բողոքավորների՝ իրենք շնորհակալ կլինեին, եթե պրծնեին «անտիկվար» դուռ ու լուսամուտով: Շինարարները նրանց գլխին պատուհաս են դարձրել նաեւ փտած ջրագծերը, կոյուղագծերը, կառույցն էլ հանդիսավոր ձեւով շահագործման է հանձնվել՝ հոսանքի մալուխները թողնելով բաց վիճակում: Զարմանալին այն է, որ կառուցող առաջին կազմակերպության՝ «Արպ-Անիգ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Գինոսյանի բանտարկվելուց հետո, երկրորդ կապալառու կազմակերպությունը՝ «Արփա-Սեւան» ՓԲԸ-ն եւս շարունակել է նույն քաղաքականությունը: Դեռ մի բան էլ տեղի իշխանավորները կարմիր «լենտ» են կտրել՝ շինարար ընկերությանը հատուկ շնորհակալություն հայտնելով ու խաբված բնակիչներին «ավերակների» բանալիներ հանձնելով: Հիշեցնենք, որ «Արփա-Սեւանի» տնօրենը ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է: Դժգոհողների ներկայացնելով, այդ օրվանից իրենք դարձել են բողոք գրելու վարպետ՝ փոփոխվող քաղաքաշինության նախարարին, վարչապետին, քաղաքապետին ու մարզպետին: Այս ընթացքում միակ ձեռքբերումն այն էր, որ նախագահ Քոչարյանը քաղաքաշինության նախկին նախարար Դավիթ Լոքյանի հետ եկավ, կառույցը տեսավ ու խնդրին հետեւելու խոստում տալով՝ հեռացավ: Իմիջիայլոց, կառույցի անորակ շինարարությունը ապշեցրել է նաեւ մասնագետներին: Վարչապետի հանձնարարականով քաղաքաշինության նախարարությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում կազմվել է ոչ մի դրական բառ չպարունակող արձանագրություն. «Անբավարար է իրականացվել օբյեկտի տեխնիկական հսկողությունը (ՍՊԱԾ հյուսիսային դեպարտամենտ), պատվիրատուի կողմից չի իրականացվել բավարար վերահսկողություն: Ամրացման հիմնական աշխատանքները կատարող՝ «Արպ-Անիգ» ՍՊԸ տնօրեն Ս. Գինոսյանը եւ աշխատանքները շարունակող ու ավարտող «Արփա-Սեւան» ՓԲԸ կապալառու կազմակերպությունները կատարել են խիստ անորակ եւ թերի աշխատանքներ: Մարզային ու քաղաքային իշխանությունների համապատասխան ծառայությունները շահագրգիռ մոտեցում չեն ցուցաբերել իրենց տարածքում իրականացվող շինարարության նկատմամբ: Շենքի ամրացման աշխատանքները, առանց ընդունման-հանձնման ակտի, շարունակել ու ավարտել է «Արփա-Սեւան» ՓԲԸ-ն»: Չնայած նման փաստաթղթին՝ քաղաքաշինության նախարարությունը շարունակում է հակասական որոշումներ կայացնել՝ մեկ որոշել է հանձնարարել շինաշխատանքներն իրականացնող կազմակերպությանը՝ վերացնել թերությունները, մեկ էլ հրաժարվում է՝ պատճառաբանելով ֆինանսական սղությունը: Այս մասին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին ուղղված գրության մեջ դժգոհում է նաեւ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: «Շենքը հանձնելու մութ ու խավար տարիներին մեզ համոզում էին ըմբռնումով մոտենալ, ընդառաջեցինք ու կրակն ընկա՞նք»,- ասում են բնակիչները՝ սրտնեղելով, որ իրենց անհրապույր կառույցը «Լինսի» նորակառույցների ուղիղ կենտրոնում է: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031